«Ամենավտանգավորը կողպեքները հանելն է ու դա «ինքնիշխանություն» անվանելը». Վլադիմիր Մարտիրոսյան
69
Այսօր, 02:12
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց: Օգտագործեք. Երեկ Բիշքեքում Հայաստանը նստել էր մեծ քաղաքականության սեղանի շուրջ՝ իր նկատմամբ շահեր, պահանջներ ու հավակնություններ ունեցող պետությունների կողքին։ Եվ այստեղ ինձ հետաքրքրում էր ոչ թե՝ ով ում հետ կհանդիպի, այլ շատ ավելի պարզ բան՝ ի՞նչ խաղաքարտերով է Հայաստանը գնացել այդ սեղանի շուրջ նստելու։ Դրսում պետությունը բանակցում է այն ուժով, որը կառուցել է ներսում և այդ ուժի չափը շատ լավ գիտեն նաև դրսում: Իսկ հիմա նայենք՝ ի՞նչ ենք կառուցել ներսում և դրանից Հայաստանին ինչ-որ բան պարտադրելը ավելի դժվա՞ր է դարձել, թե՞ ավելի հեշտ։ Եթե աշխարհում կգտնեք երկրորդ պետություն, որն իր նկատմամբ պահանջներ, հավակնություններ և քաղաքական շահեր ունեցող արտաքին դերակատարների ճնշման կամ ինտերվենցիայի համար այս աստիճանի հարմար միջավայր է հասունացրել սեփական իշխանության ձեռքով, խնդրում եմ՝ նշեք։ Եվ պետք չէ քաղաքական ինտելեկտի պակասը հերթական բառային մանիպուլյացիայով փակել՝ «ինքնիշխանություն», «խաղաղություն», «Իրական Հայաստան», «Չորրորդ Հանրապետություն»։ Բառերը պետական կարողություն չեն և հատկապես միջազգային հարթակներում այդ բառային մանիպուլյացիաները չեն անցնում, ինչի ցցուն օրինակը երեկ երեկոյան տեսանք: Երբ քաղաքականությունը չի դիմանում արդյունքով ստուգմանը, բառերի արտադրությունը դառնում է իրականությունը քողարկելու տեխնոլոգիա, ինչը ևս տեսանք գիշերային ավտոլայվից: Ուստի, երբ ասում եմ արտաքին ինտերվենցիա, նկատի չունեմ միայն տանկը, պատերազմը կամ սահմանը հատող բանակը։ Խոսքը Հայաստանի նկատմամբ քաղաքական, տարածքային, անվտանգային, տնտեսական կամ աշխարհաքաղաքական պահանջներ ու հավակնություններ ունեցող արտաքին ախոյանների՝ Հայաստանի որոշումների վրա կամքը պարտադրելու կարողության մասին է։ Այսօր արդեն ամենաարդյունավետ ինտերվենցիան այն է, որի համար վերջում նույնիսկ ներխուժել պետք չէ։ Բավական է պետությունն այնքան խոցելի դարձնել, որ նրա նկատմամբ պահանջ ու հավակնություն ունեցող արտաքին ուժը կարողանա իր ուզածը ստանալ ճնշմամբ, կախվածությամբ կամ հարկադրանքով։ Այստեղից էլ ինքնիշխանության չափման միավորը շատ պարզ է։ Այսպիսի կառավարման արդյունքում Հայաստանին ինչ-որ բան պարտադրելը դառնում է ավելի դժվա՞ր, թե՞ ավելի հեշտ։ Հիմա հենց այս չափանիշով նայենք ստեղծված իրականությանը։ 1.Հասարակությունը՝ տոտալ պառակտված է: Տարիներով քաղաքական մրցակցությունը վերածել են ներքին թշնամու արտադրության՝ լեգիտիմության հայթայթման համար: Հասարակության հատվածներն այլևս ոչ միայն քաղաքականապես տարակարծիք են այլ նրանց միջև հետևողականորեն արտադրվել է միմյանց քաղաքական ու բարոյական լեգիտիմությունը չընդունելու թշնամական միջավայր։ Հիմա պարզ հարց։ Սրանից Հայաստանին արտաքին պահանջ պարտադրելն ավելի դժվա՞ր է, թե հեշտ, միանշանակ հեշտ է։ Պառակտված հասարակությունը մեծացնում է արտաքին ներգործության հնարավորությունը, որովհետև Հայաստանի նկատմամբ հավակնություն ունեցող դերակատարին այլևս պետք չէ գործ ունենալ ամբողջական և գերակայություններ ունեցող քաղաքական հասարակության հետ։ Նա կարող է աշխատել արդեն գոյություն ունեցող և լայն բացված ճեղքերի, ներքին հակադրությունների, շահերի և վախերի միջոցով։ 2.Ազգային ինստիտուտները՝ ներքին քաղաքական պատերազմի տակ են՝ Եկեղեցի,Պատմական հիշողություն,Ազգային ինքնության ինստիտուտներ, պահպանողական քաղաքական կառույցներ: Էստեղ ուզում եմ շեշտել, որ խոսքը դրանք սրբադասելու մասին չէ: Դրանք կարելի է քննադատել, բարեփոխել, վերափոխել, բայց երբ իշխանությունը հերթով իր ներքաղաքական պատերազմի օբյեկտ է դարձնում պետության սոցիալական կապիտալ և դիմադրողականություն արտադրող ինստիտուտները, վերջում ստանում ես ինստիտուցիոնալ իմունային համակարգը թուլացած պետություն։ Եվ կրկին նույն չափանիշը։ Սրանից Հայաստանի նկատմամբ արտաքին ճնշումը դժվարացե՞լ է, թե հեշտացել։ Միանշանակ հեշտացել է, որովհետև կրկին շեշտում եմ՝ ինստիտուցիոնալ իմունային համակարգը միտումնավոր թուլացված է և մարտահրավերների տակ է: 3.Իսկ հիմա՝ «Չորրորդ Հանրապետությունը»: Այստեղ արդեն քաղաքական մանիպուլյացիան հասնում է պետականագիտական աբսուրդի սահմանին։ Երրորդ Հանրապետությունը, պարզվում է, կարելի է ելույթով ավարտել։ Չորրորդը՝ ելույթով հիմնադրել։ Հանրապետությունների համարակալումը վարչապետների ստեղծագործական գրականության ժանր չէ։ Եթե հայտարարում եք, որ Հայաստանում նոր Հանրապետություն է հիմնադրվել, ապա ցույց տվեք այն պետական-սահմանադրական փոփոխությունը, որով նոր Հանրապետությունը տարբերվում է նախորդից։ Որտե՞ղ է կառավարման մոդելի փոփոխությունը։ Որտե՞ղ է իշխանության ճյուղերի նոր հարաբերակցությունը։ Որտե՞ղ է պետության գլխի սահմանադրական կարգավիճակի փոփոխությունը։ Որտե՞ղ է կառավարության ղեկավարի լիազորությունների նոր չափաբաժինը։ Որտե՞ղ է նոր ինստիտուցիոնալ կառուցվածքը։ Որտե՞ղ է հիմնադիր սահմանադրական ակտը։ Դրանցից ո՞րն է տեղի ունեցել։ Մենք խորհրդարանական հանրապետություն էինք և ենք: Այդ փակում բացումից Սահմանադրական իշխանության ճյուղերի կառուցվածքը նոր Հանրապետություն հայտարարելու հետևանքով չի փոխվել։ Եթե վարչապետն արդեն նաև Հանրապետության նախագահ է դարձել՝ տեղյակ պահեք։ Եթե կառավարության ղեկավարի լիազորություններն այնպես են փոխվել, որ դա նոր պետական կարգ է ստեղծել՝ ցույց տվեք Սահմանադրության համապատասխան փոփոխությունը։ Եթե կառավարման մոդելն է փոխվել՝ ցույց տվեք նոր մոդելը։ Եթե ոչ մեկը չկա, ապա «Չորրորդ Հանրապետությունը» առայժմ ոչ թե նոր պետական կարգ է, այլ իշխանության քաղաքական ինքնանվանում։ Եվ այստեղ հարցը նույնիսկ բառի կամ թվի ճաշակը չէ։ Պետականությունը իրավական, ինստիտուցիոնալ և պատմական շարունակականություն է։ Երբ հենց գործող իշխանությունն է առանց հիմնադիր սահմանադրական փոփոխության հայտարարում մեկ Հանրապետության ավարտն ու մյուսի սկիզբը, այն հարաբերականացնում է պետության և պետական շարունակականության գաղափարը, կրկնում եմ, երկիրը՝ դառնում է հարաբերական: Եվ արտաքին աշխարհին և ախոյաններին հաղորդվում է չափազանց վտանգավոր ազդակ առ այն, որ Հայաստանում վերանայման առարկա է դարձել անգամ այն հարցը, թե ինչ պետության մեջ ենք ապրում։ Հետո ինչո՞ւ եք զարմանում, որ Հայաստանի նկատմամբ պահանջներ ու շահեր ունեցող արտաքին կենտրոններն էլ Հայաստանի ապագայի վերաբերյալ սեփական պատկերացումներն ունեն և օգտվում են այդ «հարաբերականությունից» ներբեռնելով այստեղ իրենց շահերն ու ձգտումները: Կրկին այս ամենը երկրի դիմադրողականությունը բարձրացնո՞ւմ է, թե՞ կրկին թուլացնում ու սնանկացնում: 4.Անվտանգության համակարգը դրվել է աշխարհաքաղաքական սպասասրահում: Հինը քաղաքականապես սառեցվում է։ Նորը դեռ գոյություն չունի որպես դրան համարժեք ամբողջական պաշտպանական ճարտարապետություն։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ սառեցված են։ Ռուսաստանի հետ նախկին ռազմավարական անվտանգության մոդելը՝ վերանայման մեջ է: Արևմտյան ուղղությունը՝ առանց նախկին համակարգին համարժեք հավաքական պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմի է։ Սա մեծ դժվարությամբ, բայց ենթադրենք կարելի է անվանել «դիվերսիֆիկացիա»։ Բայց բառը իրականությունը չի փոխում։ Ես դիվերսիֆիկացիայի դեմ չեմ։ Ես դիվերսիֆիկացիայի անվան տակ անվտանգային վակուում ստեղծելուն եմ դեմ: Ես դեզօրիենտացիային եմ դեմ: Դիվերսիֆիկացիան այն է, երբ A կախվածությանը ավելացնում ես B, C և D հենարանները և դրանով նվազեցնում մեկ կենտրոնից կախվածությունը։ Դեզօրիենտացիան այն է, երբ A-ն արդեն քանդում ես, իսկ B-ն, C-ն և D-ն դեռ անվտանգության համարժեք մեխանիզմներ չեն դարձել և չեն էլ դառնալու ոչ մոտ ոչ հեռու պագայում: Փոքր պետության համար աշխարհաքաղաքական միջանկյալությունը և պետության հարաբերականությունը ինքնիշխանության դժոխք են։ Այն մեծացնում է արտաքին հարկադրանքի ենթարկելիությունը։ 5.Նույն միջանկյալությունն է տնտեսական և ինտեգրացիոն համակարգերում: Մի տեղից դեռ դուրս չեք եկել։ Մյուս տեղ դեռ չեք մտել։ Հնի հետ հարաբերությունները քաղաքականապես սառեցնում եք։ Նորի մասին խոսում եք ապագայի ժամանակով։ Եվ այդ ամբողջ միջանկյալությունը հասարակությանը ներկայացնում եք որպես ինքնիշխանության բարձրացում։ Բայց աշխարհաքաղաքական միջանկյալությունն ինքնիշխանության աճ չէ։ Ինքնիշխանությունն այն չէ, թե ումից ես հեռանում և ում ես մոտենում։ Ինքնիշխանությունն այն է, թե քանի արտաքին կենտրոնի կարող ես ասել՝ «ոչ», և դրանից հետո պետությունդ շարունակի կանգնած մնալ։ Սա է չափման միավորը։ Ռուսաստանից հեռացե՞լ եք։ Եվրոպային մոտեցե՞լ եք։ ԱՄՆ-ի հետ նոր հարաբերություննե՞ր եք կառուցել։ Դրանք ինքնին ինքնիշխանության չափանիշներ չեն։ Հարցը շատ ավելի պարզ է։ Հայաստանի՝ արտաքին պահանջին և պարտադրանքին «ոչ» ասելու պետական կարողությունը մեծացե՞լ է։ Եթե չի մեծացել, աշխարհաքաղաքական ուղղության փոփոխությունն ինքնիշխանության աճի ապացույց չէ։ Ես որևէ աշխարհաքաղաքական ուղղության պաշտպանը չեմ այս հարցում։ Ես Հայաստանի կարողության պաշտպանն եմ։ Ռուսաստանը, Եվրոպան, ԱՄՆ-ը, Իրանը կամ որևէ այլ կենտրոն ինձ համար ինքնիշխանության չափման միավոր չեն։ Չափման միավորը Հայաստանն է։ Հարցը ոչ թե այն է՝ ո՞ւմ հետ ենք։ Հարցն այն է՝ ինչի՞ ենք ընդունակ մենք։ Քանի՞ արտաքին կենտրոնի կարող ենք անհրաժեշտության դեպքում ասել՝ «սա Հայաստանի շահին հակասում է, հետևաբար չի լինելու», և դրանից հետո ունենալ այդ որոշումը պահելու ռազմական, տնտեսական, դիվանագիտական ու հասարակական կարողությունը։ Ահա սա է ինքնիշխանությունը։ Եվ հենց այստեղ առանձնապես հետաքրքիր է նաև նոր Սահմանադրության թեման։ 6.Իշխանությունը մի կողմից հայտարարում է «Չորրորդ Հանրապետություն» և խոսում դրա նոր Սահմանադրության մասին, մյուս կողմից օրենսդրական փոփոխությամբ հանրաքվեին մասնակցելու իրավունքը կապել է վերջին 730 օրվա ընթացքում Հայաստանում առնվազն 366 օր փաստացի գտնվելու պահանջի հետ՝ նախատեսված բացառություններով։ Այսինքն՝ ուզում եք հիմնադիր նշանակության նոր սահմանադրական փաստաթուղթ, բայց միաժամանակ նեղացնում եք այն ՀՀ քաղաքացիների շրջանակը, որոնք կարող են մասնակցել այդ հիմնադիր որոշմանը։ Այստեղ արդեն հարցս շատ պարզ է։ Եթե նոր Հանրապետություն եք հիմնադրում, ինչո՞ւ եք դրա հիմնադրմանը մասնակցող քաղաքացիների շրջանակը նեղացնում։ Եվ հետո առանձնապես զգույշ եղեք «ժողովուրդն այդպես որոշեց» ձևակերպման հետ։ Նախ պետք է պատասխանել՝ ո՞ր քաղաքացիներին թույլ տվեցիք մասնակցել այդ «ժողովրդի» քաղաքական կամքի ձևավորմանը։ Ո՞րն է ժողովուրդը։ Այն ժողովուրդը, որի մի հատվածին նախապես օրենքով դուրս եք բերել տվյալ որոշմանը մասնակցելու իրավունք ունեցողների շրջանակի՞ց։ 7. Տիգրանաշենը այս ամբողջի արդեն ոչ թե տեսական, այլ տարածքային-ռազմավարական դրսևորումն է։ Խոսքը պարզապես մի քանի քառակուսի կիլոմետրի կամ «անկլավի» մասին չէ, այլ Հայաստանի կենսական հաղորդակցության և անվտանգային դիրքի վրա ազդեցություն ունեցող տարածքի։ Եթե իշխանությունը պնդում է, որ այն պետք է անցնի Ադրբեջանին, պարտավոր է հրապարակել դրա ամբողջ իրավական, քարտեզագրական և սահմանազատման հիմքը, այդ թվում՝ շրջանառվող խորհրդային շրջանի արձանագրությունների ու քարտեզների վերաբերյալ իր փաստարկները։ Բայց նույնիսկ իրավական ամենաանբարենպաստ մեկնաբանության դեպքում գոյություն ունեն բանակցություն, փոխանակում, փոխհատուցում և անվտանգային լուծումներ։ Պետությունը հենց դրա համար ունի դիվանագիտություն։ Այստեղ էլ չափման միավորը նույնն է. Տիգրանաշենի շուրջ հնարավոր լուծումը Հայաստանի նկատմամբ տարածքային և ռազմավարական պահանջներ ունեցող Ադրբեջանի՝ մեզ ճնշելու կարողությունը մեծացնո՞ւմ է, թե՞ նվազեցնում։ Եթե Ադրբեջանը ստանում է ռազմավարական նոր առավելություն, իսկ Հայաստանը՝ դրա համարժեք անվտանգային կամ տարածքային փոխհատուցում չի ստանում, խնդրում եմ դա նույնպես մի անվանեք խաղաղություն։ Խաղաղությունը գործընթաց չէ, որի ընթացքում մի պետություն հետևողականորեն ուժեղացնում է իր դիրքերը մյուսի հաշվին, իսկ մյուսը սեփական դիմադրողականության նվազումը ներկայացնում է որպես ինքնիշխանության աճ։ Հիմա նշածս պատկերը դրեք մեկ սեղանի վրա։ Սա դեռ ամբողջ պատկերը չէ, բայց միայն այսքանով էլ սեղանը արդեն լիքն է։ -Տոտալ պառակտված հասարակություն։ -Ներքին քաղաքական պատերազմի մեջ ներքաշված ազգային ինստիտուտներ։ -Առանց կառավարման մոդելի փոփոխության բանավոր ավարտվող և հիմնադրվող Հանրապետություններ։ -Անվտանգային նախկին համակարգի սառեցում՝ առանց դրան համարժեք նոր պաշտպանական համակարգի ամբողջական կայացման։ -Տնտեսական և աշխարհաքաղաքական միջանկյալություն։ -Տարածաշրջանային ծանր ուժային անհավասարակշռություն։ -Պետության հիմնարար որոշումների մասնակցության համար քաղաքացիների շրջանակի իրավական նեղացում։ -Եվ վերջապես՝ Տիգրանաշենի նման ռազմավարական նշանակության տարածքի շուրջ այնպիսի հնարավոր լուծում, որը կարող է մեծացնել Ադրբեջանի տարածքային, հաղորդակցային և անվտանգային ճնշման լծակները Հայաստանի նկատմամբ՝ առանց Հայաստանի համար տեսանելի համարժեք ռազմավարական փոխհատուցման։ Սա արդեն մեկ թույլ պատի խնդիր չէ։ Դուք միաժամանակ թուլացնում եք պատը, դուռը, կողպեքը և պահակին, իսկ հետո կանգնում եք այդ ամենի դիմաց ու հայտարարում, թե կառուցում եք անվտանգության նոր ճարտարապետություն։ Ու հիմա մեկ չափազանց պարզ հարց։ Այս յոթ կետերից կոնկրետ ո՞րն է Հայաստանի նկատմամբ պահանջներ ու հավակնություններ ունեցող արտաքին ախոյանների համար Հայաստանին իրենց կամքը պարտադրելը դարձրել ավելի դժվար։ Ոչ մի քարոզչական մանիպուլյացիա։ Պարզ պետականագիտական պատասխան է պետք: Քիչ թե շատ գիտական, տրամաբանական, քաղաքագիտական, պետականագիտական կապվածությամբ և զրո մանիպլյացիայով և ժուռնալիզմով։ ․Հասարակությունն ավելի համախմբվա՞ծ է։ ․Ազգային ինստիտուտներն ավելի դիմադրունա՞կ են։ ․Պետականության ինստիտուցիոնալ շարունակականությունն ավելի ամո՞ւր է։ ․Անվտանգային համակարգն ավելի կայո՞ւն է։ ․Տնտեսական և աշխարհաքաղաքական կախվածություններն ավելի կառավարելի՞ են։ ․ՀՀ քաղաքացու մասնակցությունը հիմնարար որոշումներին ավելի լա՞յն է։ ․Տիգրանաշենի շուրջ հնարավոր լուծումն Ադրբեջանի ռազմավարական ճնշման հնարավորությունը նվազեցնո՞ւմ է, թե՞ մեծացնում։ Ահա սա է պետականագիտական չափման միավորը։ Եթե այս յոթ ուղղություններից որևէ մեկում Հայաստանի դիմադրողականությունը չի աճել, իսկ մի քանիսում նվազել է, ապա թույլ մի տվեք՝ այդ ամբողջ պրոցեսը անվանել «ինքնիշխանության ամրապնդում»։ Որովհետև ինքնիշխանությունը ոչ թե հայտարարությունների քանակն է, այլ արտաքին պահանջին դիմակայելու պետական կարողությունը։ Իսկ եթե Տիգրանաշենի դեպքում էլ վերջնական արդյունքը այն է, որ Ադրբեջանը ստանում է լրացուցիչ ռազմավարական առավելություն, իսկ Հայաստանը՝ նոր խոցելիություն, ապա դա արդեն խաղաղության բառապաշարով փաթեթավորված հերթական զիջում չէ միայն։ Դա Հայաստանի նկատմամբ արտաքին հարկադրանքի հնարավորության աճ է։ Քաղաքական ինտելեկտի պակասը որոշ ժամանակ հնարավոր է փակել մանիպուլյացիայով։ Պետական կարողության պակասը՝ ոչ։ Ու սա է իմ հիմնական հարցը։ Ես չեմ հարցնում՝ Հայաստանը, ո՞ր աշխարհաքաղաքական ուղղությամբ է գնում։ Ես շատ ավելի պարզ բան եմ հարցնում։ Այս կառավարման արդյունքում Հայաստանի նկատմամբ պահանջներ նկրտումներ ունեցող արտաքին ուժերի և ախոյանների համար Հայաստանին իրենց կամքն ու շահը պարտադրելը դառնո՞ւմ է ավելի դժվար, թե՞ ավելի հեշտ։ Եթե ավելի հեշտ ապա դա մի անվանեք ինքնիշխանության ամրապնդում։ Որովհետև ինքնիշխան պետությունը այն չէ, որի ղեկավարը շատ է խոսում ինքնիշխանությունից։ Ինքնիշխան պետությունը այն է, որին դժվար է ինչ-որ բան պարտադրել։ Փոքր պետության ուժը հենց սա է՝ իր նկատմամբ հավակնություն և պարտադրանք ունեցող ուժի «ուզում եմ»-ի դիմաց պետականորեն կարողանալ ասել՝ «չի լինելու» և դրանից հետո շարունակել կանգնած մնալ։ XXI դարում արտաքին ինտերվենցիայի համար պարտադիր չէ տանկերով մտնել մայրաքաղաք։ Եթե հասարակությունը պառակտված է, ինստիտուտները՝ թուլացած, անվտանգային համակարգը՝ միջանկյալ, արտաքին հենարանները՝ վերադասավորման մեջ, տնտեսական ինտեգրացիան հարաբերական, իսկ պետական ինքնությունն անգամ դարձել է վերաձևակերպման առարկա, Հայաստանի նկատմամբ պահանջներ ունեցող արտաքին թշնամուն պարտադիր չէ դուռը կոտրել։ Դուք հերթով հանում եք այն կողպեքները, որոնք պիտի թույլ չտային նրան իր պահանջները պարտադրել Հայաստանին։ Բայց նույնիսկ սա ամենավտանգավորը չէ։ Ամենավտանգավորը կողպեքները հանելն է և հետո հասարակությանը քաղաքական ինտելեկտը վիրավորող երկար բացատրություններով համոզելը, որ հենց դա է կոչվում՝ ինքնիշխանություն։ P.S. Իմ ինտելեկտը կարելի է վիրավորել, բայց գիտելիքն ու սկզբունքները ոչ»: