Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Սևան ազգային պարկի տնօրենը ջուրը խմեց, մարդը ժիվոյ մեր կողքը նստած է, բայց ասացիք՝ մահացել է». Հ. Մադաթյանը հորդորեց չվախեցնել ժողովրդին

400
Ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ., 12:55
«Սևան ազգային պարկի տնօրենը ջուրը խմեց, մարդը ժիվոյ մեր կողքը նստած է, բայց ասացիք՝ մահացել է». Հ. Մադաթյանը հորդորեց չվախեցնել ժողովրդին

«Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լումների ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը դիմեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին. «Բոլորս էլ Սևանի հարցերով մտահոգված ենք, շատ լավ է, բայց բոլորիդ խնդրում եմ՝ Սևանի մասին հայտարարություն անելուց շատ նուրբ մոտեցեք, երեխու կամ նորահարսի նման մոտեցեք: Ձեր էս տարվա մոտեցումներից գումարներ գնացին արտերկիր, Սևանում էս տարի մարդիկ ձմեռը ծանր օրեր են ունենալու, խոսքը տուրիզմի մասին է.... Այո՛, ջրի կանաչումը միշտ էլ եղել է, և այո՛, այս տարի շատ էր: Կարելի էր չէ՞ էդ ձև մեծ աղմուկ չբարձրացնել, չվախեցնել ժողովրդին: Ազգային պարկի տնօրենն ափի ջրից վերցրեց խմեց, մարդը ժիվոյ մեր կողքը նստած է, բայց նորից դուք՝ տուրկազմակերպությունների հետ, ասացիք՝ մահացել է, շատ կներես Վահե ջան»,- հայտարարեց Մադաթյանը:

«Պարկի տնօրենը խմեց ջուրը, բայց ցանցերում ասացին՝ 2 ժամ հետո գնացել է հիվանդանոց, ու որևէ մեկը դա չհերքեց»,- արձագանքեց նույն խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հուլիսին, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին՝ քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն էլ որոշել էր ապացուցել, որ Սևանի ջուրը վտանգավոր չէ և խմել էր մեկ բաժակ՝ վստահեցնելով՝ «ընտիր ջուր ա»։

Ավելի ուշ՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին, «Սևան ազգային պարկ»-ի տնօրենը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ հիվանդանոց չի ընկել: