Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2026 թ.

«Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին–Փաշինյան հանդիպումը». Սուրեն Սուրենյանց

49
Այսօր, 00:48
«Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին–Փաշինյան հանդիպումը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին–Փաշինյան հանդիպումը

Հարկ եմ համարում առանձնացնել մի քանի դիտարկում։
● Երեկվա հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը ոչ թե լուծել են առկա հակասությունները, այլ պայմանավորվել են շարունակել դրանց կառավարումը։ Ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը բովանդակային շրջադարձ տեղի չի ունեցել․ տպավորություն էր, թե ականատես ենք նախորդ հանդիպման շարունակությանը՝ նույն խնդիրներով, բայց արդեն ավելի բաց և կոշտ ձևակերպումներով։
● Սկզբունքային որևէ հարցում դիրքորոշումների մերձեցում չարձանագրվեց։ Ընդհակառակը՝ ԵՄ–ԵԱՏՄ ընտրության շուրջ տարաձայնությունն ավելի հստակ ու հրապարակային դարձավ։ Պուտինը Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսող օրենքը փաստացի որակել է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություն և պահանջել հնարավորինս արագ կողմնորոշվել։ Փաշինյանը հակադարձել է, որ դուրս գալու մասին ծանուցում չի ուղարկվել, ԵԱՏՄ-ում հեռացման մեխանիզմ չկա, իսկ ընտրության պահը դեռ չի հասել։ Սա հակասության ինստիտուցիոնալացում է։
● Մոսկվայի հրավերը Փաշինյանի համար ընդամենը մարտավարական ձեռքբերում է։ Հանդիպումից հետո նա որպես գլխավոր արդյունք ներկայացրել է Մոսկվայում «անկեղծ և կառուցողական խոսակցությունը» շարունակելու պայմանավորվածությունը՝ հանդիպումը որակելով «շատ լավ»։ Պուտինն իր հերթին հստակեցրել է, որ Մոսկվայում մասնագետների մասնակցությամբ «կետ առ կետ» պետք է քննարկվեն կոնկրետ խնդիրները։ «Շատ լավ հանդիպում» ձևակերպումն այս պարագայում ընդամենը քաղաքական քողածածկույթ է։
● Բանակցությունների հաջորդ փուլում առանցքային կարող է դառնալ Հայաստանի երկաթուղու հարցը։ Պուտինը հնարավոր ներդրումներն ուղղակիորեն կապել է բեռնափոխադրումների ծավալի և տնտեսական նպատակահարմարության հետ։ Հարցն անմիջականորեն առնչվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, TRIPP նախագծին։
● Բիշքեկից հետո առայժմ որևէ հիմք չկա ենթադրելու, որ Մոսկվան պատրաստվում է վերանայել վերջին ամիսներին Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումները։ Փաշինյանն էլ որևէ ազդակ չտվեց, որ Երևանը պատրաստ է վերանայել երկրի ռազմավարական կուրսի փոփոխությունը։
● Հանդիպումը ցույց տվեց նաև, որ հայ–ռուսական հարաբերությունների նախկին դաշնակցային մոդելը փաստացի սպառված է։ Փաշինյանն այս մասին խոսել էր դեռ օրեր առաջ, իսկ երեկ նման հեռանկարը հրապարակայնորեն դիտարկել է նաև Ռուսաստանի նախագահը։ Պուտինի հայտարարությունը, թե եթե Հայաստանին ռուսական ռազմաբազան պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է հեռանալ «նույնիսկ վաղը», չափազանց խոսուն էր։
Սա, իհարկե, չի նշանակում, որ ռուսական ռազմաբազան հենց վաղը դուրս է բերվելու Հայաստանից:
Պուտինի հաջորդ հարցադրումը՝ «բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան», ցույց է տալիս, որ բազայի թեման այս փուլում նաև բանակցային լծակ է։ Մոսկվան բարձրացնում է հնարավոր խզման գինը և միաժամանակ դրա հետևանքների պատասխանատվությունը տեղափոխում Երևանի վրա։
● Ըստ էության, Բիշքեկում տեղի ունեցավ ոչ թե հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների «վերաբեռնում», այլ դրանց վերահսկելի ապամոնտաժման կամ վերաձևակերպման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Իսկ դրանք նույնը չեն։
Ես ավելի շատ հակված եմ խոսել «վերաձևակերպման» մասին, որը ենթադրում է ոչ թե ինստիտուցիոնալ խզում, այլ հարաբերությունների «նեղացում», դրանց էական տրանսֆորմացիա:
Երևանը շարունակում է ռազմավարական կուրսի փոփոխությունը, Մոսկվան՝ այդ փոփոխության քաղաքական ու տնտեսական գինը բարձրացնելու քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ, երկու կողմերն էլ առայժմ շահագրգռված են, որ այս հակադրությունը չվերածվի անվերահսկելի խզման»։