Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«ԵԱՏՄ-ում մեզ համար առաջնահերթ հարցերից մեկը բնական գազի, էլեկտրաէներգիայի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծումն է». Փաշինյան

305
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 21:20
«ԵԱՏՄ-ում մեզ համար առաջնահերթ հարցերից մեկը բնական գազի, էլեկտրաէներգիայի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծումն է». Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ խոսել է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի առաջնահերթությունների մասին. «Եվրասիական տնտեսական միությունում առաջնահերթ հարցերից մեկը մեզ համար բնական գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի, ապագայում նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումն է: Իհարկե, քննարկումներն այդ հարցի շուրջ շարունակվում են. մենք այդ հարցը քննարկում ենք և՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակում, և՛ երկկողմ ձևաչափով: Հուսով եմ՝ այդ գործընթացը կհասնի իր նպատակին, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, դա շատ կարևոր է Եվրասիական տնտեսական միության համար, որովհետև, ինչպես գիտեք, գազի և էներգառեսուրսների գները շատ կոնկրետ ազդում են ապրանքների ինքնարժեքի վրա, և այդ նյուանսը շատ կարևոր է ընդհանուր տնտեսական տարածքի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մյուս առաջնահերթությունը թվային օրակարգն է. «Կարծում եմ, որ թվայնացումն իրապես կմոտեցնի մեր տնտեսությունները և իրական հնարավորություններ կստեղծի մեր երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ համագործակցության համար: Իհարկե, կան նաև շատ այլ կարևոր հարցեր, բայց Եվրասիական տնտեսական միության զարգացման և հետագա ընդլայնման, մյուս երկրների համար Միության գրավչության բարձրացման և արդեն անդամ երկրների համար Միության արդյունավետության բարձրացման տեսանկյունից այս հարցերը, իմ կարծիքով, ամենակարևորն են»,- եզրափակել է Հայաստանի վարչապետը: