Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2026 թ.

«Մոսկվան որդեգրել է բացահայտ էսկալացիոն ռազմավարություն». Հրայր Կամենդատյան

53
Այսօր, 01:12
«Մոսկվան որդեգրել է բացահայտ էսկալացիոն ռազմավարություն». Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ ռուսական վերջին բարձրամակարդակ շփումները և Ռուսաստան-Հայաստան երկխոսության բովանդակությունը փաստում են, որ մեր տարածաշրջանում քաղաքական հարաբերությունները դուրս են եկել դիվանագիտական դասական շրջանակներից և անցել ուղղակի ճնշումների ու շանտաժի լեզվին։
Վերլուծելով Պուտին-Փաշինյան վերջին զրույցի տեքստային և ենթատեքստային ուղերձները՝ ակնհայտ է դառնում, որ Մոսկվան որդեգրել է բացահայտ էսկալացիոն ռազմավարություն։ Ռուսական կողմի հիմնական հարվածային ուղղությունները հստակ են և թիրախավորում են Հայաստանի տնտեսության ամենախոցելի հանգույցները․
1. Զուգահեռ ներմուծման և վերաարտահանման սահմանափակում․ Հայաստանի տարածքով դեպի ՌԴ եվրոպական ապրանքների վերաարտահանման արգելքը ծանր հարված է վերջին երկու տարիներին ձևավորված տնտեսական ակտիվությանն ու բյուջետային մուտքերին։
2.Էներգետիկ ճնշում․ Գազի և էներգակիրների գնի մոտեցումը եվրոպական շուկայական մակարդակին նշանակում է ներքին սպառման ապրանքների ու ծառայությունների կտրուկ թանկացում, որը կարող է կաթվածահար անել տնտեսությունն ու սոցիալական բողոքի ալիք բարձրացնել։
3.Վարչարարական և ֆիտոսանիտարական խոչընդոտներ․ Լարսի անցակետում պարբերաբար կրկնվող արգելքների շարունակականությունը սպառնում է հայկական գյուղատնտեսությանն ու արտահանման ոլորտին։
Այս պայմաններում Երևանի փորձերը՝ հակադրելու սեփական «հակաշանտաժները», չտվեցին սպասված արդյունքը։ Երկաթուղային ենթակառուցվածքների հետ կապված լծակների կիրառումը կամ ռուսական ռազմաբազայի գործոնով մանևրելու փորձերը ոչ միայն չեզոքացվեցին Մոսկվայի կողմից, այլև ցույց տվեցին, որ հայկական կողմի դիմադրողականության ռեսուրսները խիստ սահմանափակ են։
Խորքային պատկերը և հետևությունները
Խորքային իմաստով, Մոսկվան անցնում է «կոշտ ուժի» և տնտեսական պարտադրանքի քաղաքականությանը։ Հայաստանի գործող իշխանությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ ավանդական դաշնակցին դիմակայելու համար այլևս չկան ծանրակշիռ ռազմավարական կամ տնտեսական խաղաքարտեր։
Արտաքին քաղաքականության մեջ արագընթաց դիվերսիֆիկացիա հայտարարելը, առանց անվտանգային և տնտեսական այլընտրանքային ամուր հիմքեր ստեղծելու, բերեց նրան, որ Հայաստանը կանգնեց ռեալ տնտեսական շրջափակման և անվտանգային վակուումի առջև։ Առանց գործընկերների հետ հստակ երաշխիքների և սեփական կարողությունների կտրուկ մեծացման, էսկալացիոն ճանապարհով ընթացող հակառակորդին կամ դաշնակցին դիմակայելն անհնար է։
Հայաստանին անհրաժեշտ է դուրս գալ էմոցիոնալ հակազդեցությունների դաշտից և ձևավորել սառնասիրտ, հաշվարկված ռազմավարություն, որը հիմնված կլինի ռիսկերի կառավարման, տնտեսական դիմադրողականության բարձրացման և իրատեսական դիվանագիտության վրա։Այս իմաստով ընդդիմությունը պետք է ունենա փոխարինման պատրաստ կայունացնող պատրաստի այլընտրանք , թէ կոնկրետ պաշտոնյաների և թէ մարտավարական քայլերի մասով։