Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ամերիկահայ գործարարը հետաքրքրված է Հայաստանում ինտենսիվ այգեգործությամբ և ձկնաբուծական արտադրանքի արտահանմամբ

583
Կիրակի, 28 հոկտեմբերի, 2018 թ., 14:05
Ամերիկահայ գործարարը հետաքրքրված է Հայաստանում ինտենսիվ այգեգործությամբ և ձկնաբուծական արտադրանքի արտահանմամբ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ամերիկահայ գործարար Մայք Բադալյանին, ով հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու հեռանկարով:

Հանդիպման սկզբում գործարարը տեղեկացրել է, որ ներկայում ակտիվ գործունեություն է ծավալում Արցախի գինեգործության ոլորտում՝ արտադրելով «Արբա» գինիներ և Հայաստանում ևս մտադիր է զբաղվել այգեգործությամբ:

Բացի այդ, Մայք Բադալյանը նպատակ ունի իր լիբանանահայ գործընկերոջ հետ կազմակերպել հայկական գյուղմթերքի, մասնավորապես ձկնաբուծական արտադրանքի արտահանումներ դեպի Լիբանան:

Ողջունելով Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու գործարարի հետաքրքրվածությունը՝ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներդրումային դաշտի ներկա վիճակն ու առավել նպատակահարմար ուղղությունները, այդ թվում՝ ինտենսիվ այգեգործությունը, ջերմոցային տնտեսությունների հիմնումը, լոգիստիկ կենտրոնների ստեղծումը և այլն:

Տեղեկանալով Հայաստանում ընկուզենու այգիներ հիմնելու հյուրի ցանկության մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նմանօրինակ նախաձեռնության իրականացման արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում արդեն իսկ հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ, որոնք հայ-լիբանանյան լավագույն համագործակցության օրինակ են հանդիսանում:

Քննարկվել են նաև դեպի Լիբանան հայկական գյուղմթերքի արտահանման արդյունավետ կազմակերպմանը, Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանում ներդրումային յուրաքանչյուր առաջարկ և աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին