«Ծառերի հիվանդությունների դեմ պայքարը չպետք է փոխարինել հերթական «երիտասարդացումով»»․ Քրիստինա Վարդանյան
55
Այսօր, 17:36
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԷՏԸ ԾԱՌԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴ ՉԷ։ ԵՐԲ ՎԵՐՋԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՍԱ ՀԱՍԿԱՆԱՆ։ Տասնամյակներ շարունակ Երևանի թեղիները տուժել են տերևակերից։ Վնասատուի դեմ արդյունավետ, համալիր պայքար կազմակերպելու փոխարեն ծառերը շարունակաբար ենթարկվել են «երիտասարդացման», ինչի հետևանքով բազմաթիվ թեղիներ կորցրել են իրենց բնական սաղարթը, աղճատվել են պսակները։ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ տարիներին մեզ հայտնում են, որ այդ թեղիները դեֆորմացված են, ծերացած, կորցրել են կենսունակությունը և ենթակա են հատման։ Մի պարզ հարց՝ իսկ ո՞վ է տասնամյակներ զբաղվել այդ ծառերի խնամքով, ո՞վ է իրականացրել բազմակի ուժեղ էտերը, և ինչո՞ւ ժամանակին չի կազմակերպվել արդյունավետ պայքար վնասատուների դեմ։ Հիմա հերթը սոսիների՞նն է։ Երևանի սոսիների մոտ դեռ հուլիսից դիտվում են վաղաժամ տերևաթափ, տերևների եզրային նեկրոզ, չորացում, սնկային վարակ։ Այս ախտանշանների համակցությունը ծառերի առողջական վիճակի լուրջ խաթարման մասին է վկայում և հետազոտության անհրաժեշտության մասին է խոսում։ Իսկ ի՞նչ են առաջարկում ՀՈԱԿ-ից։ Պարզվում է՝ սոսիներին էլ են պատրաստվում «երիտասարդացնել»։ Ներեցեք, բայց սղոցը ե՞րբ է դարձել հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի հիմնական միջոց։ Ծառերի էտը խնամքի որոշակի նպատակներ ունեցող ագրոտեխնիկական միջոցառում է, ոչ թե ախտորոշման և բուժման փոխարինող հիմնական միջոց։ Առավել ևս՝ արդեն թուլացման նշաններ ունեցող հասուն ծառերի դեպքում «երիտասարդացումը» նշանակում է ֆոտոսինթեզ իրականացնող մակերեսի լրացուցիչ կորուստ, նոր վերքեր, վերականգնման համար լրացուցիչ ռեսուրսների ծախս և փայտանյութի քայքայման հնարավոր ռիսկերի մեծացում։ Ի դեպ, սոսիների էտը կարող է խթանել ալրացողի նկատմամբ առավել ընկալունակ երիտասարդ ընձյուղների առաջացումը։ Հայտարարում են, որ սրսկումներ են իրականացնում, երկու տրակտոր ունեն։ Իսկ ո՞ւր են արդյունքները, ո՞ր վնասատուների և հիվանդությունների դեմ են պայքարում, ի՞նչ ժամկետներում և ի՞նչ արդյունավետությամբ։ Ծառերի պաշտպանությունը սկսվում է ախտորոշումից, պատճառների բացահայտումից, հողի, արմատային համակարգի, ջրային ռեժիմի և ֆիտոսանիտարական վիճակի գնահատումից։ Դրանից հետո միայն ընտրվում են բուժման և խնամքի հիմնավորված միջոցառումները։ Մինչդեռ Երևանում կրկին նույն հարցն է առաջանում՝ նախ ծառերը կորցնում են սաղարթը, հետո հայտարարվում են դեֆորմացված ու անպիտան, իսկ վերջում՝ փոխարինման ենթակա։ Թեղիների հետ տեղի ունեցածը բավական չէ՞։ Հիմա նույն ճանապարհո՞վ ենք տանելու նաև սոսիներին։ Երևանի քաղաքապետարան, հասուն ծառերը առողջապահական և բնապահպանական արժեքն են։ Դրանք տասնամյակների ընթացքում ձևավորված կանաչ ենթակառուցվածք են, որը հնարավոր չէ վերականգնել մի քանի տարվա տնկիներով։ Ծառերը պետք է ախտորոշել, բուժել և պահպանել, ոչ թե հիվանդությունների դեմ պայքարը փոխարինել հերթական «երիտասարդացումով»։ Այն, ինչ մենք արեցինք՝ 2020-ին ներդնելով ծառերի զանգվածային ԲՈՒԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՐ և ստացանք սպասված արդյունքը… ՄԵՆՔ ԲՈՒԺՈՒՄ ԷԻՆՔ, դուք՝ հատեցիք։ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈՒՄԸ» (topping tree) զարգացած աշխարհում անընդունելի, արգելված մոտեցում է, ամոթ է դա անվերջ կրկնելը։ Ծառի արժեքը՝ առողջ սաղարթն է, ոչ թե այն, ինչ արվում է… Հակառակ դեպքում մի քանի տարի հետո նորից լսելու ենք՝ «ծառերը դեֆորմացված են, կենսունակությունը սպառել են, պետք է հատել»։ Նկարներում՝ քաղաքի ծառերի այսօրվա վիճակն է ու «մասնագետների կատարած «երիտասարդացումը», որից հետո հատվեցին։ Էշին փալան չեկավ, մեզ…»։