«Թիրախավորվում են ՀՀ-ի պետական և ազգային ինքնության հիմնասյուները»․ Դավիթ Անանյան
70
Այսօր, 02:06
«Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում ներկայացվեց ոչ թե հերթական հնգամյա ծրագիրը, այլ Հայաստանի պետական ինքնությունը, արտաքին կողմնորոշումը և պատմաքաղաքական օրակարգը վերաձևակերպելու իշխանական նախագիծը։ ԵՄ-ին պաշտոնապես դիմելու մտադրությունը, ՀԱՊԿ վերադառնալու հնարավորության բացառումը, ռուսական երկաթուղային կոնցեսիայի վերանայման պահանջը և էներգետիկ համակարգում գործընկերների հնարավոր փոփոխությունը մեկ ամբողջության մեջ վկայում են, որ գործող իշխանությունն այլևս փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունները ենթարկել ինստիտուցիոնալ վերադասավորման՝ անվտանգային, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ մակարդակներում։ Հայաստանը փաստացի հեռացվում է նախկին անվտանգային միջավայրից՝ չունենալով նոր պաշտպանական երաշխիքներ։ Ռուսական շուկայի և ենթակառուցվածքների կախվածությունները վիճարկվում են՝ առանց արտահանման, լոգիստիկայի և էներգետիկայի անցման հաշվարկված ծրագրի։ ԵՄ անդամակցության մասին հայտարարվում է՝ առանց անդամակցության առաջարկի, ճանապարհային քարտեզի և ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու տնտեսական հետևանքների գնահատման։ Սա դիվերսիֆիկացում չէ։ Սա երկիրը մի համակարգից հեռացնելու և դեռ չձևավորված մեկ այլ համակարգի ճանապարհին անպաշտպան թողնելու քաղաքականություն է։ Բայց արտաքին ուղղության փոփոխությունը ծրագրի միայն մի մասն է։ Ներքին քաղաքականության մեջ թիրախավորվում են Հայաստանի պետական և ազգային ինքնության հիմնասյուները։ Նոր Սահմանադրությունը նախատեսվում է ազատել Անկախության հռչակագրին հղումից։ Արցախի վերադարձի, ինքնորոշման և քաղաքական իրավունքների օրակարգը ներկայացվում է որպես Հայաստանի պետականությանը սպառնացող անցյալի ժառանգություն։ Իսկ գործադիր իշխանությունն արդեն պաշտոնական ծրագրով ստանձնում է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությանը փոխելու առաքելություն։ Այս ամենը ներկայացվում է որպես ընտրական մանդատի իրականացում։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների արձագանքը թեև ակտիվ էր, սակայն քաղաքական արդյունքի տեսանկյունից՝ դեռևս անբավարար։ Հնչեցին ճիշտ հարցեր Ռուսաստանի հետ հարաբերությունների, սահմանադրական փոփոխությունների, Արցախի, Տիգրանաշենի, ՀԱԵ-ի և երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ։ Եղան կոշտ հակադարձումներ, ճեպազրույցներ, սեղաններին հարվածելու և դահլիճը լքելու ցուցադրական քայլեր։ Հայտարարվեց նաև ԱԺ կանոնակարգի խախտման հարցով Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին։ Բայց իշխանությունը ներկայացրեց պետական վերափոխման ամբողջական քաղաքական նախագիծ, իսկ ընդդիմությունը դրան պատասխանեց առավելապես առանձին դրվագներով։ Իշխանությունն օրակարգ է թելադրում, իսկ ընդդիմությունը շարունակում է արձագանքել իշխանության հերթական հայտարարությանը։ Այս հարաբերակցությամբ նույնիսկ ամենակոշտ հակադարձումը քաղաքական էական արդյունք չի ապահովելու։ Ավելին՝ այս ծրագիրը նախատեսվում է իրագործել ոչ միայն խորհրդարանական մեծամասնության քվեներով, այլև ռեպրեսիվ նոր գործողություններով։ Դրա հերթական և չափազանց խոսուն դրսևորումն այսօր վաղ առավոտյան էր։ Ժամը 07։00-ի սահմաններում դիմակավորված ուժայինները ներխուժել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարան և խուզարկություն սկսել։ Մինչ այս պահը հրապարակված չեն ո՛չ գործողության իրավական հիմքը, ո՛չ վարույթի բովանդակությունը։ Այս իշխանությունը հասկանում է, որ Արցախի օրակարգի փակումն առանց դիմադրության չի անցնելու։ Անկախության հռչակագրից սահմանադրական հեռացումը հանրային համաձայնություն չունի։ ՀԱԵ ղեկավարությունը քաղաքական որոշմամբ փոխելու փորձը բախվելու է եկեղեցական ու հանրային դիմադրության։ Իսկ Ռուսաստանի հետ անվտանգային և տնտեսական համակարգերի չհաշվարկված կազմաքանդումը դեռ ունենալու է ծանր սոցիալական հետևանքներ։ Հետևաբար, ապազգային այս ծրագրի իրականացման համար իշխանությանն անհրաժեշտ է լինելու ոչ միայն քարոզչություն, այլև դիմադրության օջախների թուլացում, ընդդիմախոսների քրեականացում և հանրային վախի վերարտադրում։ Այս պայմաններում ընդդիմության խնդիրը միայն հերթական սադրանքին արձագանքելը կամ խորհրդարանի սեղաններին հարվածելը չէ։ Անհրաժեշտ է ձևավորել միասնական ազգային հակածրագիր, ներկայացնել իրավական ու տնտեսական հիմնավորումներ և քաղաքականորեն պաշտպանել յուրաքանչյուր անձի ու կառույցի, որը թիրախավորվում է այս ծրագրին դիմադրելու համար։ Հակառակ դեպքում իշխանությունը ցերեկը շարունակելու է վերաշարադրել Հայաստանի պատմությունն ու պետական հիմքերը, իսկ վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները մտնելու են հերթական ընդդիմախոսի տուն»: