Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Երևանի քաղաքապետարանը տարեկան 231.6 մլն դրամի խնայողություն կանի

279
Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 21:35
Երևանի քաղաքապետարանը տարեկան 231.6 մլն դրամի խնայողություն կանի

Երևանի ավագանու՝ մայիսի 8-ի նիստի օրակարգում է «Երևան քաղաքի ավագանու 2018 թ. հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Դրանում նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի և Երևանի ենթակայության որոշ կազմակերպությունների կառուցվածքների օպտիմալացման գործընթացի առաջին փուլի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել և վերլուծվել են Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջանների և հիշյալ կազմակերպությունների, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատակցի կողմից իրականացվող գործառույթները:

Վերոհիշյալ ուսումնասիրությունների արդյունքում առաջարկվում է Երևանի քաղաքապետարանի կառուցվածքում և հաստիքացուցակում կատարել համապատասխան փոփոխություններ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, հաշվի առնելով սպորտի և երիտասարդության ոլորտների փոխկապվածությունը՝ միավորվել են սպորտի և երիտասարդության հարցերի բաժինները, ինչպես նաև զորահավաքային բաժինը, որը գործում էր քարտուղարության կազմում, առանձնացվել է քարտուղարությունից և դարձել առանձնացված բաժին:

Երևանի Ավան, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններն առաջարկել են վերամիավորել կրթության, մշակույթի և սպորտի ու սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինները, իսկ Նոր Նորք վարչական շրջանը նաև կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման ու քաղաքաշինության և հողօգտագործման բաժինները, ինչպես նաև վերանվանել եկամուտների հաշվառման և հավաքագրման ու ֆինանսական բաժինները՝ համապատասխանաբար եկամուտների հաշվառման, հավաքագրման և վերլուծության ու ֆինանսաբյուջետային բաժինների: Հիշյալ բաժինների միավորումը պայմանավորված է դրանց գործառույթների փոխկապակցվածությամբ:

Իսկ Երևանի Կենտրոն վարչական շրջանի կողմից առաջարկվել է առանձնացնել առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինը՝ ստեղծելով առևտրի և սպասարկումների ու գովազդի բաժիններ, որը պայմանավորված է հիշյալ ոլորտների գործառույթների և կանոնադրական խնդիրների էական տարբերությամբ, որն իր հերթին կբարձրացնի արտաքին գովազդի ոլորտում վերահսկողությունը և աշխատանքների արդյունավետությունը:

Օպտիմալացման գործընթացի շրջանակներում իրականացվող փոփոխություններիարդյունքում Երևանի քաղաքապետարանի համակարգում (քաղաքապետարան և ենթականկազմակերպություններ) նախատեսվել է 62.5 հաստիքային միավորի կրճատում՝ ամսական 3624.8 հազ. դրամ աշխատավարձի ֆոնդով: Երևանի ենթակայության կազմակերպություններում առաջարկվում է կրճատել 169 հաստիքային միավոր (ամսական 21135.3 հազ. դրամ): Կրճատում է նախատեսված նաև Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակում:

Վերոհիշյալ փոփոխություններով պայմանավորված վերջնական արդյունքում նախատեսվում է Երևան համայնքի բյուջեի միջոցների խնայողություն տարեկան 231.6 մլն դրամի չափով: