«Նախիջևնի նկատմամբ Ադրբեջանի տարածքային տիտղոսը չի կարող համարվել պատմականորեն և միջազգային իրավունքի տեսակետից հիմնավոր ու անվիճելի». ԱԺԲ
32
Այսօր, 12:24
Ազգային - Ժողովրդավարական Բևեռը հայտարարությւոն է տարածել. «Նախիջևանի կարգավիճակի և Տիգրանաշենի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության անօտարելիության վերաբերյալ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հայտարարում է, որ Նախիջևանի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության տարածքային տիտղոսը չի կարող համարվել պատմականորեն և միջազգային իրավունքի տեսակետից հիմնավոր ու անվիճելի։ Նախիջևանի ներկայիս կարգավիճակի սկզբնաղբյուր համարվող 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը կնքել են Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը։ Այդ կողմերից ոչ մեկը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ինքնիշխանություն կամ իրավական տիտղոս չուներ և իրավասու չէր տնօրինելու Հայաստանի տարածքը կամ որոշելու երրորդ պետության սահմաններն ու տարածքային իրավունքները։ Հայաստանը Մոսկվայի բանակցություններին չի մասնակցել, պայմանագրի կողմ չի եղել և դրա դրույթներին իր համաձայնությունը չի տվել։ Հետևաբար այդ պայմանագիրը չէր կարող Հայաստանի համար պարտավորություններ կամ նրա տարածքի նկատմամբ երրորդ պետության օգտին իրավունքներ ստեղծել։ Գործում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքը՝ Pacta tertiis nec nocent nec prosunt․ պայմանագիրն առանց երրորդ պետության համաձայնության նրա համար ո՛չ պարտավորություններ, ո՛չ էլ իրավունքներ է ստեղծում։ 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչներին պարտադրվել է Հայաստանի Հանրապետության օրինական իշխանության տապալումից, Հայաստանի խորհրդայնացումից և ռուսական ռազմական բռնազավթումից հետո։ Այն չի արտահայտել հայ ժողովրդի ազատ և ինքնիշխան կամքը։ Ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով ձեռք բերված տարածքային առավելությունը չի կարող օրինական տիտղոս ստեղծել։ Այդ պատճառով Ազգային-ժողովրդավարական բևեռը Մոսկվայի և Կարսի պայմանագրերը գնահատում է որպես Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքների նկատմամբ իրավաչափ հետևանքներ չստեղծող փաստաթղթեր։ Այսուհանդերձ, հատկանշական է, որ անգամ այդ պայմանագրերը Նախիջևանը չեն սահմանել որպես Ադրբեջանի պետական տարածք կամ նրա անբաժանելի մաս։ Մոսկվայի պայմանագրի 3-րդ և Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածների համաձայն՝ Նախիջևանը կազմում է «ինքնավար տարածք՝ Ադրբեջանի հովանավորության ներքո»․ ֆրանսերեն բնագրում՝ «constitue un territoire autonome sous la protection de l’Azerbaïdjan», ռուսերենում՝ «образует автономную территорию под покровительством Азербайджана»։ «Ադրբեջանի հովանավորության ներքո» ձևակերպումը համարժեք չէ «Ադրբեջանի կազմում», «Ադրբեջանի տարածք» կամ «Ադրբեջանի անբաժանելի մաս» հասկացություններին։ Հովանավորությունը տարածքային ինքնիշխանության փոխանցում չէ։ Հետևաբար Նախիջևանը Ադրբեջանի հովանավորության ներքո դնելը չէր նշանակում այն Ադրբեջանին միացնել կամ բռնակցել։ 1923–1924 թվականներին խորհրդային իշխանությունների որոշումներով Նախիջևանն Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ ներառելը դուրս էր Մոսկվայի և Կարսի պայմանագրերով նախատեսված կարգավիճակի սահմաններից։ Նախիջևանի ինքնավարության պահպանումն ինքնին վկայում էր, որ այն Ադրբեջանի սովորական վարչատարածքային միավոր չէր։ 2026 թվականի սահմանադրական փոփոխության իմաստը 2026 թվականի մարտի 10-ին Ադրբեջանի իշխանությունը հաստատեց Նախիջևանի սահմանադրության լայնածավալ փոփոխությունները։ Դրանցով նախաբանից և 1-ին հոդվածից հանվեցին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի հղումները, իսկ Նախիջևանը միակողմանիորեն հռչակվեց «Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի բաղկացուցիչ մաս»։ Միաժամանակ Նախիջևանում ստեղծվեց Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչություն։ Այդ մարմնի ղեկավարին նշանակում և պաշտոնից ազատում է Ադրբեջանի նախագահը, որը նաև որոշում է նրա լիազորությունները։ Ադրբեջանի նախագահին վերապահվեցին Նախիջևանի Գերագույն ժողովի ընտրությունները նշանակելու, սահմանված դեպքերում այն արձակելու և գործադիր իշխանության գործունեության վրա անմիջական վերահսկողություն իրականացնելու լիազորություններ։ Այս փոփոխություններով Բաքուն փորձում է լուծել երեք հիմնական խնդիր․ — Նախիջևանի կարգավիճակի հիմքը միջազգային պայմանագրային հարթությունից տեղափոխել Ադրբեջանի ներպետական իրավունքի տիրույթ, — պայմանագրերով նախատեսված ինքնավարությունը վերածել Բաքվին անմիջականորեն ենթակա վարչական կառավարման, — տարածաշրջանային անկայունության և հաղորդակցային նոր ծրագրերի պայմաններում ապահովել Նախիջևանի քաղաքական, ռազմական և տնտեսական ամբողջական վերահսկողությունը։ Սակայն Ադրբեջանի ներպետական սահմանադրական ակտը չի կարող փոփոխել կամ վերացնել միջազգային պայմանագիրը, վերաձևակերպել դրա կողմերի իրավունքներն ու պարտականությունները կամ հետադարձ ուժով ստեղծել այնպիսի տարածքային տիտղոս, որը տվյալ պայմանագրով նախատեսված չի եղել։ Ուստի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումների հեռացումը ոչ թե ապացուցում է Նախիջևանի նկատմամբ Ադրբեջանի իրավունքը, այլ ցույց է տալիս Բաքվի ձգտումը՝ ազատվել այն պայմանագրային ձևակերպումներից, որոնց վրա շուրջ մեկ դար հիմնավորել է իր իշխանությունը Նախիջևանի նկատմամբ։ Տիգրանաշենի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը Տիգրանաշենի՝ նախկին Քյարքիի հարցը պետք է դիտարկել Նախիջևանի վիճելի կարգավիճակից ածանցվող համատեքստում։ Ածանցյալ իրավունքը չի կարող ավելի ուժեղ լինել, քան այն սկզբնական իրավունքը, որից ենթադրաբար ծագում է։ Գործում է իրավունքի հիմնարար սկզբունքը՝ Nemo plus iuris ad alium transferre potest quam ipse habet․ ոչ ոք չի կարող ուրիշին փոխանցել ավելի շատ իրավունք, քան ինքն ունի։ Եթե Նախիջևանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային տիտղոսը իրավաչափ և անվիճելի չէ, ապա այդ կարգավիճակից ածանցվող ադրբեջանական պահանջը Տիգրանաշենի նկատմամբ առավել ևս չի կարող ինքնաբերաբար օրինական համարվել։ Գոյություն չունի որևէ հրապարակված իրավաչափ միջազգային պայմանագիր կամ Հայաստանի ինքնիշխան կամարտահայտությամբ ընդունված և պատշաճ կարգով վավերացված որոշում, որով Տիգրանաշենը հստակորեն անջատվել է Հայաստանից և փոխանցվել Ադրբեջանին։ Խորհրդային վարչական քարտեզները, գերատեսչական որոշումները կամ տնտեսական կառավարման նպատակով կատարված սահմանափոխություններն ինքնին միջազգային-իրավական տարածքային տիտղոս չեն ստեղծում։ Ադրբեջանը պարտավոր է ներկայացնել իրավաչափ սկզբնաղբյուր, որով Հայաստանի իրավասու իշխանությունը հստակ և անվերապահորեն հրաժարվել է Տիգրանաշենի նկատմամբ իր ինքնիշխանությունից։ Մինչև այդպիսի տիտղոսի հրապարակային և անվիճելի ապացուցումը Տիգրանաշենը պետք է դիտարկվի որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ գաղտնի բանակցության, բանավոր համաձայնության, միջկառավարական հանձնաժողովի որոշման կամ խորհրդային շրջանի վիճելի քարտեզի հիման վրա հրաժարվելու Տիգրանաշենի կամ Հայաստանի Հանրապետության որևէ այլ տարածքի նկատմամբ ինքնիշխանությունից։ Տարածքային որևէ փոփոխություն կարող է քննարկվել բացառապես՝ — Ադրբեջանի կողմից իրավաչափ և ամբողջական տարածքային տիտղոսի հրապարակային ներկայացման, — պատմական, պայմանագրային, իրավական և քարտեզագրական բոլոր նյութերի մասնագիտական ու հանրային քննության, — Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի պահպանման, — Հայաստանի ժողովրդի ազատ և գիտակցված կամարտահայտության պայմաններում։ Եզրափակիչ դիրքորոշում Ազգային-ժողովրդավարական Բևեռը վերահաստատում է, որ Նախիջևանի և Տիգրանաշենի կարգավիճակները ենթակա են ամբողջական պատմաիրավական վերանայման։ Ադրբեջանի չապացուցված տարածքային հավակնությունները չեն կարող ներկայացվել որպես արդեն հաստատված իրավական իրողություն և հիմք ծառայել Հայաստանի տարածքի որևէ մաս օտար պետությանը հանձնելու համար։ Նախիջևանը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Ազգային-ժողովրդավարական Բևեռի իրավական դիրքորոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը չի կորցրել Նախիջևանի նկատմամբ իր իրավունքները, քանի որ Հայաստանը երբևէ ազատ, ինքնիշխան և իրավաչափ կամարտահայտությամբ չի հրաժարվել այդ տարածքից։ Նախիջևանի հայաթափումը բնական ժողովրդագրական գործընթացի հետևանք չի եղել։ Այն պետականորեն իրականացված ջարդերի, բռնաճնշումների, խտրականության, բռնի տեղահանման, հայկական ինքնության վերացման և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման հետևանք է։ Ջուղայի հազարավոր խաչքարերի և Նախիջևանի հայկական մյուս հուշարձանների ոչնչացումն այդ պետական քաղաքականության փաստագրված դրսևորումներից է։ Հայ բնակչության բռնի վերացման հետևանքով ստեղծված ժողովրդագրական պատկերը չի կարող վկայակոչվել որպես տարածքային իրավունքի ապացույց։ Միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքն է՝ Ex iniuria ius non oritur․ իրավունք չի ծագում անիրավությունից։ Պետական հանցագործությունը, էթնիկ զտումը և դրանց միջոցով ստեղծված փաստական դրությունը չեն կարող հանցագործությունն իրականացրած պետության համար օրինական իրավունք կամ տարածքային տիտղոս ստեղծել»: