«Ինչ կլիներ, եթե 1990թ․ օգոստոսի 4-ին Տեր-Պետրոսյանը չընտրվեր խորհրդարանի նախագահ»․ Թաթուլ Հակոբյան
59
Այսօր, 01:06
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես պատմության մեջ եթե-ներ սիրում եմ դնել: Օրինակ, ինչ կլիներ, եթե 1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 4-ին, որը հիշում եմ ինչպես այս օրը, Լևոն Տեր-Պետրոսյանը չընտրվեր խորհրդարանի նախագահ, այլ, օրինակ, Հայաստանի կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Մովսիսյանը: Կամ, օրինակ, իշխանության գար ոչ թե ողջախոհությունը, չափավորությունն ու ռեալ պոլիտիկը, այլ հայկական Էլչիբեյը կամ հայկական Գամասախուրդիան: Վերջերս շատ եմ մտածում, որ գուցե ավելի լավ լիներ Արցախը հայաթափվեր 1990-1991-ին, որպեսզի արցախահայության ու Հայաստանի հայության երկու սերունդ մենք չուղարկեինք մահվան դուռը, չլինեին Եռաբլուրներ: 1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 4-ին, Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Խորհրդային Հայաստանի վերջին գումարման խորհրդարանի նախագահ: Այսպիսով, 70 տարի իշխանության ղեկին մնալուց հետո Հայկոմկուսը պարտություն կրեց սահմանադրական՝ ընտրությունների ճանապարհով: Տեր-Պետրոսյանի հետ Գերագույն խորհրդի նախագահի աթոռին հավակնում էր Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը: Օգոստոսի 3-ին, փակ, գաղտնի քվեարկության առաջին փուլում Վլադիմիր Մովսիսյանը ստացավ 93, Իսկ Տեր-Պետրոսյանը՝ 110 ձայն: Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 83, Տեր-Պետրոսյանը՝ 124: Օգոստոսի 4-ին կազմվեց թեկնածուների նոր ցուցակ՝ Տեր-Պետրոսյան, Մովսիսյան, Պարույր Հայրիկյան, Հրաչիկ Սիմոնյան, Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան: Ինքնաբացարկ հայտարարեցին Սիմոնյանը, Մանուկյանը և Ղազարյանը: Հայրիկյանը ստացավ 8 քվե, Մովսիսյանը՝ 81, Տեր-Պետրոսյանը՝ 123: Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 76, Տեր-Պետրոսյանը՝ 140 և ընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում՝ փաստացի ստանձնելով նաև հանրապետության առաջնորդի լիազորությունները»: