Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյան, մենք գիտենք, որ Հայկ Մարությանն անում է այն, ինչ Դուք եք ասում». առևտրականներ

420
Չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ., 15:40
«Նիկոլ Փաշինյան, մենք գիտենք, որ Հայկ Մարությանն անում է այն, ինչ Դուք եք ասում». առևտրականներ

Կառավարության դիմաց այսօր իրենց բողոքի ակցիան են շարունակել փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները: Նրանք ուզում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկայացնել իրենց պահանջները:

«Մարդիկ իրենց հանապազօրյա հացն են ուզում վաստակել, մամուլում գրում են, թե ծախված ենք: Ո՞վ է ծախված, ո՞ւմ կողմից ենք ծախված: Առաջին ծախվածն իրանք են, եթե ծախված լինեինք՝ էս պետության համար ոչ մի բան չէինք ուզի անել: Թողեք աշխատենք, ապրենք, մեր երեխեքին պահենք, ավել բան չենք ուզում: Դուք ասում եք՝ գնացեք մեռեք, մենք ասում ենք՝ ուզում ենք աշխատել, չենք ուզում մեռնել»,- բողոքում էին առևտրականները:

«Նիկոլ Փաշինյան, մենք գիտենք, որ Հայկ Մարությանն անում է այն, ինչ դուք եք ասում: Էս խեղճ, քյասիբ ժողովուրդն ա՞ ձեր գերխնդիրը, էլ բանուգործ չունե՞ք, որ հացից եք կտրում:

Ամեն տեղ գնացել ենք, խնդրել ենք, որ քաղաքակիրթ ձևով մի տեղ տան՝ կանգնենք, աշխատենք: Մենք այդքան մեծ հնարավորություններ չունենք, որ գնանք, խանութ վերցնենք, աշխատենք, խանութ սարքենք, այդ իսկ պատճառով խնդրում ենք կառավարության աջակցությունը»,- ասաց առևտրական մի կին:

«Քանի օր է էստեղ ենք, մեկը չի բարեհաճում գալ՝ ո՛չ կառավարությունից, ո՛չ քաղաքապետարանից»,- ասաց բողոքողներից մյուսը:

Մեկ ուրիշն էլ հիշեցրեց՝ «Հայկ Մարությանը, որ հասել ա էդ պաշտոնին, մեր շնորհիվ ա հասել: Էսքան ժողովուրդը խնդրում է, որ դուրս գա, մեզ լսի, կամ մի հինգ հոգու ասի՝ մեզ լսեն, չի անում, ոչ էլ թողում են ներս մտնենք»:

Հուսահատված ցուցարարները շարունակեցին. «ՀՀԿ-ին ընտրեցինք՝ սխալվեցինք, իրենց ընտրեցինք, էլի սխալվեցինք...»:

Վերջինները չմոռացան նաև քաղաքապետարանի կողմից գնված տոնածառի մասին. «Տոնածառ եք դնում 70 մլն-ոց, բայց մեր զավակները քնում են առանց տոնածառի, առանց հացի: Միլիոններով փողերը դուք եք ուտում, թողեք մի 1000 դրամ էլ մենք տուն տանենք»: