Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ.

Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»

63
Այսօր, 09:12
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, հատկապես՝ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիությունը, լուրջ կասկածների տակ է դրվում։ Պաշտոնական վիճակագրությունը ուսումնասիրելիս Պարզեցինք, որ նախաքննական մարմինները տարեցտարի դատարաններ են ներկայացնում արդեն հազարավոր միջնորդություններ՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում կատարելու թույլտվություն ստանալու համար, և դատարանների զգալի մասը դրանք բավարարում է։ Սա նշանակում է, որ քաղաքացիների անձնական SMS-ների և հաղորդակցության գաղտնիությունը գործնականում բացարձակապես ապահովված չէ։ Ներկայացնում ենք պաշտոնական վիճակագրական տվյալները, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինների՝ դատարաններ ներկայացված միջնորդություններին՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում իրականացնելու վերաբերյալ։ Այսպես՝ 2023 թվականին նախաքննական մարմինները դատարան են ներկայացրել 666 միջնորդություն, որոնցից 361-ը բավարարվել է։ Այսինքն՝ դատարանները բավարարել են ներկայացված միջնորդությունների կեսից ավելին։ 2024 թվականին թիվը մեծացել է․ դատարաններ է ներկայացվել 647 միջնորդություն, որոնցից 383-ն է բավարարվել։

Առավել մտահոգիչ է 2025 թվականի պատկերը։ Պարզեցինք, որ միայն նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինները դատարաններ են ներկայացրել արդեն 6662 միջնորդություն, որոնցից 4571-ը բավարարվել է։ Այս թվերը ոչ միայն բազմակի գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները, այլև փաստում են, որ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիության ոլորտում միջամտությունների ծավալը կտրուկ աճել է։

Եթե 2023 և 2024 թվականներին խոսքը հարյուրավոր գաղտնալսված և բացահայտված դեպքերի մասին էր, ապա 2025 թվականին արդեն արձանագրվել են հազարավոր միջամտության փորձեր, որոնց ճնշող մեծամասնությունը ստացել է նաև դատարանի համաձայնությունը։ Սա նշանակում է, որ քաղաքացիների անձնական հաղորդակցությունը, ներառյալ՝ SMS-ները, ցանկացած պահի կարող է հայտնվել իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում՝ օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում»։