Արվեստաբան Անուշ Հակոբյանը գրում է. «Ոսկու սրբազան նշանակության մասին. Քաղաքակրթությունների պատմության ակունքներից բոլոր հնագույն քաղաքակրթությունները ունեցել են ոսկու սրբազան նշանակության, խորհուրդի մասին իմացություն: Ընդհանուր առմամբ՝ ոսկին ընկալվել է՝ որպես հոգևորի, բարձրագույն իմացության խորհուրդ: Արքայական ու հոգևոր նյութական կյանքում ոսկյա իրերն ունեցել են հոգևորի նյութական արտացոլման նշանակություն, արքայականի դեպքում՝ նաև հոգևոր իմացությամբ զորացած իշխանության, իմաստուն կառավարման խորհուրդ: Միջնադարում ոսկին ընկալվել է՝ որպես Աստծո անպատկերելի ներկայության սիմվոլ: Ահա թե ինչ նշանակություն ունեն սրբապատկերների ամբողջ ֆոնը գրավող ոսկին, ոսկյա առարկաները կրոնական սպասքում (հոգևոր արարողության սպասավորման առարկաներում), հոգևորականների հագուստում: Ինչպես խորքային հոգևոր իմացության այլ ձևեր, սա ևս հայտնի է եղել մեր քաղաքակրթությանը: Ե՛վ մինչքրիստոնեական շրջանում՝ սկզբնավորումից, և՛ միջնադարում ոսկին կիրառվել է այս նույն նշանակությամբ: Սբ Գրիգոր Տաթևացին արդեն միջնադարում, ոսկին անվանում է «անապական»՝ իբրև հինգերորդ էության խորհուրդ, տարր, մինչդեռ մյուս գույները (կարմիր, կանաչ, սև, կապույտ) խորհրդանշում են չորս տարրերը: Միջնադարից հետո, նոր ժամանակներում, շատ նկարիչներ են ոգեշնչվել այս իմացության հիմքի վրա ստեղծած արվեստից՝ նոր արվեստ ստեղծելու համար: Ամենից ճանաչելի օրինակը բերեմ. Գուստավ Կլիմտը իր նշանավոր «ոսկյա շրջանի» շարքը («Համբույր», «Ոսկյա Ադել» և այլն) ստեղծել է Ռավեննայի բյուզանդական ոսկեթաթախ խճանկարները տեսնելուց հետո»: