Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Կարծում եմ՝ դրական ձեռքբերումներ ենք ունենալու մեր ֆուտբոլում». Արթուր Վանեցյան

261
Ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ., 14:35
«Կարծում եմ՝ դրական ձեռքբերումներ ենք ունենալու մեր ֆուտբոլում». Արթուր Վանեցյան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շրջայցից հետո ԱԱԾ տնօրեն և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է նաև ֆուտբոլին և ՀՖՖ գործունեությանը վերաբերող հարցերին։ Հարցին, արդյոք ճիշտ են լուրերն այն մասին, որ ՀՖՖ-ում չարաշահումներ են եղել և հիմա ստուգումներ են իրականացվում, Վանեցյանը պատասխանել է․

«Նման բան չեմ կարող ասել, որ նախկին ղեկավարների չարաշահումներն ենք բացահայտում։ Նոր ղեկավարություն է եկել, իսկ ֆուտբոլի ֆեդերացիան մեծ տնտեսություն ունի։ Իհարկե, այդ տնտեսությունն ստուգվում է, նայվում է՝ ինչն է պակաս։ Ես չեմ ասում, որ պակաս բան կա, վատնած գումարներ։ Ո՛չ, դա սովորական գործընթաց է, որ պետք է նոր ղեկավարությունն անի։ Ֆուտբոլի ֆեդերացիայում շատ մեծ աշխատանքներ ենք կատարում։ Կարծում եմ՝ դրական ձեռքբերումներ ենք ունենալու մեր ֆուտբոլում։ Լրջագույն մասնագետներ ենք ներգրավել ինչպես արտասահմանից, այնպես էլ Հայաստանից՝ ֆուտբոլը զարգացնելու համար։ Կարծում եմ՝ առաջիկա մի քանի տարիներին ունենալու ենք լուրջ արդյունքներ։ Շինարարություն ենք անելու, կառուցելու ենք շորջ 700 փոքր դաշտեր՝ հանրապետության ողջ տարածքում, որպեսզի մասսայականացնենք ֆուտբոլը։ Դրա հետ մեկտեղ կառուցելու ենք ֆուտբոլային դպրոցներ, նոր ակադեմիա, մարզադաշտ։ Դա շատ մեծ գումարների հետ է կապված։ Ուզում եմ ասել, որ դա հանրության կողմից քննադատության առիթ է դարձել։ Նշում են, որ այդ գումարը պետք է այլ բանի վրա ծախսենք։ Ուրեմն ՀՖՖ-ի ֆինանսավորումը ՀՀ բյուջեից կազմում է 0 դրամ։ ՀՖՖ-ն ՀՀ պետական բյուջեից որևէ գումար չի ստանում, ընդհակառակը՝ վճարում է հարկեր և լցնում ՀՀ պետական բյուջեն։ ՀՀՖ-ն գումարներն ստանում է ՖԻՖԱ-ից և ՈՒԵՖԱ-ից, ինչպես նաև իր կողմից իրականացվող միջոցառումներից ստանում է շահույթ։ Եթե որևէ մեկը կասի այդ գումարները ուրիշ տեղ ծախսեք, չենք կարող ծախսել, քանի որ գումարները տրվում են նպատակային։ Մենք պետք է համոզենք մարդկանց, որ կարողանանք այդ գումարները Հայաստան բերել»։

Խոսելով «Հրազդան» մարզադաշտի ճակատագրի մասին՝ Վանեցյանը նշել է․ ««Հրազդան մարզադաշտից ես պարոն Աղաբաբյանի հետ մեկ անգամ հանդիպել եմ, պետք է ևս մեկ անգամ հանդիպեինք, բայց զբաղվածությանս պատճառով չստացվեց։ Առաջիկայում կհանդիպենք և կփորձենք որևէ խելամիտ լուծում գտնել՝ մարզադաշտի հետ կապված»։

Անդրադառնալով լեգեոներների խնդրին՝ Վանեցյանը նշեց, որ տեսակետ չի հայտնի, սակայն ուրախ է, որ այդ հարցը մեծ քննարկում է առաջացրել։ Նա նշել է, որ կլսեն բոլոր կարծիքները և հավասարակշիռ որոշում կընդունեն։