Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ.

«Պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի մեր սիրելի հայրենակիցներին ապաշրջափակել Ամուլսար տանող բոլոր ճանապարհները». ՀՀ վարչապետ

157
Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ., 11:45
«Պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի մեր սիրելի հայրենակիցներին ապաշրջափակել Ամուլսար տանող բոլոր ճանապարհները». ՀՀ վարչապետ

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կրկին անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին:

Նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն բնապահպանական խնդիրներին այլև՝ տնտեսական ռիսկերին և պետության անվտանգությանը:

«Ենթադրեք ասում ենք՝ ուղղակի թույլ չենք տալու որ շահագործվի՝ բնապահապանական խնիրներից ելնելով: Շատ պարզ հարց է ծագում. ապա ինչո՞ւ ենք թույլ տալիս որ Զանգեզուրի կամ Թեղուտի հանքը շահագործվի. արդյոք դրանք գործո՞ւմ են բոլոր ստանդարտներով: Խնդիր կարող է առաջանալ, որ ցուցաբերում ենք խտրական մուտեցումներ Ամուլսարի դեպքում»,-նշեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ չի կարելի արհամարհել երկրի տնտեսության և արտաքին անվտանգության խնդիրները, ինչպես նաև՝ բնապահպանական ռիսկերը:

«Հիմա անում եմ առաջարկները, թե մենք այս իրավիճակը ոնց կառավարենք և ոնց դուրս գանք իրավիճակից. առաջինը՝ ես ուզում եմ ևս մեկ անգամ Ջերմուկի մեր սիրելի հայրենակիցներին խնդրել պաշտոնապես որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները: Եթե ճանապարհը բաց լինի, «Լիդիան»-ի շինարարական աշխատանքները մյուս տարվա ապրիլից շուտ, միևնույն է, չեն սկսվի՝ եղանակային պայմաններից ելնելով: Մենք հնարավորություն ունենք հանդարտ պայմաններում, առանց լարվածության բոլորիս հարցերի պատասխանները ստանալ: Այդ ճանապարհի փակ լինելը հենց այսօր միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի տեսակետից Հայաստանի համար լրջագույն պրոբլեմներ է առաջ բերում՝ ստեղծելով Հայաստանի վարկանիշի անկման շատ կոնկրետ հնարավորություն»,-ընդգծեց նա:

Եթերի ընթացքում վարչապետը նշեց նաև, որ հանձնարարական է տվել Բնապահպանության տեսչական մամնին Ամուլսարում սկսել ստուգումներ՝ ստանալու համար Շրջակա միջավայրի նախարարության հարցերի պատասխանները: