Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 25 ապրիլի, 2026 թ.

Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»

99
Այսօր, 09:18
Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընտրություններին ընդառաջ, իշխանությունը գրեթե տասն օրը մեկ պարբերականությամբ ներքին հարցումներ է անցկացնում և փորձում պարզել ու գնահատել իրենց շանսերը, ըստ այդմ՝ վերլուծություններ ու հետևություններ անել, թե ինչպիսին է իրավիճակը։
Մեզ ասացին, որ վերջին հարցումների տվյալներն էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար, չնայած իշխող ուժը, այնուամենայնիվ, առաջատարն է և կաշվից դուրս է գալիս ռեյտինգը բարձրացնելու համար: Ըստ մեր աղբյուրի, ընդդիմադիր երեք-չորս ուժ համատեղ բավական էական տարբերությամբ գերազանցում են ՔՊ-ին։

Համենայնդեպս, այս պահի դրությամբ՝ ՔՊ-ն 30 տոկոս ցուցանիշի սահմաններում է, բայց իշխանական խմբակը հույս ունի, որ շեմը չհաղթահարած կուսակցություններն այնքան շատ ձայներ կփոշիացնեն, որ իրենք 50+1 կհավաքեն։

Ի դեպ, իշխանության վարկանիշը բարձրացնելու նկատառումով հնարավոր է առաջիկայում կրկին քրեական գործերի տեղատարափի ականատես լինենք, հատկապես նախկինների և նրանց «ապօրինի» հարստացման թեմաներով։ Չնայած այդ քրեական գործերն այլևս հանրային գիտակցության վրա չեն ազդում»։