Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի ԱԱՀ-ից

390
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 14:55
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի ԱԱՀ-ից

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։ Օրինագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարծիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Արտոնությունը կգործի մինչև 2022թ-ը: Օրենքի նախագծով նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև ՀՀ էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդները) կիրառման ավելացումը կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը։

Օրինագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, ներկայացվել են տեսակետներ և առաջարկություններ:

«Աշխարհը գնում է այդ ճանապարհով և ակնհայտ է, որ 20,30 տարի հետո տրանսպորտային միջոցների կեսից ավելին լինելու են էլեկտրոմոբիլները: Մենք ուզում ենք այդ տեխնոլոգիայի ներկրումը խթանենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ցանկացած տեխնոլոգիա իր հետ հարակից ինչ-որ արդյունքներ է բերում և պետք է մտածել դրանք կառավարելու մասին: