Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ծանրամարտը կարող է զարգանալ Արցախում». Նազիկ Ավդալյան

298
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 16:10
«Ծանրամարտը կարող է զարգանալ Արցախում». Նազիկ Ավդալյան

Փետրվարի 22-ին Արցախի հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին, ով տասնօրյա ժամկետով Արցախում է՝ Արցախի ծանրամարտի ասոցիացիայի հրավերով:

Ողջունելով հյուրին՝ Նարինե Աղաբալյանն ասել է, որ արցախցիները միշտ հպարտացել են ծանրորդուհու հաջողություններով ու ձեռքբերումներով:

«Դուք ձեր անցած ուղով ցույց եք տվել, որ պետք է ձգտել ու հասնել վերջնական հաղթանակի՝ կարողանալով հաղթահարել բոլոր փորձություններն ու անհաջողությունները: Մենք սպորտը դիտարկում ենք ոչ միայն որպես մարզումների միջոցով կոփվելը, այլև օլիմպիական սկզբունքների դաստիարակումը»,- մասնավորապես ասել է ԿԳՍ նախարարը և հավելել, որ պետական քաղաքականության շնորհիվ վերջին տարիներին մարզական կյանքն Արցախում ավելի է աշխուժացել, ինչի արդյունքում տարբեր մարզաձևերից Արցախն ունի խոստումնալից մարզիկներ:

Նազիկ Ավդալյանը վստահեցրել է, որ մարզիկի և մարզչի իր փորձը սիրով կփոխանցի արցախցի երեխաներին։ «Սպորտը մարդու մեջ բնավորություն է ձևավորում, կամքի ուժ, ձգտում՝ դեպի վերջնական նպատակ: Սպորտում հաղթանակներ գրանցելու համար առաջին հերթին անհրաժեշտ են կամային որակներ, համապատասխան մարզագույք, հատուկ վերաբերմունք մարզիկների նկատմամբ։ Ծանրամարտը կարող է զարգանալ Արցախում։ Այստեղ կան խոստումնալից, հրաշալի երեխաներ»,- ասել է ծանրորդուհին և ընդգծել, որ ինքը պարբերաբար կլինի Արցախում ու կաշխատի օգնել արցախցի մարզիկներին:

Հանդիպման վերջում Նարինե Աղաբալյանը Նազիկ Ավդալյանին խորհրդանշական նվերներ է հանձնել և հրավիրել ամռանն Արցախում կայանալիք ԿոնԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությանը։