Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է ՀՖԿՍՊԻ-ի ուսանողների հետ

294
Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 22:00
Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է ՀՖԿՍՊԻ-ի ուսանողների հետ

Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է բուհի ուսանողների հետ։
Հունվարի 25-ի Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի ժամանակ Արսեն Ջուլֆալակյանը, անդրադառնալով ՀՖԿՍՊԻ-ի ուսանողական խորհրդի անդամներից մեկի՝ ուսանողներին հանդիպելու և նրանց հետ անմիջական շփումներ ունենալու առաջարկին, պատրաստակամություն է հայտնել պարբերաբար քննարկումներ կազմակերպելու ուսանողների հետ:
Ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպմանը ներկաներին ողջունել է ՀՖԿՍՊԻ-ի ուսանողների հետ կապված հարցերով ռեկտորի խորհրդական Հակոբ Հակոբյանը:
Շնորհակալություն հայտնելով խորհրդի նախագահին հանդիպումը նախաձեռնելու և իրականացնելու համար՝ Հ. Հակոբյանը ընդգծել է, որ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Ջուլֆալակյանի՝ խորհրդի նախագահ ընտրվելու փաստը բուհում առաջացրել է մեծ ոգևորություն և արթնացրել հույս ու հավատ, որ Ջուլֆալակյանի նախագահությամբ կիրականացվեն ֆիզիկական կրթության ու սպորտի զարգացմանը նպատակաուղղված քայլեր ու ծրագրեր:
Պատասխանելով ուսանողների հարցերին ու անդրադառնալով բուհերի տված գիտելիքներին՝ Արսեն Ջուլֆալակյանը շեշտել է, որ ժամանակակից ուսանողը պետք է խստապահանջ լինի առաջին հերթին ինքն իր նկատմամբ, պետք է պայքարի ոչ թե բավարար, այլ որակյալ կրթություն ստանալու համար:
Այս առումով Ա. Ջուլֆալակյանը հորդորել է ուսանողներին բուհում անցկացրած իրենց ժամանակը տնօրինել խելամտորեն, սովորել օտար լեզուներ, զարգացնել իրենց մասնագիտական ունակությունները:
Խորհրդի նախագահի ընդգծմամբ՝ ներկա ժամանակներում հաջողության ու ձեռքբերումների հիմքում լավ կրթությունն է: Ա. Ջուլֆալակյանը շեշտել է նաև գիտելիքները կիրառական դաշտ բերելու անհրաժեշտությունը:
Քննարկելով ոչ օլիմպիական մարզաձևերի ֆինանսավորման անհրաժեշտությունը՝ մարզիկների՝ Ազգային բանակ զորակոչմանը, ուսանող-մարզիկների գործունեությանը վերաբերող հարցեր՝ Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել է բարձրաձայնված խնդիրների լուծման հեռանկարային ուղղությունները և հավաստիացրել, որ Ազգային ժողով պատվիրակված է իր գործունեությամբ նպաստելու ֆիզիկական կրթության և սպորտի ոլորտում առկա բացթողումների ու խոցելի կողմերի հաղթահարմանը:
Քննարկման ավարտին Ա. Ջուլֆալակյանը նշել է, որ, որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ, իր բոլոր որոշումները միտված են լինելու մրցունակ բուհական կրթական համակարգի զարգացմանը և խոստացել, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական: