«Նիկոլ Փաշինյանը հռչակեց անկախության կորուստը»․ Լևոն Զուրաբյան
62
Այսօր, 15:12
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՌՉԱԿԵՑ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ԿՈՐՈւՍՏԸ Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանի կողմից միաձայն ընդունվեց Անկախության հռչակագիրը, ոչ ոքի մտքով այն ժամանակ չէր անցնի, որ պատմական այդ իրադարձության 36-րդ տարեդարձը մենք կդիմավորենք մի Հայաստանում, որի իշխանությունները - Մերժելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, կընդունեն ադրբեջանական հայատյաց կառավարական պրոպագանդայի այն պնդումը, որ ՀՀ Սահմանադրությունը, հղում տալով Անկախության հռչակագրին, տարածքային պահանջներ է դնում Ադրբեջանի առաջ: - Հանդես կգան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրորեն երաշխավորված ազատություններն ու ինքնուրույնությունը ոչնչացնելու կառավարության հակասահմանադրական ծրագրով։ - Պատրաստակամություն կհայտնեն՝ հավելումն ԹՐԻՓՓ-Զանգեզուրի միջանցքի տրամադրման, նաև Ադրբեջանին հանձնելու այսպես կոչված «անկլավները», ինչն էլ ավելի կխորացնի Ադրբեջանի վերահսկողությունը Հայաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ռազմավարական հաղորդակցության ուղիների նկատմամբ: 1991-ին անկախության ձեռքբերումից ի վեր, Հայաստանը և նրա իշխանությունները երբեք Ադրբեջանին կամ հարևան որևէ երկրի չեն ներկայացրել տարածքային պահանջներ: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի պնդումները Հայաստանի կողմից իբր այլ երկրներում «հայրենիք փնտրելու» մասին ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական պետության վարկաբեկման և Ադրբեջանի ստահոդ պրոպագանդայի լեգիտիմացման դավաճանական հակապետական գործունեություն: Այսպես կոչված նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում սեփական պետական կամքից զրկված, ազգային հայկական պետությունը վերացրած և ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է: Այդ ծրագիրը հայ ժողովրդի կողմից չի ընդունվել, ընտրությունները կեղծված են, և հայ ժողովուրդը դեռ իր խոսքը կասի»: