Երևան`   +29 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2026 թ.

«Ի՞նչ են ուզում Հայաստանից»․ Արեգ Սավգուլյան

50
Այսօր, 16:18
«Ի՞նչ են ուզում Հայաստանից»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ են ուզում Հայաստանից. Ռուս-թուրքական ակցանում.
1. Ռուսաստանը և Թուրքիան ունեն «գաղտնի համաձայնագիր» ըստ երևույթին, որտեղ զետեղված է նրանց ազդեցության գոտիների վերաբաշխման ճանապարհային քարտեզը և խաղի կանոնները։ Ռուսաստանը ըստ դրա կիսում է Կովկասում իր ազդեցությունը Թուրքիայի հետ։ Վրաստանում թուրք-ադրբեջանական ներդրումները 5 անգամ գերազանցում են ՌԴ-ինը, Ադրբեջանում նույնքան թուրքերը գերազանցում են ռուսներին։ Իսկ Հայաստանում Ռուսաստանի ներդրումները կազմում են 24 %, իսկ թուրք-ադրբեջանական կապիտալը դեռևս անտեսանելի է, սակայն դա փոխհատուցվում է քաղաքական ազդեցության մեծացմամբ և այստեղ բարդ է հստակ տոկոս նշելը, որովհետև այդ իմաստով Հայաստանը թևակոխել է տրանսֆորմացիոն ռեալ կամ իմիտացիոն փուլ, որը նույնպես խաբուսիկ է, որովհետև ռուսները սկսել են մեզ հետ հին սլավոնական բարբառով զրուցել։
2. Ռուսները մեզ ասում են կողմնորոշվեք յա դես, յա դեն, կամ շարունակում եք աշխատել ԵԱՏՄ-ը ձևաչափով կամ հանրաքվեի ճանապարհով կողմնորոշվեք։ Սա հիշեցնում է ՆՓ-ի հայտնի արտահայտությունը «դուրս եկեք փողոց և հեղափոխություն արեք»։ Բայց ռուսական իսթաբլիշմենթը վերից վար, երբեք չի խոսում այն մասին, որ հայերդ հեռու մնացեք թուրքերից, որ եթե պառկեք թուրքերի տակ մեր վրա հույս չդնեք։ Նրանք անընդհատ մատնացույց են անում Արևմուտքը։ Ինչո՞ւ։ Միգուցե տաբո՞ւ է դրված ռուսական շրջանակներում՝ քաղաքակրթական իմաստով Լենին-Քեմալ գործարքից մինչև մեր ժամանակները, տալ թուրքերի անունը։ Մեղավոր են ամերիկոսները, ֆրանկները, ֆրիցները, բայց ոչ երբեք թուրքերը։
3. Արցախը ծուղակ էր, որտեղ թաթախվեց թուրք-սելջուկյան վիշապը, իսկ ռուսները փորձում են ամեն կերպ վայրի գազանին զբաղեցնել նոր խայծով: Նույնը խաղը վարում է Արևմուտքը և այս անգամ զոհասեղանին Սյունիքն է։ Երկուսն էլ հավաստիացնում են Սուլթանաթին, որ քո Թուրանի դարպասների բանալին մեզ մոտ է, մենք ենք որոշում։ Արդյունքում գլոբալ մրցավազքում խաղադրույքները Կովկասում իրականացվում են այժմ Հայաստանի ազգային կապիտալի հաշվին։ Բայց թուրքերն էլ խորամանկորեն քաշում են իրենց կողմ, որ պարտական չլինեն ո՛չ ռուսներին, ո՛չ էլ Արևմուտքին։
4. Երբ աշխարհը վերաբաժանում են և նոր սահմանաքարեր տնկում անկախության գաղափարը փոքր պետություններում ճզմում են այնքան, որ ազգային ինքնության ձայնդ խեղվի կոկորդում և քեզ տալիս են միայն խոնարհվելու և ծնկի գալու երկընտրանքը, բայց մարդու մեջ ընդվզելու բնական իրավունքը ապրում է դեռ անհիշելի ժամանակներից, ուղղակի ներկա իշխանությունը Հայոց պետականության կործանման Բաբելոնի աշտարակը հիմնում է թուրք ինժեներների և ճարտարապետների խորհրդով, որի Ելքը տանում է միայն Բարձր դուռ, մինչդեռ պետք է ռեսուրսը ծախսել կամուրջների կառուցման համար, որը Հայաստանը կկապեր տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների՝ ապահովելով սեյսմակայուն ճոճք և ոչ թե ազգային պետության փլուզում։
Հ.Գ. Երբեք ուշ չէ, երբ ապրում ես հավատով և վստահում ես ինքդ քեզ։ Պետք է ոչ թե կախված ապրես բոլորից, այլ բոլորին կապես փոխադարձ շահերի բարդ սարդոստայնով քեզ, ուստի Հայոց աշխարհին նոր Ճարտարապետ է պետք և ո՛չ թե խամաճիկ սփայդերմեն, որը մեկի գրկից թռնում է մյուսի գիրկ և խոստանում, որ միայն իր հետ է»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան