«ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է»․ Արամ Սարգսյան
62
Այսօր, 09:30
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե չկա, ուրեմն չկա... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին Եկատերինբուրգում մասնակցեց, արարողակարգային առումով, պետության առաջին դեմքին ոչ հարիր միջոցառման և հանդիպեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ փորձելով լուծել հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող ռուսական սահմանափակումների վերացման հարցը։ Փաստորեն, խնդիրը չլուծվեց։ Ավելին՝ սահմանափակումների ցանկն ընդլայնվեց, իսկ Միշուստինը նույնիսկ չշնորհավորեց Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ՌԴ նախագահը պահանջել է կատարել ԵԱՏՄ առաջնորդների պահանջը, հստակ կողմնորոշվել՝ ԵՄ, թե ԵԱՏՄ ուղղությամբ է շարժվելու Հայաստանը, և այդ հարցը լուծել հանրաքվեի միջոցով։ Փաստորեն, այս անգամ ևս խնդիրը չլուծվեց։ Ավելին՝ Պուտինը նույնպես չշնորհավորեց Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ըստ էության, ՀՀ վարչապետը սպառել է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը հարթելու բոլոր հնարավոր տարբերակները։ Ստացվում է, որ իրականություն է դառնում հենց Փաշինյանի նախկինում արտահայտած միտքը, թե՝ «ԵԱՏՄ չկա»։ Եթե չկա, ուրեմն չկա։ Իմ կարծիքով՝ հետևությունը հետևյալն է. ՌԴ-ն Նիկոլ Փաշինյանին չի ընկալում որպես լիարժեք գործընկեր՝ ՀՀ վարչապետի կարգավիճակում։ Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է Հայաստանին պարտադրել հանրաքվե։ Այդ նպատակով, հավանաբար, աշնանը կակտիվացնի իր ազդեցության ողջ գործիքակազմը՝ քաղաքական ուժերից մինչև եկեղեցական շրջանակներ։ Եթե այդ ճանապարհով ցանկալի արդյունքի չհասնի, ապա ձմռան մոտ, բողոքի ալիքն ուժեղացնելու նպատակով, կարող է կտրուկ բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը։ 1. Դուրս գա ՀԱՊԿ-ից։ 2. Դուրս գա միասնական հակաօդային պաշտպանության համակարգից։ 3. Արագացված ընթացակարգով վերսկսի 2013 թվականից կիսատ մնացած ԵՄ-ի հետ Ազատ առևտրի և Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Հետագա քայլերի հերթականությունը պետք է մշակվի՝ հաշվի առնելով ՌԴ-ի արձագանքը այս երեք քայլերին։ Իմիջիայլոց, թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չեն։ Ավելին, Վրաստանը նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի ՌԴ-ի հետ, սակայն առևտրատնտեսական կապերը, ինչպես ուղղակի, այնպես էլ՝ Ադրբեջանի պարագայում, ստվերային, այդ թվում՝ գազային համագործակցության միջոցով, Հայաստանից պակաս չեն։ ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Ինչպես անդամակցելու, այնպես էլ դուրս գալու համար հանրաքվե անցկացնելու իրավական պարտադիր պահանջ չկա։ Իսկ դուրս գալուց հետո Հայաստանին սպասողներ և աջակցողներ կան։ Դարդ մի՛ արեք։ Մի բան, իմ կարծիքով, ակնհայտ է. ՌԴ-ի ազդեցության գոտուց դուրս եկած երկրներն այսօր, որպես կանոն, ավելի ժողովրդավարական, ավելի պաշտպանված և ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում, քան ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում մնացած պետությունները»։