Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ.

Կառավարությունը վավերացրեց «Խաղաղության խորհրդի կանոնադրություն»-ը , ուղարկեց ԱԺ և ՍԴ

60
Այսօր, 12:00
Կառավարությունը վավերացրեց «Խաղաղության խորհրդի կանոնադրություն»-ը , ուղարկեց ԱԺ և ՍԴ

Կառավարությունն այսօրվա նիստում վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։

Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպա­տակով կառավարությունը կդիմի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:

«Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման այդ գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը և տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն և Կանոնադրությամբ սահմանված կարգով:

Խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար»,- ասվում է նախագծում։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի Կանոնադրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Միաժամանակ հայտնել է, որ Կանոնադրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Կանոնադրությունը ենթակա կլինի վավերացման նաև ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից»,- նշված է նախագծում։