«Ինչու են «ներշնչվել» Պուտինն ու Ալիևը»․ Արմեն Պետրոսյան
76
Այսօր, 12:42
Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչու և ինչպես են «ներշնչվել» պարոնայք Պուտինն ու Ալիևը. Անցած օրերին Հայաստանի հետ հարաբերություններին են անդրադարձել Երևանի համար կարևոր երկու դերակատարների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները։ Ընդ որում, երկու պաշտոնյաների խոսույթների տրամաբանությունն էլ նունն է՝ որոշակիորեն «ոգեշնչված» Հայաստանում մայիսի սկզբին տեղի ունեցած միջազգային կարևոր իրադարձությունների նկատմամբ «աններդաշնակ» վերաբերմունքից։ ՀՀ-ԵՄ հարաբերություններին անդրադարձի համատեքստումում Վլադիմիր Պուտինի խոսքում հայ ժողովրդի շահերի կարևորման շեշտադրումը հերթական անգամ ընդգծում է Ռուսաստանի քայլերի սահմանափակ լինելու հանգամանքը Հայաստանի արտաքին մանևրի հնարավորությունները կաշկանդելու հարցում. ասել է, թե՝ Ռուսաստանը չի անի քայլեր, որոնք կարող են վնասել հայ ժողովրդին։ Հետևաբար, ինչպես տվյալ, այնպես էլ կարճաժամկետ հեռանկարում՝ մինչև հայաստանյան ընտրական գործընթացի ավարտը, նաև Արևմուտքի հետ համագործակցության մասով Հայաստանին հղվելիք ռուսաստանյան ուղերձներն առավելապես տեղավորվելու են ընտրական գործընթացի վրա ազդելու Մոսկվայի քաղաքական ուղեգծի տրամաբանության մեջ։ Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում էլ որևէ կերպ Մոսկվայի շահերից չի բխում Հայաստանի հետ հարաբերությունների վատթարացումը. ամբողջովին նույն մոտեցումը հանգուցային է նաև Երևանի համար։ Իլհամ Ալիևի դեպքում դրսևորվում է կանխատեսելի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ ռազմական հաջողությունները ներքաղաքական խոսույթում կիրառելու ուղեգիծի շարունակականությունը։ Վստահաբար, տարածաշրջանում մշտապես առաջինը լինելու մրցակցային մոլուցքը, ներքաղաքական օբյեկտիվ իրողությունները Բաքվի վարչակարգի հռետորաբանության շրջանակում են պահպանելու վերոնշյալ խոսույթը։ Միևնույն ժամանակ, հայաստանյան իրադարձություններից ազդվածության ակնհայտ ցուցիչ է նաև Ադրբեջանի առաջնորդի խիստ չափազանեցված հետևյալ հայտարարությունը. «Մենք Հայաստանը ոչնչացնելու մտադրություն չունեինք, Հայաստանի անկախությունն իր ձեռքից խլելու մտադրություն չունեինք»։ Վերոնշյալի համատեքստում կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանն այն դերակատարը չէ, որը կարող է որևէ միջազգայնորեն ճանաչված պետության «անկախությունից զրկել». դա բացառապես ներքին սպառման խոսույթ է։ Այս դեպքում, Ադրբեջանում մինչ օրս առկա՝ անկախության կորստի մտավախությունը/հնարավորությունը փորձ է արվում ներկա աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում առնվազն քարոզչական և վերլուծական դիսկուրսում պահպանել, չնայած որ Ադրբեջանում անկախության կորուստն ընկալվում է հստակ թիրախային այլ ներքին իրողության համատեքստում։ Այո, Հարավային Կովկասի հարևանությամբ կան մեծ պետություններ, որոնք պատմականորեն խոչընդոտել են տարածաշրջանում անկախ պետականությունների հետ կապված գործընթացներին, բայց դա ոչ ներկա գլոբալ իրողությունների պայմաններում, և, իհարկե, կրկին՝ ոչ տարածաշրջանի ներքին ռեսուրսով»։