Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ Իրանի նախագահն ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր ուղերձում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ նոր շրջանում ևս վերջին տարիներին երկու երկրների միջև ձևավորված դինամիկ և փոխադարձաբար գոհացուցիչ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ՝ ավելի լայն ու կառուցողական համագործակցության շնորհիվ։ Այդ գործընթացը, ըստ նրա, կնպաստի ինչպես երկու երկրների շահերի ապահովմանը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով։ «Պարոն Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Ցանկանում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանի ժողովրդի կողմից Ձեր կառավարության նկատմամբ վերահաստատված վստահությունը վկայում է նրանց ցանկության և ձգտման մասին՝ շարունակելու խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը։ Վստահ եմ, որ Ձեր վարչապետության նոր շրջանում վերջին տարիներին մեր երկու երկրների հարաբերություններում ձևավորված դրական և դինամիկ ընթացքը ավելի կզարգանա և կամրապնդվի՝ երկկողմ առավել լայն ու կառուցողական համագործակցության շնորհիվ։ Այդ գործընթացը կնպաստի մի կողմից երկու երկրների ազգային շահերի ապահովմանը, իսկ մյուս կողմից՝ մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների փոխգործակցության և համագործակցության միջոցով։ Մաղթում եմ Ձեզ, Ձեր կառավարությանը և Հայաստանի բարեկամ ու հարևան ժողովրդին խաղաղություն, բարօրություն, երջանկություն և հաջողություններ։ Մասուդ Փեզեշքիան Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ»,-նշվում է ուղերձում։