Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

«Առանց խղճի խայթ զգալու դեմ քվեարկել նախագծին». Բաբկեն Թունյան

131
Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ., 15:05
«Առանց խղճի խայթ զգալու դեմ քվեարկել նախագծին». Բաբկեն Թունյան

ԱԺ-ն սեպտեմբերի 9-ի նիստում քննարկվեց ԲՀԿ խմբակցության առաջարկը՝ ՀՀ «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին»: Խմբակցությունն առաջարկում էր գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50% վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց բնակլիմայական աղետի տարվա համար անշարժ գույքի հարկի արտոնություն տալ: Ըստ նախագծի հեղինակների՝ յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության գյուղատնտեսական տարածքների 10-15%-ը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը 80-100% է:
Քննարկմանը «Իմ քայլի» կողմից գնահատական հնչեց, թե օրենսդրական նախաձեռնությունն անհասցե է: Դրան ի պատասխան, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նկատեց. «Սա գյուղատնտեսության մեջ իրական հեղափոխություն իրականացնելու մաս նախագիծ է: Ուսումնասիրել ենք միջազգային փորձը, առանձին տարածաշրջանի ու համաշխարհային փորձը: Որ երկրներում գյուղանտնտեսության ոլորտում մեղմել են հարկային քաղաքականությունը, այդ երկրները սրընթաց գյուղատնտեսական աճ են արձանագրել»:
ԲՀԿ պատգամավորը որպես գյուղատնտեսական զարթոնք ապրած երկրներ մատնանշեց Վրաստանը, Նիդերլանդներն ու Չինաստանը:
«Եթե մենք ուզում ենք ՀՀ-ում գյուղատնտեսությանը զարկ տալ, ապա պետք է այս օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տանք»,- պնդեց Վ. Էնֆիաջյանը:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ նախագծի նպատակը բարի է, իսկ իրականացման ձևը՝ չար:
«Այս նախագիծը բյուջեի միջոցներն անհարկի վատնելու է: Եթե, օրինակ, հիմք վերցնենք 2018թ. կարկտահարության ծավալները, ապա այս նախագիծն ընդւնելու դեպքում պետությունը պետք է 120 մլն դրամ հարկից հրաժարվեր: Բայց այդ հարկից հրաժարվելու համար կրկնակի-եռակի վարչական ռեսուրս էր ծախսվելու»:
Նա գյուղացուն նման կերպ օգնություն տրամադրելը համեմատեց գյուղացուն 100 դրամ օգնություն տալու համար 2 հազար դրամ ծախսելու հետ: Ըստ նրա՝ այդ օրինագիծը նաև հակասոււմ է սոցիալական պետության գաղափարախոսությանը, որովհետև այն գումարը, որը պետք է իրական օգնությանը տրամադրվեր, տրվում է վարչական ապարատին: «Այդ օրինագծի ընդունմամբ վնաս ենք տալու համայնքների բյուջեներին»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը:
Նա կոչ արեց «առանց խղճի խայթ զգալու դեմ քվեարկել նախագծին, որովհետև դա մեզ ազատելու է գյուղատնտեսական տնտեսություններին վնաս պատճառելու վտանգից:

Քվերարկությունը կսկսվի ընդմիջումից հետո: