Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 09 մայիսի, 2026 թ.

«Փաշինյանն ու իր թիմը, Արցախը կործանելուց հետո, աշխատում են ՀՀ ժողովրդի ստրկացման և ադրբեջանացման հեռանկարի համար»․ Լևոն Զուրաբյան

70
Այսօր, 10:18
«Փաշինյանն ու իր թիմը, Արցախը կործանելուց հետո, աշխատում են ՀՀ ժողովրդի ստրկացման և ադրբեջանացման հեռանկարի համար»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ուղերձը․ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեր Մեծ Հաղթանակների օրվա կապակցությամբ և փառաբանում մեզ դրանք պարգևած Մեծ Հերոսներին:
Մեր անկախ պետությունը ստեղծվեց հաղթանակներով: Մեր անկախացումը և 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող ցեղասպանությունից և վտարումից փրկությունը շաղկապված գործընթացներ էին, որոնց գլխավոր խորհուրդը հայ ժողովրդի երկու հատվածների ազատությունն էր և սեփական ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրավունքն և ձգտումը:
Այսօր, ցավոք Արցախն ընկած է այն բանից հետո, երբ ենթարկվեց ցեղասպանության և վտարման: Այն մարդիկ, ովքեր իրենց բախտախնդիր և ոճրագործ քաղաքականությամբ մեր հայ ժողովրդին ներքաշեցին 2020-2023 թվականների կործանարար պատերազմների մեջ, մարդիկ, ովքեր դարձան հայ ժողովրդի պարտությունների և նվաստացման խորհրդանիշը, այսօր փորձում են ծածկել իրենց հանցավոր անկարողությունը, ողորմելիությունը և դավաճանությունը, վարկաբեկելով մեր փառապանծ Հաղթանակները, ներկայացնելով դրանք որպես «թակարդ», իսկ պարտության ահավոր հետևանքները որպես մեր պետությունը «թակարդից հանելու» բարեբախտություն:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, Արցախը կործանելուց հետո, հիմա էլ ջանասիրաբար աշխատում են Հայաստանի ժողովրդի ստրկացման և ադրբեջանացման հեռանկարի համար: Նրանց համար Հաղթանակը ոչ թե սրբություն է, այլ «թակարդ», իսկ պարտությունը՝ «ազատագրում կապանքներից»:
Հայ ժողովրդի պատվի և կյանքի հարց է ազատվել նման ճղճիմ «գաղափարներ» կրող ղեկավարներից և գոնե Հայաստանի Հանրապետությունը փրկել ինքնիշխանության և ազատության կորստից:
Մենք տոնում ենք Հաղթանակը և հաստատում ինքնիշխան ազատության մեր կամքը»։

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան