Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ էր Ղարաբաղյան շարժումը: Այն իրականում սկսվել էր ոչ թե 1988 ին, այլ շատ ավելի վաղ, 60-ականներին, երբ պաշտոնապես ոգեկոչվեց եղեռնի 50- ամյակը, արթնացավ երկար տարիներ թաքնված և խեղդված ազգային արժանապատվությունը: 60-ականներին Պարույր Սևակը, հայրս՝ Սարգիս Մուրադյանը, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը և ուրիշ մտավորականներ ստորագրություններ էին հավաքում Արցախի գյուղերում և Հայաստանում, նակմակներ ուղարկում Մոսկվա, Հայաստանի կենտկոմ՝ հիմնավորելով և նկարագրելով ստալինի և լենինի հակահայ հանցանքները: 1988 ին, երբ ազերական հակահայ այլանդակություններից համբերության բաժակը վաղուց լցվել էր, օգտվելով գորբաչովյան պերեստրոյկայից, աչքի առաջ ունենալով Նախիջևանի հայաթափումը,Արցախի կառավարման օրգանները և ժողովուրդը, սովետի բոլոր օրինական ճանապարհներից օգտվելով, որոշեցին դիմել Հայաստանին միանալու համար: Պահպանվել էին օրենքների բոլոր կետերը, ոչ մի բանում չեն վրիպել: Հայաստանի և սփյուռքի ժողովրդի մեծ մասը, երևի 95%-ը, նույն վիրավորանքն էին զգում հոգու խորքում՝ խաբված, թալանված: Ժողովուրդը և Արցախում և Հայաստանում ոտքի ելավ, հարյուրհազարավորներ խաղաղ ցույցերով պահանջում էին արդարություն (ես էլ ընտանիքիս հետ այնտեղ էի): Ադրբեջանը մեր խաղաղ պահանջին պատասխանեց Սումգայիթի կոտորածով, Շահումյանի և Գետաշենի կոտորածներով և էթնիկ զտումներով, հետո Բաքվի 300000 հայերի ջարդերով և իրենց տներից վտարելով: Արցախցին ստիպված էր պաշտպանվել: Հայաստանից հազարավոր կամավորներ գնացին՝ պաշտպանելու արդարության պահանջը. և հաղթեցին՝ ազատագրելով Արցախը և շրջակա՝ նույնպես հայկական 7 շրջանները: Սա էր Արցախյան շարժման կարճ պատումը, որը այսօր փորձում են ձեզ խաբելով ոչնչացնել, նսեմացնել, պարտակել ամենակեղտոտ ձևերով: Արցախյան շարժումը հայ ժողովրդի դարերով կուտակված արդարության համար կռիվն էր: Ռևանշ լինելու է, հիշեք»: