Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բացահայտվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր

268
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 11:15
Բացահայտվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առևտրային կամ այլ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն ուրիշ անձանց օգտին օգտագործելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչը, Բելգիայում բնակվող իր եղբոր խնդրանքով, վերջինիս կողմից հիշյալ երկրի քաղաքացիություն ստանալու և առողջական խնդիրների բուժման գործընթացը երկարաձգելու նպատակով, խոստացել է ՀՀ պատկան մարմիններից ձեռք բերել և տրամադրել առողջության և Արցախի Հանրապետությունում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր:

Այս նպատակով՝ նախնական համաձայնության է եկել Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքի նախագահի հետ և անձամբ ԵԿՄ զինանշանով ձևաթղթի վրա տպագրել է եղբոր կողմից Արցախի Հանրապետությունում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, որը ստորագրվել և հաստատվել է ԵԿՄ կնիքով:

Նույն ժամանակահատվածում դիմել է նաև ՀՀ-ում գործող առողջության կենտրոններից մեկի ղեկավարին և ստացել եղբոր առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկանք:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: