«Պատմական հիշողությունը պահպանելն ազգային պարտավորություն է»․ Մհեր Մելքոնյան
48
Այսօր, 00:24
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայիսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայ հասարակությունը դեմ է Արթիկ քաղաքում Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հուշահամալիրն ապամոնտաժելու ծրագրերին, սակայն Հայաստանի ղեկավարությունը չի արձագանքում այդ «օգնության աղաղակներին»։ Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել զուտ տեղական ինքնակառավարման որոշման շրջանակներից և դարձել է հանրային ու քաղաքական լուրջ քննարկման առարկա։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմը մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմներից մեկն էր, որտեղ իրենց կյանքը զոհաբերեցին նաև հարյուր հազարավոր հայորդիներ։ Տասնյակ հազարավոր հայ զինվորներ չվերադարձան ռազմի դաշտերից, հազարավոր ընտանիքներ կրեցին անդառնալի կորուստներ, իսկ մեր ժողովուրդը իր արժանի ներդրումն ունեցավ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Այդ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանները պարզապես ճարտարապետական կառույցներ չեն։ Դրանք պատմության կենդանի վկայություններ են, ազգային հիշողության հենասյուներ և սերունդներին փոխանցվող արժեքների կրողներ։ Այս բարդ և լարված աշխարհաքաղաքական իրավիճակում հուսով եմ, որ թե՛ Արթիկ համայնքի ղեկավարությունը, թե՛ մարզային պատասխանատուները լիարժեք գիտակցում են պահի լրջությունը։ Ցանկացած չմտածված քայլ կարող է ունենալ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական հետևանքներ։ Երբ տարածաշրջանը կանգնած է անվտանգության նոր մարտահրավերների առաջ, անթույլատրելի է ստեղծել լրացուցիչ լարվածության օջախներ և վնասել այն հարաբերություններին, որոնք տասնամյակներ շարունակ կարևոր դեր են ունեցել Հայաստանի անվտանգության և զարգացման գործում։ Նորից ու նորից եմ կրկնում՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը պետք է մնա իր պատմական տեղում, պահպանվի և բարեկարգվի։ Պետության և համայնքի պարտականությունը ոչ թե հիշողությունը տեղափոխելն է, այլ այն պահպանելն ու արժևորելը: Ոչ ոք բարոյական իրավունք չունի փորձելու ջնջել մեր ժողովրդի անցած հերոսական ուղին, վերաշարադրել պատմությունը կամ նոր հարվածի տակ դնել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները։ Պատմական հիշողությունը քաղաքական շահարկման առարկա չէ։ Այն ազգային արժանապատվության և պետական մտածողության կարևորագույն բաղադրիչներից է։ Իսկ եթե համայնքի ղեկավարությունն իսկապես մտահոգված է Արթիկի բարեկարգման և ժամանակակից հանրային միջավայրերի ստեղծման հարցով, ապա դրա համար կան բազմաթիվ այլընտրանքային լուծումներ։ Օրինակ՝ շատրվանը կարելի է տեղադրել Բարեկամության այգում, որտեղ հնարավոր կլինի ձևավորել իսկապես գեղեցիկ, հարմարավետ և ժամանակակից ժամանցային գոտի Արթիկ համայնքի բնակիչների և հյուրերի համար՝ առանց ոտնահարելու պատմական հիշողությունը: 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը պետք է շարունակի մնալ ազգային հիշողության ու պատմական արժանապատվության կենդանի խորհրդանիշ։