«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
51
Այսօր, 01:18
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կուսակցության լրատվական ծառայության հայտարարությունը․ «Հարգելի հայրենակիցներ, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի դեմ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հանձնարարությամբ «կարված» գործի դատավարությունը շուտով կմեկնարկի։ Այն ունենալու է պատմական և ճակատագրական նշանակություն, քանի որ ոչ այնքան քաղբանտարկյալներ Թևանյանին ու Մանուկյանին է վերաբերում, որքան առնչվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, հայ-ռուսական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններին, ԵՄ չինովնիկների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ Նիկոլ Փաշինյանի միջոցով և ՀՀ շահերի հաշվին իրականացվող հիբրիդային պատերազմին։ Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով և ուղղակի ազդեցություն է ունենալու Հայաստանի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Դատելով գործի քաղաքական ենթատեքստից՝ Անդրանիկ Թևանյանը փաստացի մեղադրվում է՝ • ընդդիմադիր գործունեություն ծավալելու և իշխանափոխությանն ուղղված ջանքեր գործադրելու, այդ թվում՝ Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկմանը նպաստելու, • հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերություններին կողմ լինելու, այդ հարաբերությունները փչացնող փաշինյանական իշխանության դեմ ռուսական փորձագիտական, քաղաքական շրջանակների մասնագիտական աջակցությամբ քայլեր իրականացնելու, • թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող ՀՀ օրվա իշխանության քաղաքականությունը չընդունելու, • սահմանագծման ու սահմանազատման անվան տակ Ադրբեջանի օգտին Հայաստանի միակողմանի զիջումներին դեմ լինելու, • Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելուն դեմ լինելու, • Դոնբասի հայ համայնքի հրավերով «Մայր Հայաստանի» հումանիտար այց կատարելու, • Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ և հայ ժողովրդին մանրադրամ դարձնելուն դեմ լինելու համար։ Վերը նշված քայլերն ու դիրքորոշումը Փաշինյանի գնահատմամբ լրտեսություն է և պետական դավաճանություն, իսկ մեր գնահատմամբ՝ նշվածին հակառակ քայլերն ու դիրքորոշումն է պետական դավաճանություն։ Այս դատավարությունն աննախադեպ է լինելու նաև այն առումով, որ կայացվելու է աշխարհաքաղաքական և անվտանգային վճիռ։ Խնդիրն այն է, որ Թևանյանի «գործով» ՀՀ օրվա իշխանությունը Ռուսաստանի Դաշնությանը հռչակում է որպես թշնամի, իսկ Ադրբեջանին ու Թուրքիային՝ որպես բարեկամ երկիր։ Եվ դա այն դեպքում, երբ ՌԴ-ն դե յուրե մեր երկրի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական գործողությամբ հայաթափել են Արցախն ու հիմա միակողմանի զիջումներ են պահանջում Հայաստանից։ Սիրելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանն այս հիբրիդային դատավարությամբ գնում է հերթական արկածախնդրության։ 2018թ.-ից մեկնարկած նրա արկածախնդրությունից օգտվեց Ադրբեջանը, և մենք կորցրեցինք Արցախը, 120 հազար հայ էթնիկ զտման ենթարկվեց։ Փաշինյանի այս նոր հիբրիդային արկածախնդրության գինը շատ ավելի ծանր է լինելու, ու կրկին օգտվելու է թուրքական աշխարհը։ Դատավարությունը ցույց կտա, թե որ ուղղությամբ է շարժվելու Հայաստանը։ Ազատություն Անդրանիկ Թևանյանին։ Ազատություն Արեգնազ Մանուկյանին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։