Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Արամ Ոսկանյանը՝ Բելգիայում անցած վերապատրաստման մասին

327
Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 17:20
Արամ Ոսկանյանը՝ Բելգիայում անցած վերապատրաստման մասին

Դեկտեմբերի 16-ից 23-ը «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը վերապատրաստում է անցել բելգիական «Սենտ Թրույդեն» ակումբում: Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում մեր մարզիչն ամփոփել է Բելգիա կատարած ճանաչողական այցը:

«Բելգիա կատարած ճանաչողական այցը շատ հետաքրքիր անցավ: Ամեն օր ներկա էի գտնվում «Սենտ Թրույդեն»-ի պատանեկան, երիտասարդական և գլխավոր թիմերի մարզումներին, շփվում էի մարզիչների հետ, մասնակցում էի մարզումային պրոցեսին: Կարող եմ ընդգծել ակումբի ճիշտ մենեջմենթը, ֆուտբոլիստների կազմակերպվածությունն ու կարգապահությունը՝ բոլոր առումներով: Հենց այդ փաստը ոչ միայն «Սենտ Թրույդեն»-ի, այլև՝ ամբողջ բելգիական ֆուտբոլի զարգացման գրավականներից մեկն է:

Մշտական կապի մեջ էի ակումբի տեխնիկական տնօրեն Տոմ Վան Դեն Աբելեյի, ակադեմիայի տնօրեն, Հայաստանի Մ-19 հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկ Լելևրի հետ, ով ինձ շատ օգնեց ակումբը «ներսից» ճանաչելու հարցում: Առանձնազրույցներ եմ ունեցել նաև «Սենտ Թրույդեն»-ը գլխավորող Մարկ Բրիսի հետ:

Ուշագրավ էր բելգիական ակումբի ակադեմիայի աշխատանքը: Պատանի սաները մինչև 14:00 պարտադիր դպրոցում էին, իսկ այնուհետև ժամանում էին մարզաբազա և մինչև ուշ երեկո մարզվում էին լուսավորության ներքո: Ընդ որում, ամեն պատանեկան թիմի հետ աշխատում էին 4-ական մարզիչ: Յուրաքանչյուր տարիքային խմբի թիմում ընտրվում էին լավագույնները՝ առավելագույնը 20 երեխա, որոնք բաժանվում էին խմբերի՝ ըստ իրենց գենետիկական աճի առանձնահատկությունների և ֆիզիկական տվյալների՝ ավելի ճիշտ աշխատանքի համար:

Խոսելով կոնկրետ մարզումային պրոցեսի մասին, կարող եմ նշել, որ առանձնահատկությունները շատ չէին, սակայն շատ եմ կարևորում այն փաստը, որ երեխաներն օրական մարզվում էին 2.5 ժամ: Ներկա գտնվեցի նաև «Սենտ Թրույդեն»-ի երկու հանդիպումների, կառանձնացնեմ բելգիական ակումբների թիմային արագությունը: Կարող եմ փաստել, որ շատ արդյունավետ անցկացրեցի ճանաչողական այցս, սա հետաքրքիր փորձ էր ինձ համար»: