«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
38
Այսօր, 01:00
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր փորձենք ներկայացնել այն գործիքակազմերն ու ենթաշերտերը, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմից 8 տարվա ընթացքում ոչ միայն փայլուն կիրառվել են, այլև դրանց միջոցով հանրության մոտ նա ներկայացել է որպես «հասարակ», «հայրենասեր», «ժողովրդի դարդ ու ցավով» ապրող մարդու կերպար։ Սակայն եթե մի կողմ դնենք այդ կերպարի մատուցումը և փորձենք հասկանալ, թե իրականում որտեղից են գալիս նրա քաղաքական վարքաբանության ու հաղորդակցության հիմնական հնարքները, բավական հետաքրքիր պատկեր է ստացվում։ Շատ բաներ, որոնք Հայաստանում ներկայացվել են որպես քաղաքական նորարարություն, աշխարհում վաղուց կիրառված և փորձարկված տեխնոլոգիաներ են։ Փաշինյանի առանձնահատկությունն այն է, որ նա այդ տարբեր գործիքները վերցրել, հարմարեցրել է հայկական միջավայրին և միավորել մեկ քաղաքական կերպարի շուրջ։ Սկսենք Բեպպե Գրիլլոյից։ Իտալացի կատակերգու, բլոգեր և «Հինգ աստղերի շարժման» հիմնադիր Գրիլլոն քաղաքականություն մտավ ոչ ստանդարտ ու դասական քաղաքական գործչի կերպարով։ Նրա ուժը կայանում էր նրանում, ինքն իրեն ներկայացնում էր որպես քաղաքական համակարգից դուրս գտնվող մարդ, որը խոսում է սովորական քաղաքացիների լեզվով, ծաղրում է քաղաքական դասին և շրջանցում ավանդական լրատվամիջոցները։ Նրա բլոգը, տեսանյութերն ու հանրային ելույթները ստեղծեցին «ես և ժողովուրդը՝ առանց միջնորդի» հարաբերությունը։ Ծանոթ պատկեր է, չէ՞: Փաշինյանի 2015–2018 թվականների ֆեյսբուքյան լայվերը նույն քաղաքական տրամաբանության հայկական տարբերակն էին։ Նա չէր սպասում հեռուստաընկերությունների եթերին, մամուլի ասուլիսներին կամ պաշտոնական հաղորդագրություններին։ Բացում էր հեռախոսը և խոսում մարդկանց հետ։ Ստեղծվում էր տպավորություն, որ լրագրողը, քաղաքական գործիչը և քաղաքացին նույն հարթության վրա են։ Հետագայում այդ տեխնոլոգիան դարձավ արդեն իշխանական հաղորդակցության մշտական գործիք։ Հաջորդը կերպարը Վենեսիելայի նախկին նախագահ Ուգո Չավեսն է։ Չավեսը քաղաքական առաջնորդի համար ստեղծեց մեկ այլ կարևոր մոդել՝ «առաջնորդը որպես սեփական մեդիա»։ Նա կարող էր ժամերով ուղիղ եթերում խոսել, մեկնաբանել ամենատարբեր հարցեր, արձագանքել քննադատներին, հայտարարել որոշումներ և միաժամանակ կառավարել հանրային օրակարգը։ Փաշինյանի դեպքում հեռուստատեսության փոխարեն այդ գործառույթը կատարեցին ֆեյսբուքյան ուղիղ եթերները, հետո նաև մյուս սոցհարթակները։ Արդյունքում Նիկոլը դարձավ ոչ միայն կառավարության ղեկավարը, այլև իր սեփական լրատվամիջոցը նաև առանցքային նյուզմեյքեր (ցավոք սրտի)։ Ինքը որոշում է՝ ինչի մասին խոսել, երբ խոսել և ինչ տոնով ներկայացնել այդ թեման (իսկ քաղաքական դաշտն էլ ակտիվ թելում է դրա թելը)։ Անցնենք Դոնալդ Թրամփին։ Ի դեպ՝ խոսքը բնավ գաղափարախոսության մասին չէ, այլ քաղաքական վարքաբանության: Թրամփի մեծագույն տեխնոլոգիաներից մեկը քաղաքական հակառակորդին սովորական մրցակցից վերածելն է անձնական թիրախի։ Ծաղրանք, մականուն, կոշտ հակադրություն, սադրիչ հայտարարություն, անմիջական արձագանք․ այս ամենը միաժամանակ և՛ հակառակորդին է պահում ուշադրության կենտրոնում, և՛ սեփական կողմնակիցներին մշտապես մոբիլիզացնում։ Փաշինյանի մոտ այս տեխնոլոգիան նույնպես շատ արագ դարձավ քաղաքական մշակույթի մաս։ Հակառակորդին քննարկելու փոխարեն հաճախ քննարկվում է նրա անձը, արտաքին տեսքը, խոսքը, պահվածքը, նախկին հայտարարությունը։ Քաղաքական բանավեճը տեղափոխվում է անձնական հակադրության դաշտ, իսկ այդ դաշտում Փաշինյանը իրեն զգում է առավել վստահ, որովհետև օրակարգի կենտրոնում կրկին հայտնվում է ինքը։ Առանցքային նախատիպ է Էրդողանը։ Վերջինիս քաղաքական հաջողության առանցքային մեխանիզմներից մեկը երկար տարիներ եղել է «ժողովուրդը՝ ընդդեմ հին էլիտայի» հակադրությունը։ Ժողովուրդը ներկայացվել է որպես իրական քաղաքական սուբյեկտ, իսկ նախկին քաղաքական դասը՝ որպես հին, կոռումպացված կամ ժողովրդի իրական ցանկություններից կտրված համակարգ։ 2018-ին Փաշինյանն այս բանաձևը Հայաստանում կիրառեց գրեթե իդեալական պայմաններում։ «Ժողովուրդ» ընդդեմ «նախկինների», «նոր Հայաստան» ընդդեմ «հին համակարգի», հեղափոխություն ընդդեմ քաղաքական անցյալի։ Բայց այստեղ տեղի ունեցավ ամենահետաքրքիր շրջադարձը․ իշխանության գալուց հետո այդ հակադրությունը չվերացավ։ Փաշինյանը դարձավ հենց համակարգի ղեկավարը, բայց շարունակեց քաղաքական խոսքը կառուցել այնպես, կարծես ինքը դեռ համակարգից դուրս գտնվող ընդդիմադիր է։ Հին համակարգի դեմ պայքարը դարձավ ոչ միայն իշխանության հասնելու, այլև իշխանությունը պահպանելու կարևորագույն գործիք։ Հաջորդ պերսոնաժը Վլադիմիր Զելենսկին է։ Այստեղ նմանությունն ավելի շատ քաղաքական կերպարի կառուցման մեջ է։ Զելենսկին քաղաքականության մեջ մտավ արդեն հանրությանը հայտնի, բայց դասական քաղաքականությունից դուրս գտնվող մարդու կերպարով։ Փաշինյանի դեպքում այդ դերը կատարում էր լրագրողի, հրապարակախոսի և փողոցային ընդդիմադիրի կերպարը։ Երկուսի դեպքում էլ կարևոր էր այն ուղերձը, որ «ես քաղաքական դասից չեմ»։ Բայց ամենահետաքրքիրն այստեղ այն է, թե ինչ է կատարվում այդ կերպարի հետ իշխանության գալուց հետո։ Քաղաքական համակարգը մարդուն փոխում է, բայց եթե նա շարունակում է պահպանել «սովորական մարդու» կերպարը, ապա իշխանական պաշտոնն ու առօրյա կյանքը սկսում են դիտավորյալ խառնվել։ Հեծանիվը, սուրճը, ուտելիքը, երաժշտությունը, ընտանեկան տեսանյութերը, առօրյա պահերը դառնում են ոչ թե պարզապես անձնական կյանք, այլ քաղաքական հաղորդակցության մաս։ Այս ամենը ցույց է տալիս, որ Փաշինյանի քաղաքական հաղորդակցության զգալի մասը կառուցված է ոչ թե բացառապես իր կողմից ստեղծված նոր գործիքների, այլ արդեն միջազգային քաղաքական պրակտիկայում փորձարկված մեթոդների վրա։ Նրա առանձնահատկությունն այն է, որ տարբեր աղբյուրներից վերցված այդ մեխանիզմները կարողացել է հարմարեցնել հայկական միջավայրին և օգտագործել տարբեր փուլերում՝ ընդդիմադիր գործունեությունից մինչև իշխանություն։ Այդ պատճառով էլ, երբ խոսում ենք Փաշինյանի քաղաքական «նորարարության» մասին, արժե նաև հասկանալ դրա մյուս կողմը։ Շատ դեպքերում նոր է ոչ թե գործիքը, այլ դրա փաթեթավորումը, լեզուն և կիրառման հայկական ձևը։ Ըստ էության՝ ակնհայտ է մի բան. տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք ու քայլ փնթի ձևով թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար, բայց դասական բնորոշմամբ՝ ընդամենը «պլագիատի արքա» է»: