Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ.

Ամուլսարում պայթեցումներ իրականացնող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 3․7 մլրդ դրամ

77
Այսօր, 12:48
Ամուլսարում պայթեցումներ իրականացնող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 3․7 մլրդ դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Մոտա-Էնջիլ Մայնինգ Կովկաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

«Այս ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը իրականացվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքված արդյունահանման ծառայությունների պայմանագրի շրջանակներում, որը վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը։ Ըստ պայմանագրի՝ «Մոտա-Էնջիլ Մայնինգ Կովկաս» ՍՊ ընկերությունը հանդիսանում է այնպիսի արդյունաբերական աշխատանքների հիմնական կատարող, ինչպիսիք են պայթեցման աշխատանքները, արդյունահանումը, թափոնների և հանքաքարի հեռացումն ու տեղափոխումը։

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Ամուլսարի ոսկու հանքավայրում։ Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 81․4 մլրդ դրամի կապիտալ ներդրում սարքավուոմների ձեռքբերման համար (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը)։

Ներկայումս առկա է 250 աշխատատեղ՝ 1․1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 475-ի՝ 1․1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 72․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․7 մլրդ դրամ»- նշված է հիմնավորման մեջ։