«Ոտքի վրա արված հարկային փոփոխություններ պետք չեն». Էռնեստ Ղազարյան
![]() Հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ Առաջարկվող փոփոխությունները որակապես բավականին թույլ են ներդրումային միջավայրում դրական տեղաշարժերի հանգեցնելու կամ ազգային տնտեսության մրցունակությունը բարձրացնելու առումով: Այս նախագիծը ոչ միայն չի նպաստում ՀՀ օրենսդրությամբ գործող անկատար հարկային մեխանիզմների բարելավմանը, այլև ներառում է աղավաղումներ, խութեր, անարդյունավետ ու քողարկված լուծումներ, որոնք, բնականաբար, բացասաբար կանդրադառնան երկրում տիրող գործարար մթնոլորտի վրա, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների առումով: Վերոնշյալ տեսակետը կհիմնավորենք առաջարկվող փոփոխությունների բովանդակային վերլուծությամբ, հնարավոր հետևանքների գնահատմամբ՝ 1. Առաջարկվում է ԱԱՀ-ի շեմը բարձացնել, 58.35 մլն-ի փոխարեն սահմանել 115 մլն ՀՀ դրամ: Ըստ նախագծի՝ այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2019-ի ընթացքում: Այս փոփոխությունը, ուժի մեջ մտնելով 2019-ի ընթացքում, կարող է հանգեցնել անարդար դրսևորումների որոշակի տնտեսավարող սուբյեկտների հանդեպ: Այն սուբյեկտները, որոնք հիմնական գործարքները կիրականացնեն 2019-ի առավել վաղ շրջանում, հավանական է կդառնան ԱԱՀ վճարող՝ հատելով 58.35 մլն շեմը, ի տարբերություն այնպիսինների, որոնք իրենց հիմնական գործարքները կիրականացնեն տարվա երկրորդ կեսին՝ 115 մլն շեմի պայմաններում: Ստացվում է, որ նույն 2019-ի ընթացքում մի սուբյեկտ, ունենալով 70 մլն շրջանառություն, կարող է կրել ԱԱՀ վճարելու որոշակի բեռ, իսկ մեկ ուրիշը՝ 100 մլն շրջանառության պայմաններում՝ ոչ մի դրամ ԱԱՀ չվճարել: Առաջարկում ենք՝ 2. Առաջարկվում է վերացնել եկամտային հարկի պրոգրեսիվ բնույթը, համատարած սահմանել 23% դրույքաչափ: Այս փոփոխությունը անարդյունավետ է, չհիմնավորված և տրամագծորեն հակասում է ի վերուստ սահմանված նպատակներին: Նախագծի հեղինակները իրենց հիմնավորման մեջ ակամայից վեր են հանում այն արատավոր երևույթները, որոնք առկա են եկամտային հարկի հարկման մեխանիզմում: Նախ հիշեցնենք, որ, ըստ օրենսդրության, եկամտային հարկ վճարում են ֆիզիկական անձինք, իսկ կազմակերպությունները հանդես են գալիս ընդամենը որպես հարկային գործակալ: Փորձելով համահարթեցնել եկամտային հարկի և շահութահարկի + շահաբաժնի հարկի դրույքաչափերը, ըստ էության, խոտովանում են, որ իրական կյանքում բազմաթիվ կազմակերպություններ իրենք իրենց հաշվին են վճարում եկամտային հարկը: Սա նշանակում է, որ մեր երկրում եկամտային հարկը հաճախ գործում է իր տրամաբանությանը հակառակ՝ էականորեն ավելացնելով բիզնեսի իրական հարկային բեռը: Նախագծի հիմնավորման մեջ կա անուղղակի խոստովանություն, որ առայժմ չի ստացվում արդյունավետ վարչարարությամբ հասնել աշխատավարձերի իրական չափերի հայտարարագրմանը, և դրույքաչափերի համահաթեցման այս ճանապարհով փորձ է արվում գործարարին համոզել ստվերի՝ այսուհետ աննպատակահարմար լինելու հարցում: Մինչդեռ պետք է հաշվի առնել, որ եկամտային հարկն ընթացիկ հարկ է, վճարվում է ամեն ամիս, ի տարբերություն շահութահարկի, որի հաշվարկը և վճարումը կատարվում է տարեկան կտրվածքով: Ուստի գործարարները կշարունակեն թերհայտարարագրման գործելաոճն անկախ 28% կամ 23% լինելու հանգամանքից՝ փորձելով շահութահարկը կամ շահաբաժնի հարկը խնայել այլ ծախսատեսակների հաշվին: Վերոնշյալ խնդիրները նորույթ չեն մեր իրականության մեջ և պահանջում են առավել հիմնարար լուծումներ, քան առաջարկվում է նախագծում: Առաջարկում ենք՝ 3. Առաջարկվում է նվազեցնել շահութահարկի դրույքաչափը, սահմանել 18% գործող 20 %-ի փոխարեն: Առաջին հայացքից բարի թվացող այս փոփոխությունը գնահատելու համար կարիք կա մի փոքր վերլուծել շահութահարկի էությունը, գործող հարկման համակարգը, «քարացած» դրույքաչափ կիրառելու էֆեկտիվությունը և, իհարկե, «նորաթուխ» շահաբաժնի հարկի հետ միևնույն համատեքստում: Ի գիտություն նախագծի հեղինակների՝ շահութահարկի դրույքաչափի և բեռի առումով ՀՀ-ն գտնվում է շատ բարենպաստ հորիզականներում, ինչում կարելի է համոզվել առավել խորն ուսումնասիրելով համաշխարհային իրականությունն ու պարբերաբար հրապարակվող միջազգային ուսումնասիրություններն ու զեկույցները: Զարգացած երկրներում (ԱՄՆ, Ավստրալիա, Գերմանիա, Շվեյցարիա և այլն) որպես կանոն գործում է ձեռնարկությունների շահույթի հարկման պրոգրեսիվ համակարգ և հարկային բեռը միջինում տատանվում է 30-40% սահմաններում: Այս նախագծով, ըստ էության, առաջարկվում է ձեռնարկությունների համախառն շահույթի նկատմամբ կիրառել մոտավորապես 22% հարկման դրույքաչափ, որից շահութահարկը 18%, դիվիդենտ հարկը՝ մոտ 4% համախառն շահույթի նկատմամբ (համարժեք է զուտ շահույթի նկատմամբ 5%): Բնավ կարիք չկա ընկղմվել բառախաղի մեջ, ըստ որի դիվիդենտից եկամտային հարկը հարկվում է ոչ թե ձեռնարկությունից այլ ձեռնարկության սեփականատիրոջից, քանզի ցանկացած գործարարի մոտիվացիան ձեռնարկություն հիմնելիս հանդիսանում է հնարավոր զուտ շահույթի առկայությունը և դրա ստացումը դիվիդենտի տեսքով: Հետևաբար այս համատեքստում ցանկացած լրացուցիչ հարկատեսակ, որն ի հայտ կգա զուտ շահույթի ձևավորման ճանապարհին, գործարարը կամ ներդրողը արդարացիորեն հաշվի է առնելու հարկային միջավայրը գնահատելիս: Ձեռնարակատերը և ձեռնարկությունը, թեև իրավաբանորեն հանդիսանում են առանձին սուբյեկտներ, սակայն զուտ շահույթի ձևավորման և հարկման հետևանքների առումով կրում են նույնական ազդեցություն: Շահութահարկը՝ որպես հիմնական կորպորատիվ հարկատեսակ, գրավիչ է դառնում գործարարի, ներդրողի աչքերում ոչ միայն իր ցածր անվանական դրույքաչափի պարագայում, այլ նաև ճկուն և արդար մեխանիզմների կիրառման արդյունքում, ինչպիսիք բացակայում են մեր երկրում: Առաջարկում ենք՝ 4. Առաջարկվում է օտարերկրյա քաղաքացիներին շահաբաժնից հարկել 5% եկամտային հարկով գործող 10 % փոխարեն: Տնտեսապես թույլ զարգացած երկրներում, ինչպիսին նաև, ցավոք, մեր երկիրն է, շահաբաժնի հարկի առկայությունը ներդրողի, գործարարի աչքերում վանող բացասական երևույթ է: Այստեղ խնդիրը միայն ֆինանսական մասով չէ, քանզի օտարերկրյա ներդրողի համար բարոյահոգեբանական առումով անընդունելի է ռիսկի դիմել՝ ներդրում կատարելով աղքատ երկրի տնտեսության մեջ և բացի սահմանված հարկերը վճարելուց, վերջում հարկվել նաև դիվիդենտից: Սա այն դեպքում, որ մի շարք պետություններ իրենց տնտեսական զարագացման ճանապարհին (օրինակ՝ Սինգապուրը, ԱՄԷ) օտարերկրյա ներդրողներին առհասարակ ազատում էին հարկերից, իսկ մենք բացի այն, որ նման ճոխություն չենք կարող առաջարկել, մի հատ էլ հարկում ենք արդեն իսկ հարկված շահույթը: Չմոռանանք որ մեր նման երկրներում ներդրումների ձախողման ռիսկը բարձր է, իսկ դա գիտի նաև ներդրողը: Այս համատեքստում այնքան էլ շատ բան չի փոխվի օտարերկրացուն 5% հարկելու պարագայում: Շահաբաժնի վճարման և հարկման հսկողության հետ կապված ևս առկա են օրենսդրական անորոշություններ: Շահաբաժին հայտարարելը և ստանալը ՍՊ ընկերությունների դեպքում իրենց իրավունքն է: Այն դեպքերում, երբ ընկերության մասնակիցներն իրականում ստանում են շահաբաժին առանց պաշտոնական ձևակերպման, ինչ մեխանիզմներով է այդ փաստը հայտնաբերվելու և ապացուցվելու ստուգող մարմնի կողմից, այնքան էլ հստակ չէ: Վերոնշյալ կարգավորման բացակայությունը կարող է հանգեցնել սուբյեկտիվ շահարկումների: Շահաբաժնի հարկը լրացուցիչ բեռ կդառնա հանրային սննդով զբաղվող սուբյեկտների համար, քանզի վերջիններս գործում են հիմնականում շրջանառության հարկի հարկման դաշտում և շահութահարկի 2% բարեփոխումն իրենց վրա չի անդրադառնում: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում հանրային սննդի ոլորտը ցնցվեց՝ հարկային բեռի մի քանի անգամ ավելացմամբ: Առաջարկում ենք՝ 5. Առաջարկվում է կիրառությունից հանել արտոնագրային հարկով հարկման համակարգը: Արտոնագրային հարկն ի սկզբանե նախատեսված է եղել առավել դժվար վերահսկելի գործունեության ոլորտների հարկումը կանոնակարգելու նպատակով: Արտոնագրային հարկի կիրառությունից հանելու հիմնական դրդապատճառը պայմանավորված է ոչ արդյունավետ բանաձևերի առկայությամբ, որի արդյունքում գործունեության որոշ տեսակներ անհիմն գերհարկվում են, իսկ որոշների մասով՝ պետությունը չի կարողանում իրացնել հարկման իրական պոտենցիալը: Որպես թերհարկման օրինակ կարող ենք բերել հանրային սննդի ոլորտը, իսկ գերհարկման՝ ատամնաբուժական, ատամնատեխնիկական ոլորտը: Փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ խաղային բիզնեսը կտեղափոխվի ընդհանուր հարկման դաշտ, արտոնագրային ներքո գործող մնացած տնտեսավարող սուբյեկտները հավակնում են աշխատել շրջանառության հարկով: Շրջանառության հարկի համակարգը բավականին նպաստավոր է ստվերի աճի համար ի տարբերություն մյուս հարկման համակարգերի, քանզի հարկի առաջացումը պայմանավորված է միայն մեկ՝ իրացման գործարքով: Հաշվի առնելով, որ մի շարք ոլորտներում՝ վարսավիրանոցներում, ատամնաբուժարաններում, ավոտեխսպասարկման կայաններում, գործարքների մեծ մասը բաժին է ընկնում հիմնական հաճախորդներին, հնարավոր է դառնում էական կրճատմամբ հայտարարագրել գործարքների իրական ծավալը: Անհասկանալի է նաև, թե ի՞նչ տրամաբանությամբ է որոշվել խորհրդատվական, հաշվապահական, աուդիտորական մատուցողներին արգելել շրջանառության հարկով աշխատել, իսկ ակցիզային հարկով հարկվող ապրանքներ ներմուծողներին կամ արտադրողներին ընձեռել նման հնարավորություն: Այսպիսով՝ արտոնագրային հարկի վերացմամբ շրջանառության հարկի հարկման համակարգը հավակնում է դառնալ ամենապրոբլեմատիկ ու խառնիճաղանջ հարկման համակարգը, որն արդյունավետ վերահսկելու համար պետությունից կպահանջվեն լրացուցիչ վարչարարական ռեսուրսներ: Առաջարկում ենք՝ 6. Առաջարկվում է կիրառությունից հանել ակցիզային հարկի հաշվարկման տոկոսային սկզբունքը, կիրառել միայն արժեքային սկզբունքը: Որոշ ապրանքատեսակների հարկման բազան մեծացնել, իսկ գազավորված շաքարային ըմպելիքները այսուհետ հարկել ակցիզային հարկով: Այս փոփոխության արդյունավետությունը և հնարավոր հետևանքները դժվար է գնահատել, քանզի պատկան մարմիններն իրենց հիմնավորման մեջ թվային ցուցանիշներ չեն ներկայացրել: Ակնհայտ է, որ պետության հարկային մուտքերն այս մասով կավելանան մի կողմից, իսկ ակցիզային հարկով հարկվող ապրանքների գերակշիռ մասն էականորեն կթանկանա մյուս կողմից: Հաշվի առնելով, որ ակցիզային հարկն անուղղակի հարկ է, հարկային բեռի ավելացումը իրենց «մաշկի» վրա կզգան վերջնական սպառողները, այսինքն՝ ազգաբնակչությունը: 7. Առաջարկվում է ներդնել միկրոձեռնարկատիրության ինստիտուտը: Սա թերևս փոփոխությունների այս փաթեթի ամենալուսավոր կետն է: Միկրոձեռնարկատերերն ազատվում են գրեթե բոլոր հարկերից, վարձու աշխատողների համար՝ ամսական վճարում են հինգ հազար ՀՀ դրամ որպես վերջնական հարկային պարտավորություն: Միկրոձեռնարկատեր հանդիսանալու համար պետք է բավարարել տարեկան 24 մլն իրացման ընդհանուր շրջանառությունը չգերազանցելու պահանջին: Հիմնարար հարկային բարեփոխումների դեպքում գուցե և հնարավոր կդառնա ընդլայնել միկրոձեռնարկատեր համարվելու շրջանակները: Առաջարկում ենք՝ Հ.Գ. Տնտեսական հեղափոխության ճանապարհին հարկավոր են իրական, հիմնարար հարկային բարեփոխումներ՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան: Հպանցիկ, անորակ փոփոխությունները կարճ ժամանակ անց առաջ են բերում վերանայման անհրաժեշտություն, որն իր բացասական հետևանքն է թողնում գործարար միջավայրի և ներդրումային գրավչության առումով:
Ձեռնարկությունների խմբի ֆինանսական ղեկավար, |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
