Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 06 սեպտեմբերի, 2026 թ.

«Լենինին ճիշտ եք հիշել»․ Վարդան Բալյան

58
Այսօր, 09:06
«Լենինին ճիշտ եք հիշել»․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայրական պապս մի կապույտ չեմոդան ուներ, մեջը որսորդական հրացանի փամփուշտներն էր պահում ու մի քանի գույնզգույն՝ կանաչ, կապույտ, կարմիր սովետական փողեր, որոնցից ամենամեծը կարմիր գույնի 10 ռուբլիանոց էր՝ Լենինի նկարով: Երեխա էի դեռ, բայց հասկանում էի, որ այդ մեծ փող է, որովհետև պապս շատ խնամքով էր հաշվում այդ կարմիրները՝ չնայած շատ չէին: Չեմոդանի մեջ նաև մի քանի կապ մեծ թղթեր կային, որոնց պապս աբլիգացիա էր ասում: Ինձ բացատրել էր, որ ահագին ժամանակ կոլխոզում դրանով էին վճարել մարդկանց՝ խոստանալով, որ հետո կարող են փոխանակել փողի հետ: Պապս դրանցից մի քանի հաստ կապոցներ ուներ, որոնք շատ ավելի մեծ էին իրենց չափերով սովետական փողերից,, պահել էր, փողի հետ չէր փոխել: Ինձ համար անհասկանալի էր այդ, ամեն անգամ հարցնում էի, թե ինչո՞ւ չի փոխել փողի հետ: Մի անգամ, այնուամենայնիվ, պատասխանեց, չեմոդանի մեջ թաքցրած մի հին տետր հանեց ու ասաց՝ կարդա: Ձեռագիր էր, խնամքով գրված, առանց ջնջումների ու տառասխալների:
...1937 թվականի հունվարի սկզբին Բռնակոթում առաջին անգամ վառվեցին Իլյիչի պայծառ լամպերը, այդ անունը իրենք են մտածել՝ չհասկանալով գուցե: Գյուղը ցնծության մեջ էր, շրջանային գործադիր կոմիտեի նախագահության հանդիսավոր նիստ էին հրավիրել գյուղում, դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, եկել էին բոլորը՝ մեծ ու փոքր: Սեղանի վրա դրել էին աղոտ վառվող մի ճրագ և, երբ հանկարծ վառվեցին էլեկտրական լամպերը, դահլիիճը պայթեց ծափերից և ուռաներից: Հավաքված կոլտնտեսականները միաբերան բացականչում էին՝ կեցցե մեզ նոր կյանք ու լույս տվող Ստալինը, կեցցե արևից էլ պայծառ մեր սիրելի հայրը, մեր առաջնորդը: Կուսակցական ղեկավարների շնորհավորական ելույթներից հետո մեր գյուղի կոլտնտեսականներից մեկը սկսեց պատմել իր հիշողությունները: Անունը չեմ գրում, չեմ ուզում վատություն անել, ի վերջո ինքը միակը չէր, իր նմանները շատ էին, գուցե բոլորը: Պատմեց, որ սովետականացումից առաջ ամենուրեք ահ ու սարսափ էր տիրում, դաշնակների արյունոտ տիրապետության շրջանում Շաքիգէսի ձորից արյան հոտ էր փչում, աշխատավորությունը մերկ ու սոված, իր վար ու ցանքը թողած, ազգամիջյան կռիվների մեջ էր քաշվել՝ իր եղբայրների արյունը թափելով դաշնակ խմբապետների ու մաուզերիստների անկուշտ ծարավը կշտացնելու համար: Ինքն ու իր նմանները, փաստորեն, մեղավոր չէին, այլ ընդամենը դաշնակների զոհեր են եղել փաստորեն: Լենինի հեղափոխությունից համարյա քսան տարի անց էլեկտրական լամպերի համար շնորհակալություն հայտնող այս մարդիկ դաշնակների ժամանակ էլ նրանց էին փառաբանում...
Պապս ժամանակ առ ժամանակ այդ հին տետրը տալիս էր, որ մի հատված բարձրաձայն կարդայի, բայց մինչ այդ բանալիով փակում էր սենյակի դուռը: Գորբաչովի իշխանության վերջին տարիներն էին, վեցերորդ դասարանը նոր էի ավարտել և, ինչպես միշտ, ամառը գյուղի պապեկան օջախում էի անցկացնում: Հիշում եմ՝ այդ մեկ անգամ պապս աբլիգացիաների մի մեծ կապոց տվեց ինձ ու ասաց՝ սրանք խաբեության խոստովանագրեր են, Վարդան ջան, հիմա արդեն բոլորն են սկսել հասկանալ, որ մեզ տարիներով խաբում էին, քանի դեռ կար վախն այդ խաբեբաների ահից, բոլորը լուռ էին մնում՛...
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսն էր, որին ներկա էր նաև Փաշինյանը: Հետաքրքիր նմանություն կա մեր ներկայի ու պապիս պահած հին տետրի մեջ նկարագրված պատմության: Նորօրյա հեղափոխական առաջնորդներն այսօր գուցե գրքեր են գրում, ֆիլմեր նկարում իրենց հերոսական կերպարները փառաբանող, բայց կան տետրեր, որոնք հարյուրավոր այդպիսի գրքեր արժեն: Ու Լենինին ճիշտ եք հիշել, ժամանակին բոլորը մանկապարտեզում անգիր էին անում՝ Լենին պապին էլ մանուկ է եղել, մեզ նման փոքրիկ, ժիր ու աշխուժիկ...Մանկապարտեզում այդ անգիրն էին ասում, իսկ դրսում մեկ այլ, որի տեքստը հումորային-ծաղրական էր, ժամանակին իմ ամենասիրած անգիրներից էր, ի դեպ, որ հիմա էլ շատ լավ հիշում եմ: Բառերը չեմ գրում ոչ թե նրա համար, որ մոռացել եմ, այլ ուղղակի արդեն համարյա հիսուն տարեկան եմ»:

Աղբյուրը`   Վարդան Բալյան