«Ադրբեջանն այսօր դասական քաղաքական մակաբույծի օրինակ է». Լիաննա Խաչատրյան
97
Այսօր, 20:36
Լրագրող Լիաննա Խաչատրյանը գրել է. «ՄԱԿԱԲՈՒՅԾՆԵՐԸ Մակաբուծությունը, եթե շատ պարզ ասենք, գոյատևման ռազմավարություն է։ Վերցնել արդեն գործող համակարգը, գտնել այդ համակարգի թույլ տեղերը, կպնել այդ թույլ տեղերին և առավելագույնը քաշել սեփական օգտի համար։ Կենդանի օրգանիզմների դեպքում ամեն ինչ հասկանալի է։ Ամեն կենդանի օրգանիզմ համակարգ է։ Մակաբույծը մտնում է այդ բարդ համակարգի մեջ, ճեղքում է նրա թույլ տեղերը և սկսում է այն ծառայեցնել իրեն։ Կարծում եմ՝ նույնը կարելի է ասել նաև սոցիալական և քաղաքական համակարգերի մասին։ Ցանկացած կարգուկանոն, նույնիսկ ամենալավը, երբեք իդեալական չէ։ Ցանկացած համակարգ ունի բացեր։ Եվ եթե մարդկանց մեծ մասը պահում է այդ համակարգը, միշտ էլ կգտնվեն մարդիկ կամ ուժեր, որոնք կփորձեն տեղավորվել նրա բացերի մեջ և ապրել նրա հաշվին։ Բերեմ պրիմիտիվ օրինակ։ Ենթադրենք՝ շենքի բնակիչների մեծ մասը գումար է հավաքում բակը կարգավորելու համար։ Մարդկանց մեծ մասը վճարում է, բակը կարգավորվում է։ Բայց կան մի քանի հոգի, որոնք չեն վճարում, բայց օգտվում են ուրիշի հաշվին սարքած բարիքներից։ Սա սոցիալական մակաբուծության պարզ օրինակ է։ Նույնը տեղի է ունենում նաև միջազգային համակարգում։ Ես հիշում եմ նման բանի մասին առաջին անգամ մտածեցի, երբ լսեցի, թե ինչպես են ահաբեկիչները զենք պահում դպրոցներում։ Սա մակաբուծություն է համակարգի բարոյական կոդի վրա։ Դու գիտես, որ հակառակորդդ, առնվազն տեսականորեն, կապված է որոշակի կանոններով։ Գիտես, որ քաղաքացիական զոհերը նրա համար ոչ միայն ռազմական, այլ նաև բարոյական և քաղաքական խնդիր են։ Եվ այդ դեպքում դու սկսում ես հենց այդ կանոնները օգտագործել նրա դեմ։ Եթե քեզ թիրախավորեն, երեխաների դիակները կօգտագործես՝ որպես քարոզչական գործիք։ Եթե չեն թիրախավորի, դու կշարունակես գործել՝ օգտվելով նրանից, որ մյուս կողմը կաշկանդված է կանոններով։ Մակաբուծություն իշխող բարոյաիրավական համակարգի վրա։ Այսօրվա միջազգային համակարգը կառուցված է որոշակի արժեքային լեզվի վրա։ Մարդու իրավունքներ, ժողովուրդների իրավունքներ, փոքրամասնությունների իրավունքներ, հակագաղութատիրական պայքար, էթնիկ զտումների և ցեղասպանությունների կանխարգելում, զոհերի պաշտպանության գաղափար։ Այս ամբողջ լեզուն առաջացել է ոչ պատահականորեն և ոչ վատ նպատակներով։ Համակարգը ստեղծվել է շատ ծանր պատմական փորձերից հետո և շատ դեպքերում իսկապես լավ պտուղներ է տվել։ Բայց ցանկացած լավ համակարգ ունի իր թույլ տեղերը։ Եվ կան երկրներ, քաղաքական ուժեր, շարժումներ, որոնք շատ լավ հասկացել են դա։ Նրանք ուսումնասիրել են, թե ինչպես է աշխատում միջազգային բարոյական լեզուն, ինչ բառերի վրա է արձագանքում աշխարհը, և հետո սկսում են մակաբուծել այդ լեզվի վրա։ Ադրբեջանն այսօր դասական քաղաքական մակաբույծի օրինակ է։ Նա վերցնում է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, էթնիկ զտումների, ցեղասպանության, տեղահանության լեզուն և փորձում է այն ծառայեցնել իր նպատակներին։ Նա շատ լավ ուսումնասիրել է, թե ինչպես է այդ համակարգը աշխատում։ Ուսումնասիրել է նաև հայերի փորձը։ Հասկացել է, թե ինչ բառեր են ազդում միջազգային լսարանի վրա, և հիմա փորձում է նույն բառապաշարը շրջել Հայաստանի դեմ։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Վաշինգթոնում պետք է տեղի ունենա միջազգային համաժողով՝ նվիրված «Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը»։ Նույն լուրում նշվում է, որ միջոցառման կազմակերպիչը Բաքվի նախաձեռնող խումբն է՝ 2023-ին Ադրբեջանի կողմից ստեղծված կառույցը, որը սկզբում հանդես էր գալիս իբրև «ֆրանսիական գաղութատիրության դեմ» պայքարող կառույց, հետո թիրախավորել էր նաև Հնդկաստանի իշխանություններին, իսկ հիմա իր հիմնական շեշտը դրել է Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների «էթնիկ զտման» թեմայի վրա։ Նորմալ մարդու մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի Ադրբեջանը Ֆրանսիայի գաղութատիրական անցյալի հետ։ Ինչու է Ռուսաստանի և Իրանի կայսերական անցյալի մաս եղած Ադրբեջանը հանկարծ որոշել է մտահոգվել ֆրանսիական գաղութատիրությամբ։ Բաքուն ստեղծել է արհեստական քաղաքական կառույց, որը ձևացնում է, թե պաշտպանում է համամարդկային արժեքներ, բայց իրականում սպասարկում է շատ կոնկրետ պետական քարոզչական նպատակ։ Նույն տրամաբանությունը մենք արդեն տեսել ենք այլ դեպքերում էլ։ Օրինակ «էկոակտիվիստների» պատմությունը Լաչինի միջանցքի շուրջ։ Ի՞նչ կապ ունեին այդ մարդիկ բնապահպանության հետ։ Իրականում բնապահպանական լեզուն օգտագործվում էր՝ որպես քաղաքական ճնշման գործիք։ Էկոլոգիան այստեղ արժեք չէր, այլ քողարկում։ Նույն կերպ այսօր «էթնիկ զտում» ձևակերպումն է օգտագործվում ոչ թե իրական արդարության որոնման, այլ Հայաստանի դեմ քարոզչական հարվածի համար։ Սա է քաղաքական մակաբուծության էությունը․ վերցնել համակարգի ամենազգայուն բարոյական կետերը և դրանք ծառայեցնել սեփական նպատակին։ Եթե աշխարհը արձագանքում է «գաղութատիրություն» բառին, դու քեզ ներկայացնում ես հակագաղութատիրական ուժ։ Եթե աշխարհը պաշտպանում է զոհին, դու փորձում ես ամեն գնով քեզ ներկայացնել զոհ, նույնիսկ եթե հենց դու ես եղել ագրեսորը։ Այս ամենից ես երկու հետևություն եմ անում։ Առաջինը՝ դու չես կարող լինել մակաբույծ որոշակի համակարգի վրա, եթե կիսում ես այդ համակարգի արժեքները։ Հետևաբար՝ դու կամ պիտի հակադրվես համակարգին, ինչպես իսլամիստները, կամ պիտի արժեզրկես համակարգը, ինչպես Ալիևը կամ Պուտինը իրենց հռետորաբանության մեջ։ Կոպիտ ասած՝ լավ ենք անում, անում ենք, դուք ձեզ տեսել եք՞: Դու պիտի այնպես անես, որ քո աչքերում քո գործերն արդարացվեն։ Հետևաբար՝ դիմացինին, այսինքն համակարգը, որի վրա պլանավորում ես մակաբուծություն անել, պիտի քո աչքին թվա որպես անարժեք բան, գուցե չարիք։ Երկրորդ հետևությունը՝ մակաբույծ լինելը ձեռնտու է միայն այն ժամանակ, երբ մակաբույծները քիչ են։ Եթե համակարգը հիմնականում առողջ է, իսկ մակաբույծները փոքր թիվ են կազմում, նրանք կարող են երկար ժամանակ օգտվել համակարգից։ Բայց երբ շատանում են, համակարգը սկսում է կորցնել իմունիտետը։ Այն այլևս չի կարողանում տարբերել իրական իրավապաշտպանությունը կեղծից, իրական զոհին՝ արհեստականորեն ստեղծված զոհի կերպարից, իրական հակագաղութատիրությունը՝ պետական քարոզչական օպերացիայից։ Եվ այդ պահին սկսվում է ամենավտանգավորը։ Համակարգի ներսում ապրող մարդիկ ու պետությունները սկսում են մտածել․ իսկ ինչո՞ւ մենք պետք է պահենք կանոնները, եթե ուրիշները այդ կանոնների վրա մակաբուծում են։ Ինչո՞ւ մենք պետք է լուրջ վերաբերվենք մարդու իրավունքների լեզվին, եթե այդ լեզուն օգտագործում են նրանք, ովքեր մարդու իրավունքները ոչնչացնում են։ Ինչո՞ւ մենք պետք է հավատանք միջազգային իրավունքի բառապաշարին, եթե այդ բառապաշարը դառնում է ագրեսորի գործիք։ Իմ կարծիքով արևմուտքում աջերի վերելքը հենց մակաբուծության այս համաճարակի արդյունք է նաև։ Եվ այսպես՝ մակաբույծները ոչ միայն օգտվում են համակարգից, այլ նաև քայքայում են այն։ Ի դեպ իմ կարծիքով առաջին վառ միջազգային մակաբույծը Իսրայելն էր, երբ սկսեց ինչ-որ պահի ամեն առարկում հակասիմիտիզմ կոչել և ամեն սեփական քայլ արդարացնել՝ խաղալով Հոլոքոստից հետո արևմուտքում մնացած հույզերի վրա։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ համակարգը շրջվում նրա իսկ դեմ։ Որովհետև պարզվեց Պաղեստինում, և այլ վայրերում իրենցից ավելի պրոֆեսիոնալ մակաբույծներ կան (դպրոցների պատմությունը տեղից հիշեցի), պարզվեց, որ մարդիկ իրարից լավ էլ սովորում են, իսկ հակասեմիտիզմին կարելի է հակադրել իսլամաֆոբիան...և այսպես շարունակ... Խժռել սիստեմը, մինչև նրանից այլևս ոչինչ չի մնա: #քաղ_հոգեբանություն Նկարում՝ Լաչինը շրջափակած «էկոակտիվիստը» թափահատում է խաղաղության աղավնու դիակը»: