Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Տիգրան Պետրոսյանն ընթանում է «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջատարների խմբում

432
Հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ., 12:55
Տիգրան Պետրոսյանն ընթանում է «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջատարների խմբում

Երեկ կայացած «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից 2-րդ հաղթանակը տոնեց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր շախմատիստը, լարված ընթացք ունեցած պարտիայում, ցույց տվեց բարձր վարպետություն և սև խաղաքարերով առավելության հասավ Լեհաստանի առաջատար շախմատիստներից Պիորուն Կասպերի նկատմամբ: 2-րդ հաղթանակին մոտ էր նաև առաջին տուրի հերոս Մանուէլ Պետրոսյանը: Այս տուրում նրա մրցակիցն էր Ուկրաինայի հավաքականի անդամ և այդ երկրի ուժեղագույն գրոսմայստերներից Անտոն Կորոբովը: Պարտիայի ընթացքում Մանուէլը ուներ զգալի առավելություն, սակայն ճիշտ չկողմնորոշվեց դիրքի բարդություններում, թույլ տվեց սխալներ և արդյունքում պարտություն կրեց: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Միքայելյանը և Արամ Հակոբյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ Շանթ Սարգսյանը կրեց 2-րդ պարտությունը:
2-րդ տուրից հետո 6 շախմատիստ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Խալիֆմանը, Վլադիսլավ Արտեմևը, Անտոն Կորոբովը, Վիորել Բոլոգանը և Սետուրաման Սետուրամանը, վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Արման Միքայելյանն իր ակտիվում ունի 1.5, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը՝ 1-ական միավոր: Պատանի շախմատիստ Շանթ Սարգսյանը դեռևս միավոր չի վաստակել: Այսօր կայանալիք 3-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանի մրցակիցն է լինելու Հնդկաստանի ներկայացուցիչ Սետուրաման Սետուրամանը, Մանուէլ Պետրոսյանն ուժերը կչափի Հնդկաստանի 3-րդ շախմատիստ Վիդիթ Գուջրաթիի հետ, Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Սերգեյ Լոմասովը, Շանթ Սարգսյանը կմրցի Վիտալի Շինկևիչի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը կմրցեն միմյանց դեմ: B մրցաշարում մեր մասնակիցներից առաջատարների խմբում է ընթանում Տիգրան Քոթանջյանը, իսկ C խմբում՝ Արթուր Ղարագյոզյանը: