Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հրապարակվել են հայկական ֆուտբոլի սկանդալներից մեկի՝ մինչ օրս անհասանելի գաղտնալսումների սղագրությունները

442
Շաբաթ, 02 փետրվարի, 2019 թ., 19:05
Հրապարակվել են հայկական ֆուտբոլի սկանդալներից մեկի՝ մինչ օրս անհասանելի գաղտնալսումների սղագրությունները

Օրերս հայտնի են դարձել հայկական ֆուտբոլի պատմության ամենամեծ սկանդալների մեկի՝ «Ուլիս»-ի պայմանավորված հանդիպումների վերաբերյալ սկանդալի նոր մանրամասները։ 2018-ի դեկտեմբերին ավարտվել էր գործի քննությունը և «Հետք»-ին էր տրամադրվել ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված գործի 6 հատորները: «Հետք»-ը հրապարակել է գործի հետ կապ ունեցող ձայնագրությունների սղագրությունները։

Հիշեցնենք, որ պայմանավորված խաղերի հարցով «Ուլիս»-ի նկատմամբ գործ հարուցելու համար ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմում է գրել ԱԱԾ-ին, ինչից հետո ԱԱԾ-ն դատարանից թույլտվություն է ստացել գաղտնալսել «Ուլիս» ակումբի գլխավոր բաժնետեր Վալերի Հովհաննիսյանին (ՌԴ քաղաքացի), ֆուտբոլիստներ Պապին Թևոսյանին, Գոռ Մարտիրոսյանին, Հայկ Հունանյանին, ինչպես նաև խաղադրույքներ ընդունող Էդգար Պետրոսյանին և քաղաքացի Գարիկ Բոշյանին: 2015 թվականի նոյեմբերին ԱԱԾ-ն հաղորդել է, «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև:

Դեկտեմբերի 24-ին «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորվել են՝ ավելի ուշ արձակվել են չհեռանալու մասին ստորագրությամբ։ Հունվարի 13-ին կալանավորվել են նաև մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, ովքեր ավելի ուշ ազատ են արձակվել։

Դրանից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս անդրադարձել է այս միջադեպին՝ նշելով, որ ԱԱԾ-ն զբաղվում է հետաքննությամբ և նա չի կարող մանրամասներ հայտնել։

Միջադեպից առաջ և հետո «Ուլիս»-ը նախ լքեցին լեգեոներները, ապա նաև հիմնական թիմի ֆուտբոլիստների մեծ մասը։ Պատճառը ֆինանսական էր․ ակումբի բոլոր աշխատակիցները ամիսներ շարունակ աշխատավարձ չէին ստանում։

2016-ի փետրվարի 3-ին ակումբը հայտարարել է լուծարման մասին՝ պատճառ բերելով «ապօրինի ձերբակալությունները»։

Այսօր արդեն հասանելի են ձայնագրությունների սղագրությունները, որոնք ներկայացնում ենք ստորև՝

«Արարատ»-«Ուլիս» (3-1) հանդիպման վրա խաղադրույք կատարողներից մեկը եղել է «Ուլիս»-ի կիսապաշտպան Արման Թությանը, ով արդյունքում շահել է 814 դոլար։ Ահա նրա և Հայկ Հունանյանի զրույցի գաղտնալսման մի հատվածի սղագրությունը․

Թության- Ասում եմ, ընգեր, տայմը 1,5 բոլշեն (նկատի ունի, որ առաջին կեսում նվազագույնը 2 գոլ կխփվի):
Հունանյան- Տայմը 1,5 բոլշե՞ն: Արմ ջան, էտի շատ վատ բան ա, կյանք: Էտի նշանակում ա՝ մենք 2 գոլ պիտի թողենք էլի:
Թության- Հա, ի՞նչ գիտես չենք խփի, է:
Հունանյան- Արա, դե, ընգեր, հորս արեւ, բա որ խոսքի չկարենանք խփենք, պտի՞ թողնենք, ջիգյար:
Թության- Հա, «Արարատը» քո ասելով էդքան լոխ ա, չի կարենա խփի՞:
Հունանյան- Դե, մի երկու հատ կարող ա չկարենա, խի՞ պտի կարենա որ: Ու նույն բանն ե՞ն, Արման, ասում (նկատի ունի մյուս խաղընկերներին- հեղ.):
Թության- Ապեր, սաղս խոսքի էտի համաձայն էինք, ես քեզի զանգում եմ, ոնց որ… չեմուչումդ կապել ես, հա՞:
Հունանյան- Չեմուչումդ կապելս ո՞րն ա… Կարող ա՞ ջոկել ես լակոտ ենք:

«Արարատ-2»-«Ուլիս-2» (2-1) հանդիպման վերաբերյալ Արման Թությանի և Հայկ Հունանյանի զրույցի գաղտնալսման մի հատվածի սղագրությունը․

Թության- Հորս արեւ, գիտե՞ս ինչ ա տալի 1,9 կաեֆիցենտը:
Հունանյան- Ի՞նչ:
Թության- Որ երկու գոլով չենք կրվի:
Հունանյան- Լուրջ ե՞ս ասում:
Թության- Հորս արև:
Հունանյան- Յա, բա դրանից էլ հիասքանչ բան:
Թության- Ասե՞նք Վարդանին… դնի:
Հունանյան- Ըհը, ըհը:
Թության- Տղերքն էլ սաղ համաձայն են, ես, դու, Կարենչիկը, Արտուրիկն ենք հըլը որ:

«Արարատ»-«Ուլիս» հանդիպման վերաբերյալ «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանի և խաղադրույքներ ընդունող Էդգար Պետրոսյանի զրույցի գաղտնալսման մի հատվածի սղագրությունը․

Խաղը մեկնարկից՝14:00-ից րոպեներ առաջ՝ 13:44-ին, Արա Ազարյանը զանգել է Էդգար Պետրոսյանին․
Ազարյան- Հեսա մտնում են ռազդեվալկա, ես Արմանչիկին (նկատի ունի Ա. Թությանին- հեղ.) ասել եմ՝ տղերքի հետ մի հատ խոսա, էլի, հենց խոսա, Արմանչիկը սաաբշենի ղրգի, մի բան խփի… ինձ ղրգի սաաբշենի, լա՞վ:
Պետրոսյան- Լավ, Արա ձյա… հենց ղրգի: Քո համար ի՞նչ եմ խփում (խփել ասելով՝ նկատի ունի խաղադրույք անելը- հեղ.):
Ազարյան- Դե կասի Արմանչիկը: Ես սկամեյկա եմ նստելու, չենք զանգվելու, էլի, իրար:

13:59-ին Ազարյանը նորից է զանգել.

Ազարյան- Էս տղերքը չզանգի՞ն քեզ:
Պետրոսյան- Չէ:
Ազարյան- Արա, կպել են ինձի, ասում են՝ ինչ կլինի, զանգի ասա թող դնի, էլի, 3,5 մեկը (նկատի ունի խաղադրույքը, որ հանդիպմանը 3,5 գոլից ավելի կխփվի, այսինքն՝ կլինի նվազագույնը 4 գոլ- հեղ.)…
Պետրոսյան- Ինչքա՞ն:
Ազարյան- 3,5, ինչքա՞ն կարաս:
Պետրոսյան- Հեսա հասնեմ մի հատ տալդա տեղ նստեմ ստեղ ու…
Ազարյան- Ինձի սաաբշենի կգրես, հա՞:

14:06-ին Արա Ազարյանը կրկին զանգել է.

Ազարյան- Ինչ-որ բան կարում ե՞ս…
Պետրոսյան- Դրել եմ, որ խփեն, հիմա սպասում եմ իրանց պատասխանին:
Ազարյան- Ես ուղղակի սկամեյկա չեմ գնացել նստել, սպասում եմ զանգիդ, նոր էթամ նստեմ սկամեյկա, էլի: Ինչքանի՞ց կզանգես:
Պետրոսյան- Դրել եմ, ես հիմա դրել եմ, որ խփեն, իրանց ասել եմ խփել:
Ազարյան- Հա էլի, որ ես տղերքին պտի նշմար անեմ, էլի:
Պետրոսյան- Լավ:
Ազարյան- Լավ, ապեր:
Պետրոսյան- 1000 է՞ին ուզում բոլշե:
Ազարյան- Հը՞: Հա: