«Քաղաքական ուժերը, բացի երկուսից, որպես ծրագիր և գաղափարախոսություն, հանդես են գալիս լափով». Հայկ Մարտիրոսյան
76
Այսօր, 09:24
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքական բոլոր, անխտիր բոլոր ուժերը, բացի երկուսից, որպես ծրագիր և ամենակարևորը՝ գաղափարախոսություն, առաջարկում են և հանդես են գալիս լափով: Միայն լափով: Լափ ասելով՝ նկատի ունենք ստամոքսը: Ստամոքս ասելով՝ նկատի ունենք աշխատատեղ, թոշակ, լավագույն դեպքում նոր գնվելիք զենք, հարկերի նվազում, գյուղմթերքի մթերում և այլն: Ուժեր կան, որ անգամ դա չեն առաջարկում: Ոչինչ չեն առաջարկում: Միլիարդերորդ անգամ առաջարկում են երկրում բոլորին սիրելի մի բան՝ լավի հույս: Ու վաճառում են այդ հույսը: Այն էլ՝ անվճար: Այսինքն՝ ամենապահանջված գաղափարը լափն է: Կա´մ էլ հենց գաղափարի բացակայությունը: Երկու գաղափարականներից մեկը ԱԺԲ-ն է, որ գաղափարական հենք է առաջ բերում, ընդ որում՝ որակյալ հենք, բայց նաև զուգահեռաբար աղետալի ու հաճախ անթույլատրելի սխալներով ու նաև՝ խիստ կասկածելի որոշմամբ՝ մասնակցել այս ի վերուստ որոշված ընտրություններին վարկաբեկում է իր հենարան գաղափարը: Գաղափարականության առաջնային հենքերից մեկը արտաքին քաղաքականությունն է: ԱԺԲ-ն Արևմուտք է առաջարկում Հայաստանին: Երկրորդը ՔՊ-ն է, որ ամենաուժեղ գաղափարական հենքով է հանդես գալիս՝ այն է՝ Անգաղափարականության ու հայրենադավության գաղափարով: Ու ամենապոպուլյարը հենց ՔՊ-ի գաղափարն է: ՔՊ-ն թիրախավորել է ու առաջարկում է հանրույթի գաղափարական իղձերն ու երազանքները, համապատասխանում է հանրույթին ու դուրս է եկել նրա ծոցից ու անմրցելի է անգամ 300.000 աշխատատեղ առաջարկողների համար, նամանավանդ, որ թոշակներ է բարձրացնում, ասֆալտ փռում և լափառաջարկման բացառիկ ու համաշխարհային չեմպիոն է: ՔՊ-ն նաև գտել է արտաքին քաղաքական լավագույն լուծումը՝ գնալ նրա մոտ, ում նպատակն է այս երկրի ոչնչացումը: Որովհետև եթե ինքնակամ ես ոչնչանում, ապա այդ ոչնչացումը բռնի չէ, կամավոր է: Ու առաջարկվում է Թուրքիան: Բնականաբար՝ առաջնային ուղղությամբ՝ Ադրբեջան: Եվ ամենակարևորը, որ Թուրէիան և Ադրբեջանը վաճառվում են հանրույթին որպես Արևմուտք: Իսկ Ռուսաստան-Թուրէիա գործարքը հաջողելու համար ՔՊ-ն ներկայանում է որպես խիստ հակառուսական, խիստ արևմտամետ ու բացահայտորեն պրոադրբեջանական: Դրա համար էլ հենց ՔՊ-ն է ամենաարդար կերպով հաղթելու այս ընտրություններում: Եվ նրանցից բացի ով էլ որ անցնի՝ գնալու է ԱԺ կա´մ ՔՊ-ին սպասարկելու, կա´մ էլ նրա մոտ ընդդիմություն աշխատելու: Եվ սա լինելու է Հայաստանի այս տեսքով վերջին ընտրությունը: Օրհնվի´ այս ընտրությունը, որ վերջապես պատմական առումով ամեն բան իր տեղն է դնելու»: