Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ.

Կառավարությունը գյուղացուն կսուբսիդավորի պարարտանյութը գնելու հարցում

65
Այսօր, 10:54
Կառավարությունը գյուղացուն կսուբսիդավորի պարարտանյութը գնելու հարցում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18–ի նիստում որոշում կայացրեց, որով 2026–ի համար շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսություններին՝ սուբսիդավորելով թանկացած պարարտանյութը։

Նշվում է, որ սեզոնին ազոտական պարարտանյութը վաճառվել է 6500–8000 դրամով, սակայն ապրիլի 1–ին տասնօրյակում գինը բարձրացել է շուրջ 3000 դրամով:

Հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի շուկայում նկատվող պարարտանյութերի պահանջարկի և գնաճի միտումները հիմնականում պայմանավորված են Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող գործողություններով։ Արդյունքում պարարտանյութերի ներմուծման ծավալները կրճատվել են, որը կարող է հանգեցնել գների աճի։ Գնաճի նման պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությունը դառնում է ոչ եկամտաբեր և ոչ արդյունավետ գործունեություն»։

Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքի համար։ Մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գինը կսուբսիդավորվի 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով 3000 դրամը։

Ծրագրի շահառուները պարարտանյութերը ձեռք կբերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը։