Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Շարժումը գլխավորած առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված». Դավիթ Անանյան

277
Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 02:06
«Շարժումը գլխավորած առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված». Դավիթ Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատմական իրադարձությունների ներկա պահին, երբ ալեկոծվում են ազգային ակունքներին վերադառնալու ցանկության ալիքները, Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը դառնում է համազգային ու համահայաստանյան համախմբման ու հայրենասիրական զարթոնքի ու ընդվզման մի իսկական փարոս։ Եվ այդ փարոսն է, որին փայփայելով ու սատարելով՝ կարծես բոլորով ճիգ ենք գործադրում վերագտնելու այն, ինչ վերջերս համարում էինք առհավետ կորսված։
Սակայն այս համազգային և համահայաստանյան ոգևորությունը մյուս կողմից լուրջ պատասխանատվություն է դնում Բագրատ Սրբազանի և «Տավուշյան շարժման» մյուս առաջնորդների վրա։ Ռազմավարական ծրագրավորված ու չափորոշված մոտեցումներն ու քայլերը պետք է զուգահեռվեն հուզական տրամադրությունների կառավարման հետ, ինչն այս պահին ոչ միայն առաջնային ու հրամայական է, այլև հստակորեն հանդիսանում է շարժման հնարավոր մարումն ու անբարենպաստ հետևանքները կանխելու երաշխիք: Միաժամանակ, կարևոր է նաև չկորցնել երկարաժամկետ հեռանկարը՝ հօգուտ կարճաժամկետ հուզական ձեռքբերումների: Զգացմունքները, թեև զանգվածների հզոր շարժիչ ուժ են, այնուամենայնիվ, պահանջում են հստակ կառավարում, քանի որ մեր՝ ոչ վաղ անցյալում քիչ չեն օրինակները, երբ ազնիվ ժողովրդական ցասումներն ու ըմբոստությունները անզուսպ ու անկառավարելի հույզերի և պրագմատիկ առաջնորդության բացակայության պատճառով վեր են ածվել քաոսի, այնուհետև մարել են՝ առաջացնելով հանրային հիասթափություն։
Ուստի Սրբազանի և նրա գլխավորած շարժման հաջողության գրավականը հավասարակշռված ռազմավարությունն է, որը հաշվի կառնի յուրաքանչյուր քայլի և՛ անմիջական, և՛ երկարաժամկետ հետևանքները: Այս առումով փոխզիջումային լուծումներ են անհրաժեշտ հայրենասիրության կրակի և իրատեսական քաղաքականության սառը հաշվարկի միջև։ Սա պահանջում է քաղաքական տեսության, պրակտիկայի խորը ըմբռնում և, մյուս կողմից՝ զգայունություն մարդկային զգացմունքների և կարիքների նկատմամբ:
Այլ կերպ ասած, Բագրատ Սրբազանի և շարժումը գլխավորած մյուս առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված․ մի կողմից պահպանել հայրենասիրության և իդեալիզմի այն կայծերը, որոնք գրավում են ժողովրդին, մյուս կողմից՝ մնալ զգոն ու պրագմատիկ։ Դա սրտի և մտքի միջև հավասարակշռող գործողությունն է, որը որոշում է քաղաքական առաջնորդության իմաստությունն ու արդյունավետությունը»:

Աղբյուրը`   Դավիթ Անանյան