«Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով». «Թաթոյան» հիմնադրամ
96
Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ., 11:24
«Արման Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է Տավուշում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները․«ՀՀ կառավարության հայտարարած՝ Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում․ • Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո • Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո • Աճարկուտ տանող ճանապարհը հայտնվում է ադրբեջանական զինված դիտարկման ներքո • Ոսկեպարի ճանապարհի առանձին հատվածներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո • Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին. ադրբեջանական անմիջական զինված թիրախի ներքո լինելու պատճառով մարդիկ չեն կարողանալու այցելել եկեղեցի • Ոսկեպարում, Կիրանցում ու այլ գյուղերում քաղաքացիական տներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո • Ադրբեջանական զինված ծառայողներն այս դիրքերից ժամանակ առ ժամանակ կրակում են միջպետական ճանապարհի Բաղանիսի հատվածում՝ քաղաքացիական մեքենաների ուղությամբ: ՀՀ կառավարության հայտարարած փոփոխությունների հեռանկարում նրանք ավելի են մոտենում ճանապարհին • Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերը զրկվելու են ճանապարհից՝ հայտնվելու են մեկուսացման մեջ • Կայանը չի ունենա կենսական պայմաններ և այլընտրանքային ճանապարհ, ինչի պատճառով կդադարի, որպես բնակավայր, գոյություն ունենալուց • Կայանով ընթացող ճանապարհի փակվելու պատճառով Այգեհովիտը և Վազաշենը տնտեսական և անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելու • Այգեհովիտում սահմանային փոփոխություններից հետո գյուղը կզրկվի հողատարածքներից և արոտավայրերից։ Հետևաբար, մարդիկ այլևս չեն ունենա գյուղատնտեսական գործունեության այդ տեսակներով զբաղվելու հնարավորություն. այն կա՛մ կվերանա, կա՛մ էականորեն կնվազի • Վազաշենի՝ Հայաստանի տարածք կազմող հողատարածքները շարունակում են մնալ ադրբեջանական օկուպացիայի ներքո • Առաջ է գալու Սաթլմիշ կոչվող բարձունքի հարց։ Եթե ադրբեջանական զինված ծառայողներ հայտնվեն այս բարձունքի վրա, ապա ուղիղ վերահսկողության տակ կվերցնեն ոչ միայն Ազատամուտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան գյուղերը, այլև Երևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհը։ • Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապահով չի սահմանափակվելու։ • Այս հատվածով են անցնում Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակության գազատարը, ինտերնետ կապի մալուխները և այլն • Ոսկեպարում խմելու և ոռոգման ջրի ակնունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Բնակիչներից շատերը ստիպպված են լքելու իրենց տները, բնակավայրը։ • Ոսկեպարի սահմանային փոփոխությունները լուրջ սպառնալիք են ստեղծելու Հայաստանի այդ ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։ Վտանգվելու է միջպետական նշանակության ճանապարհն առհասարակ։