«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի շուրջ նոր կրքեր են բորբոքվել։ Սեպտեմբերի 11-ին տեղի է ունենալու ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, դրա նախընթաց շրջանում բազմաթիվ խախտումներ են արձանագրել հասարակական գործիչները, նաև դասախոսները։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը «Փաստի» հետ զրույցում ահազանգում է՝ ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում։ «Իսկ այդ ապօրինության գլխին կանգնած է Հոգաբարձուների խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ։ Օգոստոսի 13-ին համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը հարցման կարգով նիստ է գումարել։ Դա նշանակում է, որ ոչ թե ինչ-որ մի սենյակում հավաքվել են, այլ որոշումներն ի սկզբանե պատրաստել են և ուղարկել Հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Նիստ են գումարել և մի շարք որոշումներ ընդունել։ Այդ թվում՝ որոշում են ընդունել հայտարարել համալսարանի ռեկտորի մրցութային ընտրություն։ Օգոստոսի 14-ին համալսարանի կայքէջում տեղադրվել է ռեկտորի մրցութային ընտրության մասին հայտարարություն։
Ընտրվելուց հետո նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին է ընտրվել համալսարանի ռեկտոր, և նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը լրանալու է 2026 թվականի դեկտեմբերի 17-ին, բայց նրա լիազորությունների ժամկետի ավարտից ավելի քան չորս ամիս առաջ տրվում է նոր մրցույթի հայտարարություն։ Սա գնահատում եմ որպես համալսարանի կանոնադրության խախտում, որովհետև եթե ռեկտորի ընտրության մրցույթի հայտարարություն են տալիս, նշանակում է՝ ռեկտորի թափուր պաշտոն է առաջանում։ Արդյոք լիազորությունների ժամկետի ավարտից չորս ամիս առաջ կարելի՞ է համարել, որ ռեկտորի պաշտոնը թափուր է։ Կարելի էր նույն հաջողությամբ մեկ կամ երկու տարի առաջ հայտարարել։ Այստեղ խելամտության ինչ-որ չափանիշ պետք է լինի։ Սովորաբար նման հայտարարություններն արվում են մեկ ամիս առաջ»,-ասում է Սողոմոնյանը։
Այս ամենն էլ բավարար չէ, պարզվում է, որ օգոստոսի 13-ի՝ հարցման կարգով նիստի ընթացքում ընդունվել է ռեկտորի ընտրության նոր ընթացակարգ։ «Գործողը ճանաչել են ուժը կորցրած, նոր ընթացակարգ են մշակել, ընդունել, բայց այն չեն հրապարակել։ Հավակնորդի համար կարևո՞ր է տեղյակ լինել այդ նոր ընթացակարգին։ Օրինակ՝ հասկանա, թե որքան է լինելու ելույթի տևողությունը, ինչպես է տեղի ունենալու ձայների հաշվարկը, բազմաթիվ հարցեր կան։ Ընթացակարգը չտեղադրելով՝ ինֆորմացիոն «բլոկադայի» են ենթարկում ցանկացած պոտենցիալ հավակնորդի և իրականացնում ռեկտորի ընտրություն»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։ ԵՊՀ ռեկտորի ընտրության նոր և չհրապարակված ընթացակարգի, ռեկտորի՝ ժամանակից շուտ անցկացվելիք ընտրության և այլ հարցերի մասին պարզաբանում ստանալու համար դիմեցինք ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանին։ Արձագանքեց՝ կճշտի, թե արդյոք համալսարանն ունի՞ դիրքորոշում այդ հարցերի վերաբերյալ, ու հավելեց՝ և՛ ունենալու, և՛ չունենալու դեպքում կապ կհաստատի մեզ հետ։ Մինչ աշխատանքային օրվա ավարտը նա մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեց, ինչպես նաև չպատասխանեց մեր հեռախոսազանգին, թեպետ մենք տեղեկացրել էինք, որ հրապարակում ենք պատրաստում, որը տպագրվելու է հաջորդ օրվա (այսօրվա) համարում։ Այդուամենայնիվ, մենք էլի պատրաստ ենք հրապարակել ԵՊՀ-ի տեսակետը այս հարցերի վերաբերյալ, եթե, իհարկե, կա տեսակետ»: |

«Կրթության ոլորտում արտակարգ ռեժիմ է պետք»․ Տիգրան Ջրբաշյան (լուսանկար)
139Երեկ, 17:24
«Ինչո՞ւ եք Երևանի ծայրամասերից ձեր երեխաներին տանում Կենտրոնի դպրոց»․ Անի Կաղինյան
124Երեկ, 15:36
«Դպրոցահասակ երեխաները դժվարությամբ են յուրացնում կարդացածը․ որտե՞ղ է խնդրի պատճառը»․ Մանե Թանդիլյան
124Երեկ, 15:18
««Հայ ասպետ»․ նախագիծ, որը կրթում ու դաստիարակում էր մատաղ սերնդին»․ Մենուա Սողոմոնյան
98Երեկ, 10:48
3 ժամ վերելքի փոխարեն՝ մի քանի րոպե. չինական գյուղի աշակերտներն այժմ դպրոց են գնում «օդային ավտոբուսով» (լուսանկար)
39903.09.2026, 22:24
Նյու Յորքում կարգելվի ԱԲ օգտագործումը տարրական և միջնակարգ դպրոցների աշակերտների կողմից
85303.09.2026, 21:49
