Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 31 մայիսի, 2026 թ.

«Ստեղծագործողը պետք է պաշտպանի հողն ու եկեղեցին»․ Հովհաննես Իշխանյան

69
Այսօր, 01:06
«Ստեղծագործողը պետք է պաշտպանի հողն ու եկեղեցին»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մտավորական» բառը հեչ էական չի, էական է էությունը
Սիրելի՛ մշակութային գործիչներ,
Քանի որ ստեղծագործելու գործիքները կապված են շրջակա միջավայրի տարրերի հետ՝ լեզու, հող (տարածք), քար, ձայն, տեղի պատկերներ ու գույներ, նիստուկաց, պայքար, մարդ և այլն, իսկ ժամանակը մի ստեղծագործողի աշխատանքը փոխանցում է մյուսին՝ այդ տարրերին ավելացնելով նաև ժամանակի շերտը, ապա ստեղծագործողի համար կարևոր է պաշտպանել այն ինստիտուտները, որոնք ապահովում են այդ փոխանցելիությունը։
Այդպիսի ինստիտուտներից մեկն է եկեղեցին, որը դարերի ընթացքում պահպանել ու փոխանցել է ստեղծագործողների գործերը, հիշողությունն ու մշակութային ժառանգությունը։ Հետևաբար ստեղծագործողը պետք է պաշտպանի եկեղեցին՝ որպես ժամանակի միջով անցնող ստեղծագործությունների և ստեղծագործողների պահպանման կարևոր հանգույց։
Մյուսը հողն է։ Ստեղծագործողը պետք է պաշտպանի հողը, որովհետև հողից զրկվելով՝ նա զրկվում է նաև իր ստեղծագործական միջավայրից։
Բերեմ մի օրինակ։ Նկարիչ Աշոտ Ավագյանը բարձրանում էր Ուխտասար և այնտեղի ժայռապատկերներից ստանում իր ստեղծագործությունների թեմաները, ապա վերադառնում արվեստանոց ու դրանք արտացոլում կտավների վրա։
Բերձորի և Աղավնոյի հանձնման արդյունքում Ադրբեջանը ստացավ ավելի նպաստավոր դիրքեր, հարձակվեց և գրավեց նաև Ուխտասարի տարածքը՝ ժայռապատկերներով հանդերձ։
Արդյունքում ստեղծագործողը զրկվեց իր ստեղծագործական միջավայրի կարևոր մասից։ Պարզ է, որ Ավագյանը թե՛ նախկինում, թե՛ հիմա պետք է պայքարի իր շրջակա հողի համար։ Եվ լավ է, երբ մյուս ստեղծագործողներն էլ համերաշխ են այդ պայքարում, քանի որ այդպես այն դառնում է ավելի արդյունավետ։
Երբ ստեղծագործողը ներգրավված է այս գործընթացում, մեր հետխորհրդային հասարակությունում ընդունված է նրան կոչել «մտավորական»։
Բառն ինքնին էական չէ։ Էականն այն է, որ ստեղծագործողը չհանդուրժի, օրինակ, Արցախի մասին գիրք նվիրելու համար Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ապօրինի հեռացումը։
Այս ամենի օրինակներից են ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն, որը «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպով մեծ դեր ունեցավ տաճարի պահպանության գործում, ինչպես նաև մեկ այլ ֆրանսիացի գրող՝ Էմիլ Զոլան, որը «Ես մեղադրում եմ» հոդվածով պայքարեց Դրեյֆուսի արդարացման համար և օգնեց բացահայտել նրա նկատմամբ կատարված անարդարությունը։
Կարելի է հիշել նաև ֆրանսահայ բանաստեղծ, ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանին, որի աճյունը վերահուղարկավորվեց Փարիզի Պանթեոնում։ Սակայն նրա հիշատակի առջև խոնարհվել է նաև այն մարդը, որը ցեղասպանության պատասխանատվությունը վերագրում է ոչ թե Թուրքիային, այլ Մանուշյանին ու նրա ընտանիքին»։