«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
42
Այսօր, 03:06
«Շանթ» կուսակցության առաջնորդ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. «860 թվականի նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ ընտրվեց Աբրահամ Լինքոլնը։ Այդ ժամանակ ամերիկյան հասարակությունն արդեն խորապես պառակտված էր։ Հյուսիսի և Հարավի միջև հիմնական հակասությունը ստրկության հարցն էր, սակայն դրա հիմքում նաև երկրի տնտեսական, քաղաքական և հասարակական ապագայի վերաբերյալ տարբեր պատկերացումներ էին։
Լինքոլնի ընտրությունից հետո Հարավային նահանգների անջատման գործընթացը հանգեցրեց պետական ճգնաժամի, իսկ 1861 թվականի ապրիլին սկսվեց քաղաքացիական պատերազմը, որը տևեց չորս տարի և խլեց հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր։ Ամերիկյան պատմությունը ցույց է տալիս, որ երբ հասարակությունը պառակտվում է, և քաղաքական շահերը վեր են դասվում ազգային ու պետական շահերից, վտանգվում է ոչ միայն երկրի կայունությունը, այլև հենց պետության գոյությունը։ Հայաստանում վերջին տարիներին քաղաքական հակադրությունը նույնպես դուրս է եկել սովորական իշխանություն-ընդդիմություն մրցակցության շրջանակներից։ Մենք էապես տարբեր պատկերացումներ ունենք Ադրբեջանի հետ խաղաղության, անվտանգության երաշխիքների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների, Արցախի կորստի հետևանքների և մեր երկրի ապագայի վերաբերյալ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2026 թվականի ընտրությունների դիտարկման առաքելությունն էլ արձանագրել է քաղաքական միջավայրի բևեռացվածությունն ու բաժանարար հռետորաբանությունը՝ միաժամանակ նշելով ընտրողների իրական քաղաքական այլընտրանքների առկայությունը։ Իմ կարծիքով՝ խնդիրը տարբեր կարծիքների գոյությունը չէ․ դա ժողովրդավարության բնական մասն է։ Խնդիրն այն է, որ քաղաքական պայքարը հաճախ վերածվում է փոխադարձ թշնամանքի, և քաղաքական շահերը գնալով ավելի են գերադասվում պետական շահերից։ Արդյունքում ավելի ու ավելի է դժվարանում նույնիսկ պետության համար կարևոր հարցերի շուրջ ընդհանուր համաձայնության հասնելը։ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը նման իրավիճակին առանձնահատուկ վտանգավորություն է հաղորդում։ Մեր ներքին տարաձայնությունները չեն մնում միայն ներքաղաքական դաշտում։ Դրանք կարող են ազդել անվտանգության և ինքնիշխանության վրա՝ միաժամանակ արտաքին դերակատարների համար հնարավորություններ ստեղծելով՝ մեր հակասություններն իրենց շահերին ծառայեցնելու համար։ Անշուշտ, Հայաստանը 1860 թվականի Ամերիկան չէ, և պատմական այս համեմատությունը չպետք է ընկալել որպես իրադարձությունների նույնության կանխատեսում։ Բայց պատմության արժեքներից մեկն այն է, որ այն օգնում է ժամանակին նկատել վտանգավոր գործընթացները։ Մեզ այսօր օդի և ջրի նման անհրաժեշտ է ազգային շահի շուրջ գիտակցված համախմբվածություն։ Ոչ թե ձևական միասնականություն, այլ պատասխանատվություն սեփական պետության և նրա ապագայի նկատմամբ։ Ամերիկյան պատմությունը մեզ հիշեցնում է, որ պետությունը միայն տարածք, սահմաններ և պետական կառույցներ չեն։ Այն նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է։ Եվ այստեղ է Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր հարցը՝ կարո՞ղ ենք պահպանել մեր պետականությունը՝ ունենալով տարբեր հայացքներ, բայց չկորցնելով ընդհանուր ապագայի և ազգային պատասխանատվության գիտակցումը»։