Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների հարցերին

583
Չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ., 23:20
Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների հարցերին

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Reddit»-ում պատասխանել է երկրպագուների հարցերին:

-Խաղի ընթացքում միշտ առաջնորդվում եք նախապես մշակած մարտավարությամբ, թե՞ փորձում եք ձևավորել սեփականը:

- Խաղից առաջ պլան ունես, բայց միշտ չէ, որ այն աշխատում է այնպես, ինչպես նախատեսել էիր: Դուք պետք է շատ արագ մտածեք և որքան հնարավոր է շուտ որոշում կայացնեք: Եթե դուք միայնակ եք և ձեր առջև կանգնած է մրցակցի պաշտպանը, դուք մտածելու շատ ժամանակ չունեք: Աշխատել եմ 10 մարզիչների գլխավորությամբ: Բոլորը տարբեր էին: Շատ բան եմ նրանցից սովորել՝ ինչպես լեզու գտնել մարզչի հետ, ինչպես աշխատել նրա հետ: Շնորհակալություն յուրաքանչյուրին այդ փորձի համար:


- Տարբեր դիրքերում եք խաղացել։ Ո՞ր դիրքում եք խնդիրներ ունեցել և ո՞ր դիրքն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
- Ինձ ավելի շատ դուր է գալիս խաղալ կենտրոնում, քան եզրերում, սակայն եզրերում խաղալիս շարժվում եմ այլ մարտավարությունով: Կարևորը խաղալն է, կարևոր չէ, թե որ դիրքում: Ցանկանում եմ որքան հնարավոր է շատ օգնել թիմին, որպեսզի հայրենակիցներս հպարտանան ինձնով:


- Կպատմե՞ք «Yo Pierre!» տեսանյութի ամբողջ պատմությունը: Ինչպիսին էր Ձեր արձագանքը, երբ իմացաք, որ Օբամեյանգը միանալու է «Արսենալ»-ին:
- Երբ ես նկարահանեցի այդ տեսանյութը, նա դեռ 100 տոկոսով չէր տեղափոխվել «Արսենալ»: Տեղափոխվելու դեպքում ցանկանում էինք նմանատիպ տեսանյութ ունենալ: Համաձայնեցի և ուրախացա: Երբ լսեցի, որ նա տեղափոխվում է, պարզապես ասացի. «Հեյ, Պիեր, դու ուզո՞ւմ ես տեղափոխվել»:


- Յոթ լեզվի տիրապետելն օգնո՞ւմ է հանդերձարանում, թե՞ բոլորի հետ շփվում եք անգլերենով:
- Լավ է, որ տիրապետում ես տարբեր լեզուների, սակայն դա երբեմն շփոթեցնում է քեզ: Երբ դու ցանկանում ես տվյալ լեզվով համապատասխան բառ գտնել՝ խճճվում ես: Դժվար է իմանալ տարբեր լեզուներ:


- Բացի մարզումներից և խաղային տեսանյութերի վերանայումից, որքա՞ն ժամանակ եք տրամադրում ֆուտբոլին:
- Շատ եմ մտածում ֆուտբոլի մասին: Մտածում եմ, թե ինչ եմ անում մարզումների ժամանակ, ինչն էր վատ, և ինչն էր լավ: Մտածում եմ, թե ինչ կարող եմ ավելի լավ անել: Ֆուտբոլային շատ հանդիպումներ եմ դիտում: Չեմ կարծում, որ մարզման ժամանակ կարող եմ դա անել, այդ պատճառով հետո եմ մտածում: Մարզման և հանդիպումների ժամանակ ամեն ինչ շատ արագ է կատարվում:


- Սպասո՞ւմ էիք, որ «Արսենալ»-ում կվերամիավորվեք Օբամեյանգի և Սոկրատիսի հետ:
- Երբեք չէի մտածի, որ կրկին նրանց հետ կխաղամ: Երազանքս էր նրանց հետ մի թիմում խաղալը, սակայն չէի կարծում, որ դա տեղի կունենա: Ուրախ եմ նրանց տեսնել այստեղ: Նրանք յուրահատուկ են ինձ համար: Շատ էի տխրել, երբ հեռացել էի Դորտմունդից: Սակայն սա ֆուտբոլ է: Աշխարհը փոքր է և մենք կրկին միասին ենք:


- Ո՞րն է Ձեր ամենասիրելի լեզուն և ո՞րն է Ձեզ համար ամենաբարդը:
- Կարծում եմ՝ ամենաբարդն ինձ համար գերմաներենն է, քանի որ այդ լեզուն հիմնովին չգիտեի: Գերմաներենը սովորել եմ ինքնուրույն: Արել եմ դա թիմակիցներիս և մարդկանց հետ ավելի հեշտ շփվելու համար: Ամենահեշտը հայերենն է, քանի որ իմ մայրենի լեզուն է: Դպրոցում ուշադրություն չեմ դարձրել անգլերենի վրա, քանի որ սովորել եմ ֆրանսերեն: Եվրոպական ակումբ տեղափոխվելու երազանքի հետ մեկտեղ սկսել եմ անգլերեն սովորել: Անհատական պարապմունքներ եմ ունեցել, սակայն Ուկրաինա տեղափոխվելուց հետո չեմ օգտվել անգլերենից: Անգլերենը հարկավոր է եղել Գերմանիայում:


- Մինչև 23 տարեկանների թիմի դեմ կայացած վերջին խաղում կարողանո՞ւմ էիք տեսնել մրցակցի կիսադաշտը:
- Չէի կարողանում տեսնել վերջին 10 րոպեներին: Ցավոք, երկրորդ խաղակես չանցկացրինք: Մեկ ու կես ժամ անց եղանակը բացվեց, սակայն մրցավարը հանդիպումը դադարեցնելու որոշումն արդեն կայացրել էր:


- Ֆուտբոլային մարզիչ եմ, որը մարզում է պատանի ֆուտբոլիստների: Նրանք ցանկանում են լսել Ձեր խորհուրդը՝ ուղղված պատանի ֆուտբոլիստներին:
- Ամենակարևորը հավատն է: Հավատ սեփական ուժերի նկատմամբ: Եթե դուք մեկ անգամ սխալվել եք, դա չի նշանակում, որ դուք վատ ֆուտբոլիստ եք: Դուք պետք է շարունակեք աշխատել: Դուք պետք է հավատաք այն ամենին, ինչ անում եք և երբեք չհանձնվեք: Պարտությունով ամեն ինչ չի ավարտվում: Պարտությունը սովորեցնում է: Փորձեք հաղթել հաջորդ խաղում:


- Ո՞րն է Ձեր ամենասիրելի հանդիպումը:
- Կարծում եմ՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը: Սիրելի խաղն է, քանի որ հենց այդ խաղում նվաճեցի Եվրոպա լիգայի գավաթը: Բացի այդ, ես դարձա առաջին հայ ֆուտբոլիստը, որը նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը: Հուսով եմ՝ «Արսենալ»-ում սիրելի շատ հանդիպումներ կունենամ:


- Ո՞ւմ հետ կցանկանայիր հանդես գալ նույն թիմում:
- Լավ ֆուտբոլիստներ շատ կան, սակայն ես կցանկանայի հանդես գալ հորս հետ միասին: Կարծում եմ՝ լավ թիմակիցներ կլինեինք: Հաճելի կլիներ խաղալ նրա հետ: Ես միշտ դիտել եմ նրա խաղը տեսաերիզներով: Բոլորն ասում են, որ նա լավ ֆուտբոլիստ է եղել:


- Հանդիպումներից առաջ լարվածություն զգո՞ւմ եք, թե՞ հոգեբանորեն պատրաստ եք յուրաքանչյուր խաղի:

- Երբեմն լարվածություն կա, սակայն խաղադաշտ դուրս գալուց և գնդակին դիպչելուց անմիջապես հետո սկսում եք մտածել խաղի մասին: Ինչպես արդեն ասացի, միշտ չէ, որ նախապես մշակված մարտավարությունն աշխատում է:


- Ինչպե՞ս հարմարվեցիք Անգլիայի Պրեմիեր լիգային: Դժվա՞ր էր Բունդեսլիգայից հետո:

- Բունդեսլիգան և Անգլիայի Պրեմիեր լիգան տարբեր առաջնություններ են: Կարծում եմ, որ Բունդեսլիգայում շեշտը դնում են կարգապահության, մարտավարության և թիմային խաղի վրա: Պրեմիեր լիգայում ավելի շատ շեշտը դրված է տեմպի, անհատական որակների, արագության և ֆիզիկականի վրա: Սկզբում շատ բարդ էր, սակայն աստիճանաբար հարմարվեցի:


- Ձեզ դո՞ւր է գալիս «System of a Down» երաժշտական խումբը:

- Ռոք չեմ լսում, սակայն սիրում եմ նրանց, քանի որ հայ են:


- Ձեզ անանասով պիցցա դուր գալի՞ս է:

- Չեմ սիրում, երբ քաղցրը խառնում են պիցցայի հետ:


- Թաքնված տաղանդ ունե՞ք:

- Թաքնված տաղանդ չունեմ: Կցանկանայի ունենալ ու կցանկանայի, որ դրա մասին ոչ ոք չիմանար, սակայն ունենալու դեպքում էլ կցանկանայի հենց ինքս իմանալ, թե ի՞նչ տաղանդ է դա:


- Ինչպե՞ս է ազդում սոցիալական մեդիան ֆուտբոլիստների վրա: Մեկնաբանություններ կարդո՞ւմ եք:

- Սոցիալական կայքերում քննադատություններ չեմ կարդում: Չեմ կարդում, քանի որ յուրաքանչյուր անձ ունի իր սեփական կարծիքը: Որոշները կարող են ճիշտ լինել, իսկ որոշները՝ ոչ: Իմ խաղի առաջին քննադատը ես եմ: Գիտեմ, թե երբ կարող եմ ավելի լավը լինել և հակառակը: Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս խաղադաշտ, նվիրվում եմ 100 տոկոսով:


- Եթե ոչ ֆուտբոլիստ, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

- Չգիտեմ ինչու, բայց կցանկանայի իրավաբան լինել:


- Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Անգլիայում:

- Դպրոցում սովորելու տարիներին միշտ աչքի տակ էին լինում Լոնդոնի և Մեծ Բրիտանիայի նկարները: Միշտ տպավորված եմ եղել այս երկրով: «Արսենալի» երկրպագու լինելով՝ միշտ երազել եմ լինել այստեղ՝ Լոնդոնում: Միակ բանը, ինչն ինձ դուր չի գալիս, եղանակն է և տրանսպորտային երթևեկությունը:


- Ո՞րն է Ձեր ամենասիրելի հայկական ուտեստը:

- Հայկական բոլոր ուտեստներն էլ սիրում եմ: Թե՛ խորոված, թե՛ խաշ, և այլն...


- Լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ երբևէ խաղացել եք:

- Լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել եմ, Մեսսին է: Կցանկանայի նշել նաև Անդրեա Պիրլոյին և Խավիին: