Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հունիսի, 2026 թ.

«Քաղաքացու իրավունքները չեն կարող զոհաբերվել պետական վարչարարության արդյունավետության անվան տակ»․ Մհեր Կարագոզյան

65
Այսօր, 16:48
«Քաղաքացու իրավունքները չեն կարող զոհաբերվել պետական վարչարարության արդյունավետության անվան տակ»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարությունը հավանություն է տվել ծրագրի, որով նախատեսվում է ստեղծել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։ Պաշտոնական հիմնավորումը հեռախոսների ապօրինի շրջանառության, գողությունների և ստվերային տնտեսության դեմ պայքարն է։
Առաջին հայացքից նպատակը կարող է ընդունելի թվալ, սակայն ցանկացած նման նախաձեռնություն պետք է գնահատվի ոչ միայն դրա նպատակով, այլև այն հարցով, թե ինչ ազդեցություն է ունենալու մարդու հիմնարար իրավունքների վրա։
Եթե մեկ միասնական բազայում կապվում են քաղաքացու անձը, անձնագրային տվյալները, հեռախոսի IMEI կոդը և SIM քարտը, ապա պետությունը կամ այդ տվյալները մշակող կազմակերպությունը ստանում է քաղաքացիների մասին չափազանց մեծ ծավալի տեղեկատվություն։ Այդպիսի համակարգը, առանց խիստ իրավական երաշխիքների, կարող է վերածվել քաղաքացիների վերահսկողության գործիքի։
Այս դեպքում վտանգի տակ են հայտնվում մի շարք հիմնարար իրավունքներ.
1. Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, որպեսզի իր անձնական կյանքը չդառնա անհիմն պետական վերահսկողության առարկա։ Երբ պետությունը համակարգված ձևով հավաքում և կապում է անձի, նրա հեռախոսի և կապի միջոցների վերաբերյալ տվյալները, դա արդեն միջամտություն է անձնական կյանքին և պետք է լինի խիստ հիմնավորված, անհրաժեշտ և համաչափ։
2. Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը
Անձնական տվյալների հավաքագրումը պետք է սահմանափակվի միայն այն ծավալով, որն իսկապես անհրաժեշտ է։ Եթե նույն նպատակին հնարավոր է հասնել ավելի քիչ տվյալներ հավաքելով, ապա տվյալների զանգվածային կենտրոնացումը կարող է հակասել տվյալների նվազագույն մշակման սկզբունքին։
3. Մասնավոր հաղորդակցության գաղտնիության իրավունքը
Թեև IMEI շտեմարանը տեսականորեն չի նշանակում, որ պետությունը կկարդա հաղորդագրությունները կամ կլսի զանգերը, սակայն ստեղծում է տեխնիկական ենթակառուցվածք, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ նույնականացնել, թե որ սարքն է օգտագործում կոնկրետ անձը։ Սա բարձրացնում է ապօրինի կամ անհամաչափ վերահսկողության ռիսկերը։
4. Իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքը
Քաղաքացին պետք է հստակ իմանա՝
• ինչ տվյալներ են հավաքվում,
• ինչ նպատակով,
• որքան ժամանակ են պահպանվելու,
• ով է ունենալու դրանց հասանելիությունը,
• ինչպես է վերահսկվելու դրանց օգտագործումը,
• ինչպես կարող է պաշտպանել իր իրավունքները։
Եթե այս հարցերի պատասխանները հստակ չեն, առաջանում են իրավական լուրջ խնդիրներ։
5. Համաչափության սկզբունքը
Եթե պետությունը ցանկանում է պայքարել ստվերային տնտեսության կամ հեռախոսների գողության դեմ, նախ պետք է հիմնավորի, որ նման ծավալի տվյալների հավաքագրումն իսկապես անհրաժեշտ է, և նույն նպատակին հնարավոր չէ հասնել քաղաքացիների իրավունքներն ավելի քիչ սահմանափակող միջոցներով։
Հարցը հետևյալն է.
Ինչո՞ւ պետք է միլիոնավոր օրինապահ քաղաքացիների անձնական տվյալները հավաքագրվեն և կենտրոնացվեն մեկ համակարգում, որպեսզի լուծվեն այն խնդիրները, որոնց դեմ պայքարելը պետության և իրավապահ մարմինների պարտականությունն է։
Քաղաքացին չպետք է դառնա այն գինը, որով պետությունը փորձում է հեշտացնել իր աշխատանքը։
Ստվերային տնտեսության դեմ պայքարը, հանցագործությունների կանխումը և պետական վերահսկողության արդյունավետությունը կարևոր նպատակներ են։ Սակայն իրավական պետությունում այդ նպատակները չեն կարող իրականացվել քաղաքացիների անձնական կյանքի, անձնական տվյալների պաշտպանության և ազատությունների հաշվին»։

Աղբյուրը`   Մհեր Կարագոզյան