Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Գաբրիել Ղազարյանը սկանդալի շուրջ հայտարարություն է տարածել

400
Ուրբաթ, 12 ապրիլի, 2019 թ., 14:25
Գաբրիել Ղազարյանը սկանդալի շուրջ հայտարարություն է տարածել

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը հայտարարություն է տարածել՝ մարմնամարզության աշխարհում ծագած սկանդալի շուրջ, «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի խմբերն իրենց մարզումներն անցկացնում են Հայաստանի խուլերի միավորման մարզադահլիճում:
Նախարարության կողմից մարզադահլիճի վարձակալման համար տրամադրված գումարը Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը սահմանված կարգով և ժամանակին փոխանցում է խուլերի միավորմանը: Սակայն այդ կազմակերպության ղեկավարների անձնական անհաշտության և անհամաձայնությունների պատճառով պարբերաբար ձախողվում են շուրջ 350 մարզիկների մարզումները: Ցավոք, այդ անհաշտությունը գնալով ավելի ու ավելի վատ դրսևորումներ է ստանում՝ վեճ, ծեծկռտուք, փոխադարձ վիրավորանքներ, ինչի հետևանքով տուժում են մարզիկները, որոնց թույլ չեն տալիս շենք մտնել և մարզվել:
Նախարարությունը տեղյակ է ստեղծված տհաճ իրավիճակին: Խնդրին լուծում տալու, մարզիկների մարզական գործընթացը չխաթարելու նպատակով մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել միավորման ղեկավարության հետ՝ առաջարկելով տարաձայնությունների լուծման ուղիներ, սակայն ապարդյուն: Հանդիպումները կամ քննակումները մնում են անհետևանք և մտնում են փակուղի:
Վտանգի տակ է հայտնվել 2019 թվականի ապրիլի 18-ից 21-ը Երևանում կայանալիք գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարը, որը նախատեսված է անցկացնել խուլերի միավորման մարզադահլիճում:
Ցավոք, խուլերի միավորման ղեկավարության անձնական տարաձայնությունների պատճառով կարող է տուժել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը: Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարներին սթափվելու և խելամտության կոչ եմ անում: Ի վերջո, ցանկացած անհաշտություն, այդ թվում նաև անձնականը, կարելի է և պե՛տք է լուծել իրավական դաշտում»: